Սագա-ն, իհարկե, ասքի, վիպերգության իմաստով:
Բուն Նավասարդի առաջին օրվա` օգոստոսի ՏԱՍՆՄԵԿԻ գիշերը Մասսի տակ ոչ մեծ, բայց Երևանը էապես ցնցած երկրաշարժ եղավ: Իսկ լույսը բացվելուց հետո, ՀՀ ներկայացուցչական-գործադիր իշխանությունը` նախագահը կանչեց և խաղաղ զրույց ունեցավ ՀՀ գործադիր իշխանության` ՀՀ վարչապետի հետ: ՄԵԿ ՕՐ անց այն բանից, երբ վերջինս մի պատրաստակամ ու հաճոյացող ուղերձով շնորհավորեց Բելառուսի չընտրված նախագահ բածկոյի ընտրվելը:
Շաբաթավերջ է, և ամրագրենք, որ այլևս Նավասարդ է: Լայն հասարակության համար, իր ողջ «բուն հայոց» հմայքով հանդերձ, սովորաբար աննկատ անցնող այս իրադարձությունը այս ցնցումային ՔսանՔսան տարում նշանավորվում է օրավուր: Կամ գուցե ես եմ այդպես տեսնում: Գուցե առաջ չեմ նկատել: Բայց դե առաջ ՔսանՔսան չկար, Նիկոլ չկար, Մեսչյան ու Հայկո չկային, ՀՀ բուն սահմանը գրոհելու ադրբեջանական բանակի տապալված ջանք և Նախիջևանում արևմտյան թուրքերի և արևելյան թուրքերի համատեղ, բայց մեր համազգային միահամուռ կամքի առջև անզոր զորավարժություններ չկային: Ամուլսար չկար այնպես ինչպես ՀԻՄԱ կա և Ֆիրդուս չկար… Առաջ Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասի կողքին պայթած պահեստ չկար: Էն էլ ինչպես պայթած… Առաջ ԿԳՄՍ ու ապուշ չափորոշիչ չկար ու դրանց դեմ պայքարող նախկինի ապուշ դասագրքերի հեղինակներ չկային:
Առաջ բածկո երևույթը Հայաստանում ասոցացվում էր բացառապես բարգավաճ բարեգործության ֆենոմենի հետ… Առաջ, բայց… հեղափոխությունից հետո: Թավշյա: Մեր թավշյա: Դե` հիշում եք, էլ մի:
Բայց ամենակարևորը` առաջ համավարակ չկար:
Իսկ էդ առաջից էլ առաջ` երկու տարի ու մի քիչ առաջ հեղափոխությունը չկար: Այո, հենց թավշյա հեղափոխությունը: Մեր:
Ռոբը սկուտեր է քշում: Էնիքը…էն բան-մանը չսառեցնի` նոր են կռ… կռ… վիրահատել: Սևանը բարձր լեռնային, քաղցրահամ ջրով լիճ է: Սևանում քամին էլ, ջուրն էլ սառը կարող են լինել սկուտեր քշող, վիրահատված թոշակառուի համար: Հետաքրքիր է` իսկ կարելի կլինի` դատարանից դատական հայցով անաչառ ստուգման ուղարկել, պարզելու` բան-մանը վիրահատել են, թե… սկուտեր քշելուն են նախապատրաստել:
Մարդիկ, քաղաքացիները, որ հազարներով թավշյա հեղափոխությունն արեցին ԻՐԵՆՑ արդար դատի համար, իրենց ազատության, ընտրության, միջավայրի, շնչելու, աշխատելու, բարեկեցության իրավունքների համար, իրենց ՄԱՐՏԻ ՄԵԿԻ համար, Ամուլսարի չբացման ու մայրաքաղաքի, որպես ՔԱՂԱՔԻ, վերջնական ոչնչացումը թույլ չտալու համար… երկու տարի է հետևում են հեղափոխության առաջնորդ Նիկոլի էքսցենտրիկ տրանսֆորմացիային: Հետևում են ու մեկ-մեկու սփոփում-հուշում-հորդորում, թե դա էլ ոչինչ, դա էլ քննադատենք, չորենք, հայհոյենք եղբայրաբար ու առաջ անցնենք` կյանքը չի սպասում… Ու Նիկոլը, ըստ իրենց` մի քիչ էլ տրանսֆորմացվում է` այլակերպվում: Այլ բան է, որ նույն հեղափոխականների մեջ կան ու լինելու են մարդիկ, որ առաջին իսկ օրերից, 2008-ից ի վեր, չեն վստահել Նիկոլին ու այսօր տեղի ունեցողը կանխատեսել էին դեռ երկու տարի առաջ: Ու իհարկե` վատն էին, ծախված էին ու սերժանտ էին… Իսկ մենք... իսկ մենք եկել ու հասել ենք այս օրվան և … Նավասարդ է: Ծուխն ծխանի և առավոտն Նավասարդի:
Նախագահն ու վարչապետը, դե առավոտ էր, դե զրուցում էին ու կոնսոլիդացված էին: Եվ ադրբեջանցին ու թուրքը ու համավարակը, ու ներքին թշնամին, ու նախկին հանցավոր ռեժիմը` բոլորը հասկացան, որ միասնական են մեր ղեկավարները: Եվ նույնիսկ մենք` բոլորս հասկացանք, որ ահա այսպիսի առավոտյան խորհուրդ-զրույցներ պարբերաբար պիտի լինեն, բայց ոչ ուշացած: Որովհետև, եթե դարձյալ ու դարձյալ ուշացած լինեն` անիմաստ են լինելու: Քանի որ ադրբեջանցին, համավարակն ու թուրքը հասկացան, որ «մենք ուժեղ ենք միասին», բայց բածկօյին ժամ առաջ, օր առաջ գլխապատառ շնորհավորելը, քաղաքական տեքստով, բոլորից առաջ ընկնելն ու շնորհավորելը դավաճանություն էր ազգին, ժողովրդավարությանը, հեղափոխությանը, սեփական տեսակին ( եթե եղել է տեսակ) սեփական անձին (եթե եղել է անձ), ՄԱՐՏԻ ՄԵԿԻՆ և այն հազար-հարյուր-հազարավոր մարդկանց, որ հիմա հայհոյում են: Վերջակետը դրել են ու հայհոյում են: Եվ նույնիսկ ու հատկապես էքսցենտրիկ տրանսֆորմացվող Նիկոլի դեպքում` ԳԻՏԱԿՑԱԿԱՆ դավաճանություն էր:
Մարդը Ռուբիկոնն անցել է: Գիտակցաբար: Մարդը ստորագրել է շնորհավորագիր, որով «ձիու քայլով» ժողովրդի ընտրյալից դարձել է բռնապետականության գաղափարի և դրսևորման հովանավորյալը:
Այսինքն` վերջ է տրվել աստիճանական այլակերպման, հետ ու առաջ, ճիշտ ու սխալ, արդար-անարդար խաղաոճին: Սա անմտությո՞ւն էր, թե՞ անկեղծություն: Ես կասեմ անկեղծություն, չնայած համոզված եմ, որ Նիկոլի այս նոր գրավադրույքը ամենաուշը հաջորդ մայիսին վերջացած է լինելու: Այսինքն` անկեղծ անմտություն է արածը: Այսինքն` բածկոն մինչև եկող մայիս էլ չի ձգելու: Եվ ուրեմն, գլոբալ առումով, պիտի ասեմ, որ ամեն ձիու քայլ անելիս դու քեզ պիտի խաղացող գիտակցես, ոչ թե ձի: Ձին չի կարող և՛ ձի լինել, և՛ շախմատիստ: Իսկ շախմատիստը` հասկանալի է` կարող է, քանի որ խաղի կառավարիչն ինքն է, ինչպիսին էլ որ լինի` վատ կամ լավ: Իսկ երբ մարդն իրեն դնում է ձիու տեղ ու քայլ անում… ոտքերի տակից փախչում են խաղադաշտի վանդակները, կոորդինատները և խաղից դուրս է հայտնվում փայտե ձին…
Ուստի պիտի ամրագրեմ. այն որ ՀՀ նախագահը, երբ Նավասարդի երկրորդ օրը և անցած գիշերվա Մասսյաց երկրաշարժի առավոտյան իր մոտ կանչեց Նիկոլին և զրուցեցին` ի խրատ Ադրբեջանի և Թուրքիայի և համավարակի… առաջին և ամենահիմնական իմաստով հենց ի խրատ Նիկոլի էր և զրույց էր ոչնչի ու ամեն ինչի մասին: Եվ այդպիսի զրույցներ ԻՀԱՐԿԵ պետք է գոնե ամիսը երկու անգամ լինեն հենց այդ ֆորմատով: Դա, իհարկե, բածկո շնորհավորաստորագրածին հետ չի բերի, բայց հեղափոխությունն ու երկիրն էլ այդ ուղղությամբ չի թողնի որ գնան…
ՍԱԿՐԱԼ իմաստով (սա որպես ծաղր ընդունեք, կամ որպես լուրջ մի բան` ձեր գործն է) Նավասարդին նախորդած ամսում կուտակապայթած այս ողջ թնջուկը ազգիս ու երկրիս համար նախազգուշացում էր, երկրաշարժն ու շնորհավորագիրը` կնիք ու ստորագրություն:
Ու եթե նախագահը կարողանա և շարունակի ու անի այս ֆորմատը, իսկ Նիկոլը Չկարողանա և Չանի, այն ինչով և ինչպես իր հետևից վարընթաց տապալման է տանում երկիրը, մենք իրոք կունենանք կոնսոլիդացված հանրություն և ուժեր` նույն այն հեղափոխականներին, որ երկու տարի առաջ Նիկոլին բերեցին իշխանության: Իսկ կտրուկ պակասած անմտությունների պայմաններում մի օր տեղի ունենալիք ընտրություններն ու վերընտրությունները հուսանք` վերջապես որակապես ու քանակապես նորմալ ԱԺ ու կառավարություն ձևավորեն:
Մինչ այդ սակայն Ռոբը սկուտեր է քշում Սևանում, իսկ Նիկոլը շարունակում է հանրորեն ձևանալ, որ ինքը վերընթացի ու հեղափոխության շարունակականության շեֆն է: Նույնիսկ և հատկապես բածկոյին հղած շնորհավորագրից հետո: Ի դեպ` իրավունք ունի, քանզի իրոք կարող է իր փայփայած անմիտ էքսցենտրիզմով ինքզինքը փայտե ձիու կարգավիճակում լիովին տապալել ու դնել վերջակետ: Ոչ սակայն և ոչ երբեք հեղափոխության ու երկրի համար:
Բայց այս պահից սկսյալ ինքն էլ, նախագահն էլ, որևէ մեկս էլ` Նավասարդն ու իր երկրաշարժը հիշենք (ՍԱԿՐԱԼ իմաստով սա որպես ծաղր ընդունեք կամ որպես լուրջ մի բան` ձեր գործն է):
Հակոբ Գրիգորյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 22, 2020