...

Շաբաթվա իրադարձությունները

Շաբաթվա իրադարձությունները

Գովազդային պաուզան

Անցած շաբաթը կարելի է որակել որպես հիվանդ շաբաթ, որի սիմպտոմներն էին կատաղությունը, ջղաձգությունը, ալերգիան և հոգեկան շեղումները: Ու սա՝ դեռ չհաշված կորոնավիրուսը: Քարոզչական դաշտում քոչարյանականներն անցան լայնածավալ հարձակման՝ նորանոր ռեսուրսներ և ուժեր ներգրավելով:

Թեպետ, մի պահ պաուզա տվեցին: Շաբաթվա կատաղի հարձակումները դադարեցին մի երկու ժամով, երբ քոչարյանականները կարկամած ու շլացած էին մնացել Ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից, երբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տպավորիչ և բազմաթիվ էֆեկտներով գեղեցիկ հուշ-երեկո կայացավ: 

Եթե այս տարելիցը լիներ նախկին իշխանությունների օրոք, ապա առավելագույնը, ինչ կկարողանային անել, մի երկու հատ դրոշ վառել, հանրապետական տիկնայք ծափ ու ծիծաղով, տրնգի պարելով, մի-մի ծաղիկ ձեռքները վերցրած, ֆոտոսեսիայի ներքո քայլելու էին, Գարեգին Բ.-ն՝ Գագիկ Հարությունյանի և Քոչարյանի ձեռքը բռնած, տխուր դեմքի արտահայտությամբ կանգնելու էր տեսախցիկների առջև, երիտահանրապետականները դողը սրտներում, մեթան-էթան գազով լիցքավորված փուչիկները թափահարելով, վանկարկումներ անելով սպասելու էին, թե երբ է այդ փորձությունն ավարտվելու ու վերջ: Դրանից այն կողմ միտքը, ֆանտազիան չէր գործի: 

Փրկել շարքային Քոչարյանին

Դրա համար էին մնացել պլշած: Ո՜նց, խի սենց հնարավո՞ր է: Բայց ընդամենը երկու ժամ: Հետո ուշքի եկան և հիշեցին, որ Հայաստանը բռնապետություն է, իշխանությունը հանցագործների ձեռքում է: Եվ միակ փրկությունը Քոչարյանն է: Նա էլ թարսի պես նստած է: Ստիպված Գարեգին Բ-ին ներքաշեցին, Մոսկվայից 50 դոլարով Անդրանիկ Միհրանյանին բերեցին, հետո գրեցին, թե երկրի գլխավոր դատախազն ու ՀՔԾ պետը վարչապետի ոտերն էին ընկել, որ մի բան անի, Քոչարյանին ազատ արձակի:

Այնպիսի տպավորություն էր, որ ուր որ է, երկրում հեղաշրջում է կատարվելու, իշխանություններին 5 րոպե կամ 5 շաբաթ է մնացել, ու դրանից ազդվեց նաև Միքայել Մինասյանը: Երևի մտածեց, որ հեղաշրջումն առանց իրեն են անում, դրա համար էլ որոշեց մի հատ առանձին իշխանափոխություն անել և հայտարարեց դրա մեկնարկի մասին:

Այնպես էլ հուզիչ տեքստեր է գրում՝ էպիտետներով ու թևավոր խոսքերով համեմված, որ ուզում ես այդպես էլ ասես՝ դու իշխանափոխության հետ գործ չունես, դու գրի, քո մոտ լավ է ստացվում, վերջում էլ կհրապարակես հոդվածների ժողովածուդ՝ «Վատիկանի հակառակ կողմում» վերնագրով:

Իսկ ո՞ւր ենք արդյունքները

Բայց մյուս կողմից էլ, 2 տարվա ընթացքում իշխանություններին հաջողվել է Միքայել Մինասյանի գործունեությունը տնտղելով, ընդամենը ինչ-որ բաժնեմասերի առքուվաճառքի շուրջ անհամապատասխանություն գտնել և դրա հիման վրա քրեական գործ հարուցել: Անկեղծ ասած, ավելի լավ է՝ չհարուցեին: Եթե Միշիկի գործած մեղքը միայն դա է, ապա համարեք, որ սուրբ մարդ է: Նման մեղադրանք կարելի է ցանկացած մարդու ներկայացնել: Ոչ ոք երաշխավորված չէ փաստաթղթային անճշտություններից: Եթե սա դիտարկենք Մ. Մինասյանի պաշտպանական կողմի տեսանկյունից:

Եվ ընդհանրապես, արդեն 2 տարի է անցել, կարո՞ղ ենք նշել, թե նախկին իշխանությունների կատարած հանցագործությունների, թալանի, ապօրինի հարստացման փաստերով ինչ գործեր են հարուցվել և ինչ արդյունքների են հասել իշխանությունները: Մարտի 1-ի գործով Քոչարյանն է ազատազրկված, բայց իր ահռելի կապիտալը ոնց կա, այդպես էլ մնում է, ու լավ էլ ծախսվում է: Սերժ Սարգսյանի մասով մի հատ դիզվառելիքի գործ է, Միքայել Մինասյանի պահով՝ մի հատ բաժնեմասի վաճառքի գործ, ինչը նրան չի խանգարում շարունակել իր բիզնես և քաղաքական գործունեությունը: Սուրիկ Խաչատրյանի՝ «Լիսկայի»՝ «Մոնումենտում» կառուցած վիթխարի դղյակի գործը ջրվեց, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն է նստած, մնացածները կամ տանը նստած են, կամ՝ փախած, բայց ամենակարևորը՝ բոլորի կապիտալները մնում են իրենց տեղերում: 

Արցախյան հիմնահարցի վեթինգ էլ է պետք

Դատավորների մասով պարզվեց, որ ոչ մի վեթինգ չի լինելու, այսինքն՝ ժամանակին իշխանությունների պատվերները իրականացրած, դակած ու հարյուրավոր անմեղ մարդկանց դատապարտած դատավորները մնալու են իրենց տեղերում: 

Ու սա դեռ՝ նվազագույնն ենք ասում. բա արցախյան հիմնահա՞րցը: Բանակցային գործընթացի վերաբերյալ ոչ ոք ոչինչ չի հասկանում ու չի իմանում: Այն, որ ասում են՝ «Արցախը Հայաստան է և վերջ», դա ներքին սպառման համար է, իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներքին սպառման խողովակներով չի տեղեկանում բանակցային գործընթացի, դրա վերաբերյալ Հայաստանի ու Արցախի դիրքորոշումների մասին: Մի տարի կարելի է ասել, երկու տարի, բայց, ի վերջո, բանակցային գործընթացը մի բան է, որտեղ կարգախոսներով չեն հարցերը լուծվում: Նույնիսկ կորոնավիրուսի պայմաններում խոշոր գերտերությունները, նկատի ունենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, շարունակում են իրենց առաքելությունն իրականացնել: Որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում սիրուն միջոցառում էիք կազմակերպել, դա լավ է, բայց դրանից կոնֆլիկտի լուծման ոչ մի տեսլական չի ծնվում: 

Читать на русском

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ