Կիրակի օրը, իհարկե, թեժ ստացվեց: Վաղ առավոտից մինչև ուշ գիշեր ամբողջ հանրությունը հետևում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ընթացող իրադարձություններին:
Մի օրվա մեջ հնարավոր և անհնար ինչ ասես, որ չտեսանք: Բարձրախոսով Ծառուկյան, «Մենք բոլորս Ծառուկյան» ենք վանկարկումներ, այնպիսի մարդկանց դատապարտող հայտարարություններ, որոնք ընդամենը մի քանի տարի առաջ նույն Ծառուկյանի հասցեին ամենավերջին հայհոյանքներն էին տալիս՝ Սերժ Սարգսյանի օրհնությամբ, կին պատգամավորներ, որոնք փողոց են փակում: Մի խոսքով, շատ չերկարացնենք, բոլորս էլ տեսանք, լսեցինք:
Մեծ հաշվով, այս ամենը սպասելի էր: Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ուժային կառույցների ղեկավարներին փոխեց, ենթադրվում էր, որ իշխանությունները հակահեղափոխականների դեմ պայքարում անցնելու են ավելի կոշտ գործողությունների, որտեղ հիմնական ջութակի դերը կատարելու է ԱԱԾ-ն՝ իր առեղծվածային ղեկավարով:
Առաջին հարվածն ուղղվեց ընդդեմ Գագիկ Ծառուկյանի:
Մենք նախորդ օրերին նշել էինք, և հիմա դրանում հերթական անգամ համոզվեցինք, որ Գագիկ Ծառուկյանին ստիպել են մտնել այս խաղի մեջ: Ոչ թե խորհուրդ են տվել, ոչ թե՝ համոզել, այլ հենց ստիպել: Մի անգամ՝ 2015 թվականին, նա արդեն առճակատման գնաց իշխանությունների հետ, և Սերժ Սարգսյանից ընդամենը մեկ օր պահանջվեց, որպեսզի ԲՀԿ ղեկավարի քաղաքական պոռթկումը մարի: Այն աստիճան, որ Ծառուկյանը հայտարարեց քաղաքակությունից դուրս գալու մասին: Մի օրվա մեջ ԱԱԾ-ն, 6-րդ վարչությունը, հարկայինը մտան Ծառուկյանի և նրա կողմնակիցների օբյեկտներ, մի երկու հոգու ասֆալտին փռեցին, մի երկու հոգու բերման ենթարկեցին և վերջ: Կինոն պրծավ:
Այդ նախադեպն իր մտքում ունենալով՝ Գագիկ Ծառուկյանը չէր գնա նման բացահայտ առճակատման: Միգուցե նա ֆեոդալ է, միգուցե չունի բավարար կրթական ցենզ, հասկացանք, քրեական անցյալ, ենթամշակույթ, բայց նա առաջին հերթին գործարար է: Ի՞նչ իմաստ ունի գործարարին մտնել նման վտանգավոր խաղի մեջ, որի արդյունքները անկախատեսելի են: Ինչո՞ւ վտանգել բիզնեսը, ունեցվածքը, որոշակի ազդեցությունը, որը նա ունի տնտեսական դաշտում:
Ուզում ենք ասել, Ծառուկյանն այդքան հիմար չէ, հաստատ այդ ամենը հասկանում է: Դրա համար ենք շեշտում, որ նա իր կամքին հակառակ է մտել իշխանությունների դեմ պայքարի գործընթացի մեջ: Ի վերջո, կարող էր, չէ՞, ինքն էլ Սամվել Ալեքսանյանի նման իշխանությունների հետ համաձայնության գալ, մի երկու բան տար-առներ, իր բիզնեսների համար արտոնություններ ստանար, օլիմպիական կոմիտեն էլ կդնեին տակը, կասեին՝ գնա քո համար ապրի, բարգավաճի, ոտդ-ոտիդ գցի, կեր-խմի, քեֆ արա: Ոնց որ Սամվել Ալեքսանյանն է անում: Նշանակում է՝ Ծառուկյանը կախում ունի այլ ուժերից և միայն իր կամքը քիչ է քաղաքականությունից հեռու մնալու համար:
Ընդ որում, այն ուժերը, որոնք Ծառուկյանին ներքաշել են իրենց խաղերի մեջ, ընդհանրապես թքած ունեն, թե նրա հետ ինչ կլինի: Իհարկե, հրապարակավ նրանք դատապարտելու են, գեղեցիկ հայտարարություններ են անելու, դիմելու են միջազգային հանրությանը, ՄԱԿ-ին, Հռոմի պապին ու ԱՄՆ-ի դեսպանատանը, բայց իրականում Գագիկ Ծառուկյանն իրենց համար շատ հարմար ֆիգուր է զոհաբերելու համար: Ծառուկյանը քաղաքական գործիչ չէ, գործարար է, փող ունի: Հակահեղափոխության գործընթացին միացած ուժերին այդ փողերն են հետաքրքրում:
Հնարավորինս շատ կթել: Բանաձևը հետևյալն է. «Մեզ պետք են Ծառուկյանի փողերը՝ առանց Ծառուկյանի»: Որովհետև այդպես չի լինում. դու դատապարտում ես Ծառուկյանի հանդեպ այն գործողությունները, որոնք ժամանակին ինքդ ես արել ու շատ ավելի բիրտ մեթոդներով:
Սա, իմիջիայլոց, նաև ԲՀԿ պատգամավորների, Ծառուկյանի համար իբր դոշ տվողների դեպքում էլ է նույնը: Ամեն մեկը Ծառուկյանին «երակ» է մտել, իր փայն է ուտում: Էդ «Մենք բոլորս Ծառուկյան» ենք վանկարկողների մի մասը ամեն տարի իր ծննդյան օրը, հարսանիքին, Նոր Տարուն, հնարովի առիթներով Ծառուկյանից ոսկե շղթա, ծրարով փող, թանկարժեք իրեր է ստանում: Բա կվանկարկեն, բա ի՞նչ կանեն:
Մի ուրիշ բան ասենք. ով էլ գա իշխանության, Ծառուկյանի հետ նույն կերպ է վարվելու: Ավելի դաժան ձևով: Նախ, որովհետև ոչ մի իշխանություն չի հանդուրժելու այդ կարգի օլիգարխ, երկրորդը՝ ախր կուլակաթափ անելու, թամաշաներ սարքելու համար շատ հարմար թեկնածու է: Նրան չեզոքացնելու ցանկացած քայլ միշտ բարձրացնելու է իշխանությունների վարկանիշը, կամ գոնե՝ ազդեցությունը:
Որքա՞ն մարդ կար ԱԱԾ-ի շենքի առջև: Ինչքա՞ն կողմնակից ունի Ծառուկյանը: Խորհրդականներ, օգնականներ: Դրանցից գոնե մեկը ասե՞լ է՝ «շեֆ ջան, արի, մի մտի էս խաղի մեջ, թույլ մի տուր, որ քեզ օգտագործեն, «ժերտվա» տան, մի խառնվի»: Հաստատ, ոչ-ոք նման խորհուրդ չի տվել: Ընդհակառակը, կողքից «շախ» են տվել, թե դավայ, շեֆ ջան, դուխով, մինչև վերջ խրած գնա, կողքդ ենք, քո հետ ենք, մինչև արյան վերջին կաթիլը պայքարելու ենք, էն որ 2015-ին մտել էինք մկան ծակերը, էն հեչ, էն հաշիվ չի, հիմա ուրիշ իրավիճակ է:
Ահա այսպես Ծառուկյանի համար գերեզման են փորում: Միայն Ծառուկյանը կարող է իրեն փրկել: Թող ինքը իմանա, որ շուրջը մարդ չկա, որը իրապես կկանգնի կողքին: Եթե այս իրավիճակից ելք կա, ինքը պիտի գտնի: Իր ուժերով: Կապ չունի, այսօր իշխանությունը տապալվեց, հաջորդն է իրենով զբաղվելու: