...

Սերս գաղտնի թող մնա

Սերս գաղտնի թող մնա

Երեկ ԱԺ ՔՊ-ական փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հարցին՝ դուք տեղեկություններ ունե՞ք, թե Հայաստանը դեմարկացիայի և դելիմիտացիայի առնչությամբ առաջարկություններ ունի Բաքվին, որի մասին որ հայտարարել է Լավրովը, պատասխանել էր. «Տեղեկություններ ունեմ, բայց կխնդրեմ այդ հարցով դիմեք ԱԳՆ-ին կամ Կառավարությանը»: Գրել էինք, որ փաստորեն Հայաստանն իսկապես առաջարկություն է արել Ադրբեջանին, բայց դրա մասին և՛ ԱԳՆ-ն, և՛ Կառավարությունը լռում են։ Այսօր արդեն հայտնի է դարձել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովը դեռևս չի ստեղծվել։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը՝ «Ազատության» հարցմանն ի պատասխան։ «Ադրբեջանա-հայկական սահմանի կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկելու և գործընթացը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը մղելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք է բերվել 2021թ. նոյեմբերի 26-ին ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների միջև Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում և այդ մասին նշվում է նաև հանդիպման արդյունքներով տարածված համատեղ հայտարարությունում։ Սակայն հանձնաժողովը դեռևս չի ձևավորվել։ Հանձնաժողովի ձևավորման ուղղությամբ նոր տեղեկության առկայության դեպքում հանրությունն այդ մասին պատշաճ կիրազեկվի»,- նշված է արտգործնախարարության արձագանքում։

Հանրությունը պատշաճ կիրազեկվի՞։ Լո՞ւրջ։ Եթե հանրության՝ իրազեկված լինելու իրավունքը կարևորվեր, ապա մենք առաջինը ՀՀ իշխանություններից կիմանայինք, թե ինչ սպասել այս ուղղությամբ։ Հնարավոր է, մենք մինչ այսօր էլ ոչինչ չիմանայինք, եթե չլիներ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը դեռ հունվարի 14-ն բաց տեքստով հայտարարեց, թե Հայաստանը նոր առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողով ձևավորելու հարցով, որը ռուսական կողմի միջոցով փոխանցվելու է Բաքվին։ Լավրովը չէր մանրամասնել առաջարկների բովանդակությունը։ Երեկ էլ Ռուբինյանը չմանրամասնեց, այսօր էլ ԱԳՆ-ն «ջրեց» հարցադրումը։ Ի դեպ՝ վերջին մեկ շաբաթվա կտրվածքով սա ԱԳՆ-ի երկրորդ «ջրոցին է» նույն հարցի առնչությամբ։ Անցած ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանը կրկին հարցում էր ուղարկել Հայաստանի արտգործնախարարություն՝ խնդրելով մանրամասներ ներկայացնել։ Արձագանք մինչ այսօր չի եղել։ Ուստի՝ մեզ մնում է բավարարվել Լավրովի հայտարարություններով, ըստ որի՝ սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովը կձևավորվի մոտ ապագայում։ Ռուսներին առաջարկվել է այդ հանձնաժողովում խորհրդատու ընդգրկվել՝ «հաշվի առնելով ռուսական գլխավոր շտաբում, այլ կառույցներում գոյություն ունեցող քարտեզները, որտեղ արտացոլված են նախկին ԽՍՀՄ ձևավորման տարբեր փուլերն ու միութենական հանրապետությունների միջև վարչական սահմանների փոփոխությունները»։ Իսկ եթե ուզում ենք տեղեկացված լինել և իմանալ, թե ինչ է առաջարկել Հայաստանի իշխանությունը Բաքվին, ապա պետք է շարունակենք ակնդետորեն հետևել ռուսական լրատվամիջոցներին։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1624 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ