Փաստաբան Միհրան Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում հաստատել է այն տեղեկությունները, որ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
«Այո, դատարան է ներկայացվել միջնորդություն դեսպան Մինասյանին կալանավորելու վերաբերյալ։ Գործ ունենք դասական պատվերի հետ: Խոսքը վերաբերում է պարոն Մինասյանի կողմից դեռևս 2004 թվականին հիմնադրված ընկերության 20 տոկոս բաժնեմասի խնդրին։ Նշված մասով Մինասյանի 2017 թվականի հայտարարագրում առկա է տեխնիկական սխալ, քանի որ հայտարարագրում նշված բաժնեմասի վաճառքի գինը և պարոն Մինասյանի կողմից ստորագրված բաժնեմասի վաճառքի պայմանագրում նշված վաճառքի գինն իրար չեն համապատասխանում, ինչը քննչական մարմնի կողմից որակվել է որպես ապօրինի հարստացում։
Նշված սխալը թույլատրվել է այն ընկերության աշխատակցի կողմից, որը դեսպան Մինասյանի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա պատասխանատու է եղել նշված բաժնեմասի հավատարմագրային կառավարման և Էթիկայի հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերի լրացման համար»:
«ՉԻ». Իսկ դուք ի՞նչ էիք կարծում՝ Միքայել Մինասյանը կարող է որևէ ապօրինությո՞ւն թույլ տալ: Այն գլխից էլ ակնհայտ էր, որ ինչ եղել է, ապա եղել է միայն տեխնիկական սխալների պատճառով:
Օրինակ, մարդը 1 սրճարան բացելու հայտ է ներկայացրել, բայց թույլտվության փաստաթղթում տեխնիկական վրիպակի պատճառով 1-ի դեմը 5 է ավելացել ու այդպես ինքը 50 սրճարան է բացել:
Կամ՝ ինքը հեռուստատաալիք բացելու հայտ է ներկայացրել, էն ՀՌԱՀ-ի ժողովուրդը հարցը քննարկելիս չի ջոկել, թե խոսքը որ հեռուստաալիքի մասին է ու այդ պահին ինչքան ազատ հեռուստաալիք է եղել, տվել է նրան:
Այդպես է Միքայել Մինասյանը մեդիա-մագնատ դարձել: Սխալմունք է եղել, ուրիշ բան չմտածեք:
Իսկ Լոռու ՀԷԿ-ի պատմությունն ընդհանրապես խայտառակություն է: Ակնհայտ է, որ այդ ՀԷԿ-ի բաժնեմասերը գցել էին Միշիկի ջեբը: Թէ չէ ինքը ի՞նչ կապ ուներ դրա հետ: Նաղդ սարքում են այդ ազնվագույն, պետականամետ, համեստ մարդու գլխին: