ՀՀԿ-ի հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ այդ կուսակցությանը շնորհավորել են Ռուսաստանի «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը և Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը: Ռուսաստանյան կուսակցության ուղերձում կան մասնավորապես այսպիսի տողեր. «Ի սրտե շնորհավորում ենք իր գոյության ողջ ընթացքում հայ ժողովրդի բարօրության համար գործունեություն ծավալած Հայաստանի Հանրապետական կուսակցությանն իր 30-ամյակի կապակցությամբ»:
«ՉԻ». Հուսով ենք՝ այս մի քանի տող կենացը հանրապետականի վրա շատ թանկ չի նստել: Բայց, միևնույն ժամանակ, չենք բացառում, որ այս բարեմաղթանքը պոկելը լավ էլ թանկ նստած լինի, որովհետև արդեն երկու տարի է, ինչ Պուտինը արգելել է իր ներկայությամբ տալ Սերժ Սարգսյանի անունը: Ինչևէ, դա երկու վաղեմի կարտելների ներքին գործն է, թե ինչ գնով են պայմանավորվել:
Բայց ռուսաստանյան կողմը կարող էր շնորհավորել՝ առանց հեգնելու: Ինչ է նշանակում՝ իր գոյության ողջ ընթացքում հայ ժողովրդի բարօրության համար գործունեություն ծավալած: Պարոնայք ռուս կուսակցականներ, Հայաստանում դեսպանատուն չունե՞ք, ձեզ չե՞ն զեկուցել, որ բարեմաղթանքի հասցեատեր կուսակցությունը երկու տարի առաջ ենթարկվել է հայ ժողովրդի տոտալ մերժմանը: Տեղյակ չե՞ք, որ այդ կուսակցության ղեկավարից սկսած մինչև վարչության շատ անդամներ մեղադրվում են հայ ժողովրդից գողանալու մեջ:
Ռուսաստանը հետևություններ չի անում Հայաստանում իր երկարամյա ձախողված քաղաքականությունից: Երկու տարի առաջ էլ նրանք երկար ժամանակ չէին հասկանում, թե ինչ է կատարվում Հայաստանում: Ձախողվածների վրա խաղադրույք կատարելը կարծես բնավորություն է դարձել: