...

Քոչարյանի պաշտպաններն ավելի ծանր մեղադրանքներ են հնչեցնում նրա հասցեին

Քոչարյանի պաշտպաններն ավելի ծանր մեղադրանքներ են հնչեցնում նրա հասցեին

«Դատական նիստի սկսվելուց րոպեներ առաջ, երբ ուղիղ հեռարձակումն արդեն միացած էր, լսվեց Սեյրան Օհանյանի ու Ռոբերտ Քոչարյանի կարճ երկխոսությունը. Սեյրան Օհանյան - Այսօր տոն է, չէ՞, շնորհավորում եմ, Շուշիի ազատագրման օրն է:
Ռոբերտ Քոչարյան- Որտե՞ղ էիր այս օրը:
Ս.Օ. - Ես՝ Ջանհասան-Քյոսալար ուղղությամբ:
Ռ.Ք. - Իսկ Լիսագո՞րը:
Ս.Օ.- Սկզբում այնտեղ, հետո նոր՝ Լիսագոր:
Վայրկյաններ տևած այս խոսակցությունից հետո դատավարությունը, մեծ հաշվով, կորցնում է իմաստը։ Ով ինչ կասի, ով ինչ կառարկի, ով ինչ կորոշի՝ պատմության տեսակետից չորրորդական է։ Բայց «ինչո՞ւ ենք մենք դարերով պետականություն կորցրել» հարցը գտնում է իր պատասխանը»։  

Հուզիչ գրառման հեղինակը ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանն է, որն այժմ ղեկավարում է «Այլընտրանքային նախագծեր խումբը»:

«ՉԻ». Հիշեցնենք՝ Վահե Հովհաննիսյանը պատգամավոր է ընտրվել 2012 թվականին՝ Բարգավաճի ցուցակում Քոչարյանի ունեցած քվոտայի շրջանակներում: 

Հիմա ինչ է ասում նախկին պատգամավորը: Ռոբերտ Քոչարյանը և Սեյրան Օհանյանը մասնակցել են Արցախի ազատագրմանը, ուրեմն նրանց դատելը պետականություն կորցնելուն հավասարազոր դրսևորում է:

Եվ սա ասում է մեկը, որը ցանկանում է իրեն ասոցացնել ժողովրդավարության և օրենքի գերակայության հետ: Այսինքն, եթե Քոչարյանը կռվել է, ուրեմն հետագայում հանցագործություններ կատարելու ինդուլգենցիա ունի: Վահե Հովհաննիսյանը հուզիչ գրառում անելուց առաջ ճիշտ կաներ դիտեր ամբողջ դատական նիստը: Կդիտեր և կտեսներ դատախազի դիպուկ արձագանքը՝ «այստեղ ոչ մեկին չեն դատում Շուշին ազատագրելու համար»:

Եվ ընդհանրապես Քոչարյանի կողմնակիցները պատմական էքսկուրսներ և գնահատականներ հնչեցնելուց պետք է հազար անգամ գցեն-բռնեն ու նոր միայն հրապարակայնացնեն իրենց մտքերը: Ըստ Հովհաննիսյանի տրամաբանության՝ երբ դատում էին Սամվել Բաբայանին, փորձում էին վերացնել Հայոց պետականությունը: Մի տեսակ սիրուն չի ստացվում: Աշխատավարձ են ստանում, որ պաշտպանեն Քոչարյանին, բայց այնպիսի գնահատականներ են հնչեցնում, որ ավելի դավաճանական են, քան պաշտոնապես առաջադրված մեղադրանքները:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1614 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ