«Տու-րու-րու, տու-րու-րու, տու-տու»,- ինքը շվշվացնում է բազմոցին պառկած: Տրամադրությունը բարձր է: Ժողովուրդը սկսել է իր խոսքերը լսել: Մեռավ ասելով՝ դիմակ մի կրեք, լսեցին իրեն, ու հիմա ինքը հիանում է արդյունքներով: Օրական 2000 կողմնակից նաղդ ունի:
Ձեռքերը շփելով, տեղից ելնում, մոտենում է դաշնամուրին: Ուզում է նվագի, մեկ էլ հայացքը ստեղնաշարին է ընկնում. «Ոնց որ Նիկոլի մատը խառն ա: Ստեղնաշարն էլ ա սևերի ու սպիտակների բաժանել: Ու սևերը քիչ են»,- մռայլված ասում է ինքը:
Նորից պառկում է բազմոցին, մտնում ֆեյսբուք, տեսնի, ինչ վիճակ է: Հակառակի պես, միայն գովազդային նյութեր են պատին: «Ռոբերտ Քոչարյանը զբաղված է ատոմային զենք հայթայթելով», բացում է, իսկ նյութում հայկական ատոմակայանը հանձնում են «Գույք առանձնատան դիմաց» բանաձևով:
Թարմացնում է պատը, նոր գովազդ է բերում. «Միքայել Մինասյանի հուժկու հակահարվածը Էրդողանի փեսային»: Բացում է, իսկ այնտեղ Միքայել Մինասյանը կուխնուց 4 սերիանոց լայվով մերկացնում է Էրդողանի փեսային. «... Ու Բուդապեշտի մաքսատանը բռնագրավել են Բայրաքթարի պահեստամասեր տեղափոխող ինքնաթիռ: Էդ պահեստամասերը մաքսանենգ ճանապարհով Էրդողանի փեսան է փորձել վաճառել, Էրդողանի աներձագն էլ տեսախցիկների բիզնեսով ա զբաղվում: Մանրամասները՝ հաջորդիվ»:
Հաջորդ գովազդային նյութը պատմում է Ավանի հոգեբուժարանի հաջողությունների մասին: «Այո, բուժման ամենաառաջադեմ մեր մեթոդիկայի կիրառման շնորհիվ ունենք շշմեցուցիչ արդյունքներ: Մենք անհավատալին ակնհայտ ենք դարձնում»,- հպարտությամբ ասում է հիվանդանոցի տնօրենը և շարունակում. «Օրինակ, հիմա ներկայացնեմ մեր երբեմնի պացիենտներից մեկին՝ Մարինա Խ.-ին, որը լիակատար բուժվել է և այսօր նրան դուրս ենք գրում»:
«Ցավով պետք է արձանագրեմ, որ մեր հանրության շրջանում կան հիվանդ երևակայությամբ և հիստերիայի նոպաներով տառապողներ, որոնք իրենց քաղաքական գործիչներ են համարում, ավագանու անդամներ, պատգամավորներ, նապոլեոններ: Այ, նրանք բոլորը բուժման ենթակա են, ինչը առողջ հասարակության գրավականը կդառնար»,- միկրոֆոնը ձեռքին, հաղորդում է Մարինա Խ.-ն:
«Գիժ են, արա, սրանք»,- մատը տնկում է ինքը ու վեր կենալով, ճմլկոտելով մոտենում հայելուն, որ մազերը հարդարի: Ու աչքերը ճակատին են թռնում. հայելու մեջ ինքը չի երևում: Գլուխը թափ է տալիս, ձեռ ու ոտը շարժում, հայելին բան ցույց չի տալիս: Բռնում, հայելին է թափ տալիս, ասում.
«Լսի, դու ո՜վ հայելի,
ո՞վ կա ինձնից ավելի
Ղամմազ-շարմազ սիրելի»:
Մեկ էլ հանկարծ հայելին պատասխանում է.
«Չեմ կարող պատասխանել քո հարցին: Ինձ արգելափակել են: Մի ամսից արի, կամ՝ երկու ամսից: Կամ՝ երեք ամսից: Կամ...»,- ինքը էլ չի լսում, զայրացած հայելին տափովն է տալիս, հազար կտոր անում:
Դրսում աղմուկ է լսում. գլուխը հանում է, իսկ այնտեղ յոթ դյուցազունները կամավոր մեկնում են ճակատ: Ինքը գույնը գցում է, կատաղությունից սիրտը հազար կտոր է լինում:
Արթնանում է կտոր-կտոր:
«Չորրորդ իշխանություն», թիվ 32, 2020