...

Լարիսա Ալավերդյանի երազը

Լարիսա Ալավերդյանի երազը

Այն բանից հետո, երբ մի խումբ մանկավարժների հետ բաց նամակով կոչ արեց, որ Հայկ Մարությանը հրաժարական տա, Հյուսիսային պողոտայում էլ ստեղծվի Պաշտպանության պետական կոմիտե, իրեն նորից նշանակել են Մարդու իրավունքների պաշտպան: 

Եվ ահա գրասենյակի մամլո քարտուղար Մարինա Խաչատրյանը իրեն է ներկայացնում այն մարդկանց ցանկը, որոնց իրավունքները պետք է պաշտպանի: Ինքը ցուցակը ստուգում է. «Ալեն Սիմոնյանին հանի ցուցակից, ինքը սենց թե նենց պաշտպանված է, մեր կարիքը չունի»: 

Ներս է մտնում ՄԻՊ-ի՝ Ուտիքի տարածաշրջանի բաժնի ղեկավար Զարուհի Փոստանջյանը. «Տկն Ալավերդյան, հլը նայեք, Չարենցի մոտ այնպիսի տողեր եմ պեղել. 

«Դուք, որ վատնեցիք մեր գանձը հետին.
Մեզ թողիք տկլոր ու բոկոտն, ու խեղճ,
Եվ գլուխը մեր թեքեցիք գետին,
Եվ նախատինքը մեր դեմքը թրջեց»:

Հասկանո՞ւմ եք, սա էն գլխից պարտվողական տրամադրություններ է առաջացրել: Չբռնե՞նք, սրան կոխենք բանտը»,- հարցնում է Զարուհին:

«Անպայման, պրն Կճառյանն էլ սրան չի հավանում: Էս հատվածը դիր քո ֆեյսբուքում»,- պատասխանում է ինքը:

Մամուլի պատասխանատու Գևորգ Պետրոսյանն է բերում օրվա մամուլը: Սկզբից կարդում է պատասխանատու մամուլի նյութերը: Ահա, մեկը իր առաջին էջում տեղադրել է Ռոբերտ Քոչարյանի լուսանկարը՝ առյուծի վրա և գրել. «Մինչ սորոսականները լափում են երկիրը, մեր հերոսը այս պահին առաջնագծում է, և ինչպես տեսնում եք, առգրավել է հակառակորդի «Առյուծ» տեսակի առյուծը: «Մատաղ ըլեմ քեզ, իմ հերոս ապի»,- ուրախանում է ինքը ու համբուրում լուսանկարը:

Հաջորդն է կարդում. «Մինչ Նիկոլը ծախում է Արցախը, Ադրբեջանի պաշտպանության նախարարը Քոչարյանի ճնշման ներքո հրաժարական է տվել,  ու դրա համար Մոսկվան լիքը զենք է տվել Հայաստանին»: «Ջանին մեռնե՜մ»,- բացականչում է ինքը:

Այդ պահին ներս է մտնում ՄԻՊ-ի իրավաբանական բաժնի պետի ազգական Արթուր Ղազինյանն ու զեկուցում. «Տկն Ալավերդյան, արդեն 8 անգամ գրել եմ, որ թուրքերը Շուշին գրավելու են, 14 տեղ տարածել եմ, 30 անգամ գովազդի տակ եմ դրել»:

«Իսկ գրե՞լ ես, որ միակ փրկությունը Փրկության կոմիտե՞ն է»: «Էդ էլ եմ արել»: 

Ինքը գոհունակությամբ գլուխը շարժում է: Բան չի մնացել, հեսա Նիկոլի հարցերը կլուծեն ու վերջապես ինքը կնշանակվի Միացյալ ու Անկախ Հայաստանի բոլոր իրավունքների պաշտպան: 

Արթնանում է նախկին Գյանջայի մտավորականների ֆորումում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 34, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ