...

Ռուբեն Հայրապետյանի երազը

Ռուբեն Հայրապետյանի երազը

Մաքսանենգ ճանապարհով հասել է Ռուսաստան: Հենց Վորոնեժ է մտնում, դուրս է գալիս մեքենայի բագաժնիկից, կռանում և համբուրում է հինավուրց ռուսական հողը. «Օրհնվի էն սհաթը, երբ ռուսի օրհնած պասպորտը իմ լիս գրպանը մտավ: Քանի մեր բերնումը շունչ կա, պետք է գիշեր-ցերեկ մեր քաշած օրերը մտքըներս բերենք ու ռսի երեսը տեսնելիս՝ երեսներիս խաչ հանենք, Աստծուն փառք տանք, որ մեր աղոթքը լսեց, մեզ ռուս թագավորի հզոր, աստվածահաստատ ձեռի տակը բերեց»:

Գրպանից թուղթ է հանում, վրեն հասցե է գրած, պիտի գնա այնտեղ: Մոտենում է առաջին պատահական անցորդին, հարցնում. «Не подскажете, как мне пройти вот по этому адресу?»: «А, так это дом Мишика, идите прямо, через перекресток поверните направо, спросите там кого угодно, вам покажут дом»,- պատասխանում է պատահական անցորդը:

«Այ քեզ բան»,- զարմանում է ինքը ու գնում Միշիկի տուն: Զանգը տալիս է: «Ո՞վ ա»,- հարցնում են ներսից: «Ձեզ օգնական պետք ա՞»,- հարցնում է ինքը: «Պետք ա, բայց արդեն վերցրել ենք»,- պատասխանում են ներսից ու դռան փականը բացվում է: «Մտի, շքամուտքով իջի ներքև, երկրորդ պադվալն ա»,- ասում է ներսի ձայնը: Ինքը իջնում է ներքև, բացում երկրորդ պադվալի դուռը, ներս մտնում, իսկ այնտեղ խոհանոցից դուրս է գալիս Միշիկը ու գրկախառնվում: «Ցավդ տանեմ, բարով եկար, ախպերըըը՜ս: Դե արի, արի, համ մի կտոր հաց ուտենք, համ էլ խոսանք»:

Ներս է մտնում խոհանոց, Միշիկը դեմը «Ախթամար» ծխախոտի տուփ է դնում. «Ծխի ապեր, մերն ա, հայկական, վրեն ակցիզ չկա»: «Բա դու ո՞նց ես»,- հարցնում է: «Ցենտր, ապեր, սաղ լավ ա»,- ասում է Միշիկը: «Բա պապադ ո՞նց է»: «Պապան հիմա Հունաստանում ա»: «Բա ինչի՞ Հունաստան որ»: «Դե, իրանը հունական պասպորտ էր, էլ ժամանակ չկար ռուսականն էլ հաներ»,- պատասխանում է Միշիկն ու ժպտալով շարունակում. «Տղերքին արդեն ձեն եմ տվել, հեսա կգան: Միհրանն ա, Վահագն ա քննչականի, էն գեներալ Միխոն ա, տենց էլի»:

Քիչ անց ներս է մտնում Միհրան Պողոսյանը՝ մի արկղ բանանով: Պաչ-պռոշտ, բան: «Բա ի՞նչ պլաններ ունես ստեղ»,- հարցնում է Նեմեցին: «Եսիմ, էն Վորոնեժ-Պսկով ճամփին ուզում եմ ռեստորան բացել՝ «Каменная невеста»: «Էդ որն ա՞, Ջրահա՞րսը»,- զարմանում է Միշիկը: «Չէ, Հարսնաքարը»: 

Սեղանը գցում են, ինքը օղին վերցնում է ու կենաց ասում. «Դե ինչ, ոտս խերով լինի մեր հայրենիք, սաղ կյանքը պայքարել ենք մեր երազած երկրի համար ու հիմա հասել ենք մեր նպատակին: Հու»,- հու է անում ինքը և միանգամից քաշում ներս: «Աշուն լինի»,- արձագանքում է Միշիկը: «Ի՞նչ»,- չի հասկանում ինքը: «Դե, ասում եմ, քաղաքական թեժ աշուն լինի»,- իրենից գոհ, պատասխանում է Միշիկը:

Այդ պահին ներս է մտնում քննչականի Վահագը՝ սփրթնած, կապտած, գույնը գցած: «Ի՞նչ ա եղել, Վահագ»: «Է՜, անձնագիրս եմ կորցրել»: «Ո՞ր մեկը»: «Ռուսականը»: «Արա, լավ էլի արա, էս ինչ վատ բան ասիր, ախպեր, արա´»,- սփրթնում է Միշիկն ու վրա տալիս. «Ապեր, քել, ստեղ մի մնա, քել գնա, թե չէ ավելորդ խոսակցություն ես բերելու, մեզ պալիտ անես»: 

Վահագն Հարությունյանը լացելով գնում է, դուռը բացում, մեկ էլ մի խումբ սպեցնազավորներ ներխուժում են, սաղին պառկացնում մետլախին, իրեն էլ ոտ ու ձեռ բռնած, հավաքում, դուրս հանում: Ինքը փորձում է դիմադրել, չի ստացվում, մի կերպ ձեռքը տանում է ծոցագրպանը, անձնագիրը հանում ու արտասանում.

«Читайте, завидуйте,
Я гражданин
Российского Союза!»:

Սպեցնազի հրամանատարը պատասխանում է. «А нам пофиг, у нас с немцамы свои счеты. Разберемся на Колыме»: 

Արթնանում է խաղից դուրս վիճակում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 21, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ