...

Երբ թիրախավորվում է լռությունը

Երբ թիրախավորվում է լռությունը

Հինգ անգամ: Հինգ անգամ փաստորեն Միշիկը կրակեց: Ըստ որում առաջին անգամը` հաստատ, երկրորդը` փաստորեն հաստատ չգիտեր, որ էլի բաներ է ասելու: Երրորդից արդեն գիտեր ու սկսեց ուղերձները համարակալել, դրանք ավելի ոճավորված դարձնել` սծիլնի, գլխադիրը` ռետրո-մետրո:  

…Հավատացի՞ք, որ չգիտեր: Միամիտ չլինեք: Մեդիա-Մագնատ-Միշիկը` ՄՄՄ (կար ժամանակին այդպիսի ռուսական բուրգ-ավանտյուրա)` տեղեկույթը չափաբաժիններով նետում էր մեդիադաշտ ու արձագանքի սպասում: Ոչ այլ մեկի, քան Նիկոլ Փաշինյանի արձագանքին. Միշիկի միակ թիրախը Նիկոլն էր և է, միակ թշնամին Նիկոլն էր և է, և Միշիկի բացահայտումների նյութն էլ Նիկոլն է. ռուսներից` դրսի և հայ(ռուսն)երից` ներսի ստացած, հորինվածքին (թերևս) միահյուսած, սիրուն-սիրուն ածականով-բանով մատուցած նրա նյութերի հերոսն է Նիկոլը: Ուստի և ազգիս էքս-փեսեն կրակում էր, հետո վազում` հեռադիտակով նայում` կա՞ արդյունք, և ինչպիսի՞ արդյունք է, հետո էլի կրակում էր… Եվ քանի որ վարչապետը լ-ռ-ու-մ էր… ազգիս էքս-փեսեն, նորից կրակում էր: Որ պահին որ Նիկոլը խոսեր` ազգիս էքս-փեսեն արդեն այդ խոսքին կկրակեր և շաղ չէր տա թանկանոց տեղեկույթները մեկը մյուսի հետևից` պատկան օրը պատկան բան ասելն ավելի է միշիկա-սերժական:

Ինչևէ` Նիկոլը լռում էր և Միշիկը, առայժմ հինգ կտորով «բացահայտումներ» արեց: Լուռ է Նիկոլը: Մինչդեռ ծխախոտով-ադամանդով-մնացած բոլոր բաներով «հակահեղափոխական» ու «սարսափելի» միշիկ-մերկացումներին որևէ պատասխան` գործնական, խոսքային, իրեղեն ՔԱՅԼ չկա: Չէ, կա իհարկե` քրեական գործ է հարուցվել Միշիկի դեմ այն բաների համար, որ բոլորս գիտենք: Քրեական գործ, որ երկու տարի առաջ պիտի հարուցված-փաստված-փակված լիներ… Չէ, կա իհարկե` օրենք է ընդունվել ապօրինի գույքի բռնագրավման և ազգայնացման վերաբերյալ: Օրենք… որ երկու տարի առաջ պիտի ընդունված, պրծած լիներ, իսկ ապօրինի գույքը, իր հիմնական մասով` այսպես ասած` խրատական-ուսուցողական մասով` Սերժիկ, Ռոբիկ, Լիսկա, Արմենչիկ, Մուկ... պիտի բռնագրավյալ լիներ ու ազգապատկան այլևս, իսկ պակաս խրատական մասով` ընթացքի մեջ: Եվ ԴԱ պիտի լիներ հեղափոխության և նոր իշխանության ուժը և համաժողովրդական հաղթանակի` արդարության իրականացման փաստացի իրեղեն ապացույցը` նյութական-քրեական-հակահրեշային:

Վեթինգով ու լյուստրացիայով, սահմանադրության չեղարկմամբ ու անցած տասնամյակների` իշխանության ուզուրպացիայի քաղաքական գնահատմամբ պիտի այդ ամենը ԴՐՈՇՄԱԿՆՔՎԱԾ լիներ, և ժողովուրդն ու երկիրը անցած լիներ իր ամենօրյա, հետհեղափոխական, տքնաջան աշխատանքին` Նոր Հայաստանի իրականացմանը:

Մինչդեռ անցել է երկու տարի և «կարբիդով չայ խմած» համազգային էքս-փեսեն` իր ու աներոջ ու մնացածի ողջ գույքը տեղը-տեղին ու անվնաս, աննշան, կոսմետիկ ու շտկելի վնասվածքներից էապես ՆՈՒՅՆԻՍԿ ոգևորված, «դուխով», դրսից մեղադրում է` ներկայացնում փաստեր ու, հուսամ` «փաստեր», առ այն, որ Հայաստանում մի տեսակ նոր օլիգարխ է առաջացել և իր անունը Նիկոլ է, կլան է առաջանում, որի անունը Նիկոլի կլան է, և այդ կլանի գործողությունները այնքան տեսանելի-թափանցիկ ու անօրինական են, որ ամենօրյա ռեժիմով արտաքսյալ էքս-փեսայի սեղանին են դրվում և այլ բան չի մնում Միշիկին, քան հրապարակել այդ ամենը, Մուրադ-Ռաֆայելյան ճեմարանում սերտած իր վարժ հայերենով ու մեդիա-ճարտասանության ողջ շուքով:

Իսկ Նիկոլը, այո, լռում է: Ու վեց, յոթ կամ ութերորդ բացահայտումներից հետո էլ լռելու է: Ու ճիշտ է անելու: Ի վերջո, հետհեղափոխական «ֆեյսբուք-լայֆերի հիմնադիր հայրը» ինքն է, և ահա թե ինչ է արել Միշիկը. հաշվարկել է, որ եթե մտնի այդ դաշտ` Նիկոլին կներքաշի: Նա նույնիսկ մի թեթև զարմանում ու (իբր) տարակուսում է` էսքան բան եմ ասում` փաստ եմ հրապարակում` խայտառակ անում` բան չի պատասխանում: Չի էլ պատասխանելու: Բայց… ահա թե ինչ` Նիկոլի ցանկացած «ֆեյսբուք-լայֆ», ՀՀ կառավարության, Ազգային Ժողովի ցանկացած քայլ, որոշում, լուծում, ՀՀ ուժային և ոչ ուժային նախարարությունների, իրավապահների ցանկացած գործողություն հիմա պիտի մի թարս ապտակով, Միշիկի ասածն էլ ավլելով աղբամանի մեջ` Նոր Հայաստանի ընթացքը հաստատեին ու առաջ գնային: Մինչդեռ… «Փաստ համար այսինչ» և բենզինի գինն ընկել է շնորհիվ հեղափոխության, հովազը Ենոքավան է հասել շնորհիվ հեղափոխության և շատ շտապ անուն է պետք դնել հովազին` հենց այս մեկին` հեղափոխականին և իջևանցուն, ինչպես նաև շատ շտապ պետք է ոչնչացնել «Զվարթնոց» օդանավակայանի անունը և այն հորջորջել Շառլ Ազնավուր: Ըստ որում` էդ «Շառլի շառը» կարծես թե գցում են որդու վրա` թե բա խնդրել ու առաջարկել է: Էդ խեղճ տղեն` որդին Շառլի, երկու տարի է եկել է` հոր` Կասկադում վաղուց կառուցված մշակութային կենտրոնի վերաբերյալ ծրագիր ու ֆինանս է բերել` հետները հանդիպում ու հանդիպում է` բան դուրս չի գալիս: Հիմա ասում են` օդանավակայանի անունն է ուզում… Մանկամիտ փաստարկ: Մի կողմ ենք թողնում «Զվարթնոց» սակրալ անվան պատմությունն ու իմաստը ջնջելու դեպքում դրա մշակութաբանական բոլոր ծանր հետևանքները. դրանք Նիկոլ Փաշինյանի, Արայիկ Հարությունյանի, Հայկ Մարությանի և ըմմմ… Արթուր Մեշչյանի, ըմմմ… մշակութային քաղաքականության և ըմմմ… քաղաքաշինության շրջանակներում հրաշալի են տեղավորվում: 

Հա, ինչ էի ասում` եկեք հովազին անուն դնենք…

Նիկոլ Փաշինյանի այդքան հավանած ու սիրած ու տիրած ֆեյսբուքում, Հայաստանի առաջադեմ մամուլում, ու նույնիսկ` ստեպ-ստեպ` միշիկ-մեդիայում տասնյակներով են հորդորները, կոչերն ու նախազգուշացումները նրա և իր իշխանության ինքնակործան, անմիտ ու նեղմիտ քայլերի մասին: Տասնյակներով են պատշաճ ու սթափ, որակյալ ու էմոցիոնալ պատասխանները Միշիկի ուղերձներին ու միշիկ-մեդիայի ուղերձներին… Ու Նիկոլը ոչ սրանց, ոչ նրան, ոչ էլ նրանց է պատասխանում: Ոչ խոսքով, ոչ գործով: (Եկեք չնկատենք մանր-մունր կսմիթները: Հարահոսի մեջ դրանք տոկոս չեն կազմում:) Անշնորհակալ բան կլինի սա մեկնաբանելը. անիմանալի է ընթացքն իր տրամաբանության և մտքերի: Կարող ենք միայն ենթադրել, որ նա չինացի Լաո-Ցզիի «հու-ուեյ»` չգործելու, չանելու սկզբունքի իր մեկնությունն է իջեցրել ասպարեզ… Թավշյա, ոչ բռնի հեղափոխության հաղթանակ... ից երկու տարի անց:    

Հակոբ Գրիգորյան  

«Չորրորդ իշխանություն», թիվ 25, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ