...

«ՉԻ» ռիթմով

«ՉԻ» ռիթմով

«Դավաճանների և հայրենասերների» մեջտեղում

Նրանք, ովքեր չեն կարդացել Սոդոմի և Գոմորի աստվածաշնչյան պատմությունը, կարող են իրենց նեղություն չտալ. այդ պատմությունը մեր աչքի առջև հիմա կրկնվում է: Այն, ինչ կատարվում է այս օրերին Հայաստանում և Արցախում, կարելի է մեկ բառով նկարագրել. աղետ:

Եթե Աստված Սոդոմի և Գոմորի բնակիչներին պատժեց, քանզի նրանց շարքերում խելքը գլխին մարդ չէր մնացել, ապա մեզ Աստված՝ հանձինս միջազգային հանրության, Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի և գործով չպարզված այլ շահառուների, պատժում է, քանզի վերջին 20 տարում իշխանությունները պետականության և անկախության մշակույթ չձևավորեցին, եղած սաղմերն էլ, որոնք ծիլ էին տվել 1990-ականներին, իսպառ ոչնչացվեցին: Հետո այդ մշակույթը ոչնչացրին նաև հասարակության և ընդդիմության շրջանում, գիտության մեջ և այդպես մնացինք մտքից տկար ու հոգով բոբիկ: Այսօր մենք դրա հետևանքները տեսնում ենք:

Ու առայժմ ոչ մի նշույլ չկա, որ պատժվելու գործընթացը կդադարի: Այն ուժերը, այն մարդիկ, այսօր՝ քաղաքական դաշտի ամբողջ սպեկտրը, որոնք հայտարարում են հայրենիքը փրկելու մտադրության մասին, ու այդ կարգախոսի ներքո նույն հայրենիքը բզիկ-բզիկ են անում: Ադրբեջանն էլ՝ օգտվելով դրանից, մանրից այդ բզիկներից հերթով վերցնում է իրեն:

Մեկը մեկից վատթար

Մեր քաղաքական դաշտի այլասերվածության վառ օրինակ է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի գրառումը: Վերջինս անդրադառնալով այն հարցին, թե որքանով է այսօրվա ընդդիմությունն արդյունավետ ու արդյոք այն վայելում է ժողովրդի աջակցությունը, գրել է. «Նախևառաջ, Հայաստանում այսօր չկա իշխանություն, հետևաբար չի կարող լինել նաև ընդդիմություն, իսկ ընտրությունը շատ պարզ է՝ կա՛մ դու հայրենիքի դավաճանի կողքին ես, կա՛մ պայքարում ես նրա դեմ: Յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե բարիկադի որ կողմում է՝ դավաճանների, թե հայրենասերների»:

Ուրեմն, 2,5 տարի սրանք իշխանություններին մեղադրում են հասարակությանը, քաղաքական դաշտին սևերի ու սպիտակների բաժանելու մեջ: Ու այս նույն մարդիկ, բերել ու այսօր ջրբաժան են գծել, որտեղ ոչ թե սևեր ու սպիտակներ են, այլ դավաճաններ կամ հայրենասերներ: Կոնկրետ Միքայել Մինասյանը մեզ ասում է՝ կամ դուք մեր հետ եք, կամ դավաճան եք: Ուղղակի չի ասում՝ դավաճան եք, բայց դե՝ դավաճանի կողքին լինելն ինքնին դավաճանություն է համարվում: 

Առանց մեր կարծիքը հաշվի առնելու: Թքած ունի, թե մենք ինչ ենք մտածում կամ ինչ կորոշենք: Ապեր, դու ո՞վ ես, որ մեզ ինչ-որ բարիկադների մեջ տեղավորես: Որ Նիկոլը պետք է հեռանա, դա ոչ ոք չի քննարկում: Դա պարզ է: Բայց ինչի՞ց եք որոշել, որ իր այլընտրանքը դուք պետք է լինեք: Իսկ կլինի՞, որ մենք և՛ Նիկոլին մերժենք, և՛ ձեզ: Դուք երկուսդ էլ մեր համար հավասարաչափ անընդունելի եք:

Նիկոլ Փաշինյանին մենք մերժում ենք, որովհետև այս 2,5 ընթացքում ոչ մի բան չարեց: Մենք սպասում էինք, որ նա սահմանադրական բարեփոխումներ կիրականացնի, չարեց: Դատաիրավական բարեփոխումներ, քաղաքական բարեփոխումներ, ընտրական նոր օրենսգիրք, տնտեսական բարեփոխումներ, կրթական, մշակութային... այսինքն, քայլեր, որոնց հետևանքով պետությունը զարգացման նորմալ ուղու վրա կհայտնվեր, կունենայինք պետական կառավարման լեգիտիմ և պրոֆեսիոնալ համակարգ:

Ոչ մի բան չարեց, դեռ մի բան էլ Արցախի հարցում աղետի բերեց: Մնում է՝ ի՞նչ անի:

Ճիշտը միասին չքվելն է

Բայց դա չի նշանակում, որ իր այլընտրանքը դուք եք, կամ դուք եք երկիրն այս վիճակից դուրս բերելու: Որովհետև ձեզ էլ ենք տեսել գործի մեջ, ձեզ 20 տարի ենք ճանաչում: Եկեք, տեսնենք, թե դուք ինչ եք արել:

Ու կպարզվի, որ դուք էլ ոչինչ չեք արել: Բանակ չեք ստեղծել կամ հզորացրել, որովհետև 80-ականների զենքով յոլա եք գնացել ու բանակի հաշվին փող եք աշխատել: Քաղաքական համակարգը դարձրել եք կրկեսի ծաղրածուների արենա. ձեզ ու ձեզ որոշել եք, թե ով մտնի խորհրդարան, ով՝ ոչ: Տնտեսության ոլորտները ձեր մեջ բաժանել եք, որի պատճառով առողջ, մրցակցային դաշտ չի եղել: Վերից վար կոռուպցիայի մեջ թաղված եք եղել: Սկսած մանկապարտեզներից: Դպրոցների ու բուհերի մասին էլ չասած: Դատական համակարգը, Սահմանադրական դատարանը սարքել էիք ձեր որոշումների, հրահանգների ու կապրիզների դակման ոլորտ:

Ողջ մեդիադաշտը, քարոզչական դաշտը ձեր ձեռքում եք կենտրոնացրել: Պարոն Միքայել Մինասյան, կոնկրետ ձեզ ենք հարցնում. ձեռքդ դիր խղճիդ ու պատասխանիր. բազմաթիվ լրատվամիջոցներ ես պահել, այդ տարիների ընթացքում քո լրատվամիջոցներում քանի՞ անգամ է ընդդիմադիր գործիչ երևացել, քանի՞ անգամ եք քաղաքական բանավեճեր կազմակերպել, ձեր եթերում երկրի առջև ծառացած հիմնախնդիրների, դրանց լուծման վերաբերյալ քանի՞ հաղորդում է եղել: Խոսքը լուրջ հաղորդումների և լուրջ մարդկանց մասին է: Բացի սերիալներից ու «տուպոյ» շոուներից, ի՞նչ է տվել ձեր մեդիակայսրությունը երկրին: Զրո: Մենք դեռ միայն մեդիադաշտից ենք խոսում: Այն, որ երկրի հարստությունները, հանքարդյունաբերական ամենաշահութաբեր ձեռնարկությունները կոպեկներով ձեր գրպանն եք դրել, որի պատճառով երկրի բյուջեն լցվելու փոխարեն ձեր գրպաններն են լցվել: Եղել է, չէ՞, այս ամենը: Մեր աչքի առջև է եղել: Ու 20 տարի շարունակ: 

Ղարաբաղի հարցն էլ չեք լուծել, թողել եք Նիկոլի վրա:

Ու այսքանից հետո այսպես ցինիկաբար, աներես կերպով կանգնել ու ասել, թե ով ձեր հետ չէ, դավաճան է... ու դեռ ձեզ հայրենասեր եք համարում: 20 տարվա ընթացքում դուք ոչ թե երկիր փրկելու, այլ այն շենացնելու, զարգացնելու, ծաղկեցնելու բոլոր հնարավորություններն ունեցել եք: Ամեն ինչ ձեր ձեռքին է եղել, խանգարող չի եղել: Բա որ 20 տարվա ընթացքում բան չեք արել, բացի ձեր հարստանալուց, ինչի՞ պիտի դուք հայրենասեր համարվեք, ով ձեր հետ չէ՝ դավաճան: 

Ամենաճիշտը այն կլիներ, որ գնայիք իշխանությունների հետ բանակցեիք, ասեիք՝ Նիկոլ, մենք միասին ենք վարի տվել երկիրը, արի կլինի, միասին էլ քաղաքական դաշտից չքվենք, ճանապարհ տանք նորմալ մարդկանց: Ոչ դու ես մեզանից լավը, ոչ էլ մենք՝ քեզանից: Դա կհասկանայինք: Բայց իզուր ենք երազում: Ձեզ իշխանությունը պետք է ընդամենը սեփական ամբիցիաները բավարարելու, գրպանի պարունակությունը լրացնելու, մի քանի հոգուց էլ վրեժ լուծելու համար: Ի վերջո երկիրը, իհարկե, լրիվ կկործանվի, պետականությունը կկորցնենք, բայց դա ի՞նչ մի կարևոր է: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 40, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   3450 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ