...

Քյալլագյոզության իրական պատասխանատուները

Քյալլագյոզության իրական պատասխանատուները

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ԱՄՆ կառավարության որոշումը՝ դադարեցնել Արցախին տրամադրվող օգնությունը օրվա ամենաքննարկվող հարցերից էր։ Իհարկե, ճշմարիտ են պնդումները Ադրբեջանի լոբբիստական ազդեցության մասին։ Սակայն դրանք միշտ էլ եղել են։ Բա ինչո՞ւ նման որոշում նախկինում չէր կայացվում։

Ի դեպ, ընդգծեմ, որ ԱՄՆ-ն բոլոր գերտերություններից ամենալոյալն էր Հայաստանի «թավշյա» իշխանությունների նկատմամբ։ Հիշեք ամերիկյան զանազան վարկանիշները, պետդեպի կողմնակալ զեկույցները, ամերիկյան պաշտոնյաների լռությունը նույն հանրաքվեի հետ կապված ...

Ակնհայտ է, որ սա Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից տարվող սխալներով լի արտաքին քաղաքականության հետևանք է նաև։ Կոնկրետ պատճառը իմանալով հանդերձ՝ հիմա այն չեմ բարձրաձայնի»:

Սա՝ Արմեն Աշոտյանն է գրել: Իբրև թե իշխանությունների թույլ տված սխալների պատճառով է, որ ԱՄՆ կառավարությունը որոշել է դադարեցնել Արցախին տրամադրվող օգնությունը: Եվ իբր պատճառն էլ գիտի, բայց չի ասի: 

Թող չասի, պահի իր մեջ, մենք կասենք: Ընդամենը երկու բան կհիշեցնենք: 

Ուրեմն, այս տարվա հունվարի 3-ին ԱՄՆ-ը հրթիռային հարված հասցրեց Բաղդադի օդանավակայանին, որի հետևանքով սպանվեց Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին: Վերջինս բավական խարիզմատիկ դեմք էր և Իրանի ամենաազդեցիկ գործիչներից մեկը: Բայց սրա մասին չէ խոսքը:

Ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո: Աշոտյանը մոռացե՞լ է, թե Արցախից ինչ արձագանքներ եղան: Հիշեցնենք. Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը հայտարարություն տարածեց, մեջբերում ենք. «Սուլեյմանիի սպանությունը ավանտյուրա է ընդդեմ տարածաշրջանում կայունության պահպանմանը և ահաբեկչության դեմ տարվող պայքարին: Սուլեյմանին հավատարմորեն,անմնացորդ ծառայել է իր երկրի և ժողովրդի շահերին, հետևաբար վրեժի լուծումը արժանապատվության խնդիր է Իրանի պետության, ժողովրդի, զինվորականության և հատկապես հետախուզական ու հատուկ նշանակության ծառայությունների համար»:

Սա, կրկնում ենք, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի, այսինքն՝ բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարություն է: 

Իսկ հիմա ներկայացնենք հատված Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ներկայումս Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի հայտարարությունից՝ Սուլեյմանիի մահվան առթիվ. 
«Գեներալ Սուլեյմանին վերջին մի քանի տարիներին Իրաքում եւ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր դեմքերից էր և հանդիսանում էր Իսլամական Դիմադրության ճակատի իրական ղեկավարը և հաղթանակի խորհրդանիշը։

2003 թվականից ի վեր, երբ ԱՄՆ զինված ուժերը և նրա դաշնակիցները ներխուժեցին ինքնիշխան Իրաքի, իսկ 2011 թվականին՝ ինքնիշխան Սիրիայի տարածք, ԱՄՆ-ի Թուրքիայի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, ՆԱՏՕ-ի անդամ մի շարք եվրոպական երկրների կողմից փաստացիորեն ռազմական և ֆինանսական աջակցություն ստացող, իսկ ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական ճանաչված Իսլամական պետություն և Ալ-նուսրա կազմակերպությունները, կատարելով իրենց տերերի հրամանները, Իրաքում և Սիրիայում ավերել են հարյուրավոր քաղաքներ, հազարավոր գյուղեր, սպանել հարյուր հազարավոր խաղաղ բնակիչների, միլիոնավոր մարդկանց դարձրել փախստական, իսկ տասնյակ միլիոնավորների՝ պատանդ: Հայրենիքի ազատագրման համար այդ պատերազմում իրենց հավատակիցներին բարոյական, ռազմական և հումանիտար օգնություն է ցուցաբերում նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը»:
Սա էլ՝ Վիտալի Բալասանյանը: 

Ի՞նչ եք կարծում, ԱՄՆ-ում տեղյակ չէի՞ն այս հայտարարություններին: Իհարկե, տեղյակ էին: Ի՞նչ եք կարծում, այս հայտարարություններից հետո ամերիկյան ղեկավարությունը կարո՞ղ էր համապատասխան միջոցներ ձեռնարկել և՝ օրինակ, դադարեցնել օգնություն ցուցաբերել մի երկրի, որի բարձրաստիճան պաշտոնյաները դատապարտում են ԱՄՆ-ի գործողություններն ընդդեմ Իրանի: Իհարկե՝ կարող էր:

Մենք այստեղ չենք խոսում այն մասին, որ ԱՄՆ-ը լավ բան է արել, թե՝ վատ: Մենք ընդունում ենք, որ Իրանը մեր դաշնակիցն է, բարեկամ երկիրը: Հնարավոր է, ԱՄՆ-ը դատապարտելի քայլ է կատարել՝ սպանելով Սուլեյմանիին: 
Բայց քաղաքականության մեջ լավ ու վատը հարաբերական հասկացություններ են, քաղաքականությանը խորթ են ցանկությունները, զգացմունքները, սիրելն ու ատելը: Քաղաքականությունը՝ առաջին հերթին սթափ գիտակցությունն է, սառնասրտությունը, արկածախնդրություններից հեռու մնալը: Եթե քաղաքականություն ես մտել, ապա պետք է իմանաս, որ ա-ից հետո բ-ն էլ կա: 

Հիմա Արշավիր Ղարամյանն ու Վիտալի Բալասանյանը, իրենց արևին, հերոսական քայլ են արել, դատապարտել ԱՄՆ-ին, զորակցություն հայտնել Իրանին, բայց արդյունքում վատ դրության մեջ դրել թե՛ Արցախին, թե՛ Հայաստանին: Որովհետև թուլացրել են Հայաստանի ու Արցախի միջազգային դիրքերը: Իսկ միջազգային հարթակում ԱՄՆ-ի ազդեցությունն ու հեղինակությունը առայժմ շատ բարձր է: Ուզենք, թե՝ չուզենք: 

Տարիներ շարունակ ԱՄՆ-ը օգնություն է ցուցաբերել Արցախին: Այդ թվում՝ նաև ֆինանսական: Իսկ հիմա կարող է դադարեցնել: Որովհետև մարդիկ հերոսությունն ու քյալլագյոզությունն իրարից չեն տարբերում: Մի քանի միլիոն դոլարից Արցախը կարող է զրկվել: Արշավիր Ղարամյանն ու Վիտալի Բալասանյանը դե թող հիմա իրենց գրպանից հանեն այդ գումարը և հատկացնեն ականազերծման աշխատանքներին, կամ՝ սահմանների ամրապնդմանը: Կտա՞ն... չեն տա, իհարկե չեն տա: Իրենցը միայն հերոսական հայտարարություններն են, իսկ թե այդ հայտարարությունները ինչ հետևանքներ կունենան երկու հայկական պետությունների համար, նրանց բացարձակ չի հետաքրքրում:

Ի՞նչ եք կարծում, Աշոտյանը չգիտի՞ այս մասին: Իհարկե, գիտի: Բայց իրեն ռետինե հայտնի խողովակի տեղ դրած, թե բա իշխանություններն են մեղավոր: Իշխանություններն իսկապես մի հարցում մեղավոր են. որ Արցախի իշխանությունների հետ չեն կոորդինացրել իրենց գործողությունները, ընդհանուր քաղաքականություն չեն մշակել, չեն պայմանավորվել, որ Արցախից հնչող ցանկացած հայտարարություն, մանավանդ, եթե այն վերաբերվում է միջազգային հարաբերություններին, պետք է համաձայնեցվի Հայաստանի իշխանությունների հետ: Այստեղ բացթողում կա: 

Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք այս քաղաքականությունը ժամացույցի պես էր աշխատում: Ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Արկադի Ղուկասյանը մի նախադասություն անգամ չէին ասի, մինչև Հայաստանի իշխանությունների հետ չհամաձայնեցնեին: Եղել են իրավիճակներ (ամբողջությամբ փակագծերը չենք բացում), երբ Հայաստանն ու Արցախը իրարամերժ հայտարարություններ են արել, բայց նույնիսկ դա էր նախօրոք համաձայնեցված: Քաղաքականությունը դա է. իրականացնել քայլեր, որոնք բխում ենք քո երկրի շահերից, և զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վնաս հասցնել ազգային շահերին: 

Դե, Աշոտյանին այս ամենը բացատրես, չբացատրես, մեկ է: Իր համար պետական շահը՝ դա Սերժ Սարգսյանի շահն էր: Իր համար քաղաքականությունը մեկ գիշերվա մեջ բոլորի համար անսպասելի որոշում կայացնելն է, հայ-թուրքական արձանագրությունների ավանտյուրայի մեջ մտնելն ու խայտառակ կերպով դուրս գալն է: Իր համար իրական քաղաքականությունը Վիտալի Բալասանյանի ու Արշավիր Ղարամյանի հերոսական կեցվածքը չնկատելն է, իսկ դրա հետևանքները օրվա իշխանությունների վրա բարդելն է: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2227 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ