Մի խումբ ուժեր և քաղաքական գործիչներ, որոնց թվում են Արա Պապյանը, Արմենակ Կյուրեղյանը, Արկադի Վարդանյանը, Ալբերտ Բաղդասարյանը, Գարեգին Չուգասզյանը, Եղիշե Պետրոսյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Տիգրան Խզմալյանը, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նշված է.
«Գործող իշխանությունը հրաժարվել է հեղափոխությունից, դարձել է նախկինների իրավահաջորդ և համակարգային փոփոխություններ կատարելու փոխարեն Ազգային ժողովում առկա քաղաքական ուժերի հետ միասին ամեն գնով պահպանում է առկա կիսագաղութային կեղեքիչ համակարգը, նրա ապօրինի սահմանադրությունը, քաղաքական ու տնտեսական մենաշնորհները և կառավարման քրեաօլիգարխիկ մեխանիզմները:
Հնարավորությունն է՝ ստեղծել հակաճգնաժամային ծրագիր ունեցող ազգային-ժողովրդավարական ուժերի բևեռ, որը պետք է ներառվի պետության կառավարման մեջ»:
«ՉԻ». Անցած շաբաթ քոչարյանական ու միշիկական ուժերը հայտարարեցին, որ սկսում են ձևավորել բևեռ, որը շուտով կստանձնի իշխանությունը: Նիկոլենց կտշեն, ինչպես նրանցից մի քանիսն ասացին, կբռնեն, քանի որ վերջիններս Հայաստանը տանում են կործանման:
Հիմա էլ սրանք: Նույնպես պատրաստվում են պետության կառավարմանը մասնակցել: Ու ինչն է հետաքրքիր, որ, օրինակ, քոչարյանականները իշխանություններին մեղադրում են սահմանադրական ապօրինի փոփոխություններ իրականացնելու մեջ, իսկ այս ուժերն էլ մեղադրում են, որ գործող իշխանությունները ամեն գնով պահպանում են ապօրինի սահմանադրությունը:
Եվ քանի նախկին իշխանություններն ու այս իբր նոր բևեռը իրար հետ հակասություններ ունեն, ավելի ճիշտ կլինի, որ նրանք միմյանց դեմ պայքարեն: Ով հաղթի, դառնա երկրի միակ և գերագույն բևեռ: Եվ ինչքան իրար դեմ պայքարեն, այնքան կշահի ժողովուրդն ու պետությունը: Սա դեռ ԱՄՆ-ի նախկին նախագահ Տրումենն է ասել: