ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը դիմել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին, ԵԽԽՎ նախագահ Ռիկ Դեմսին, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միատովիչին՝ անդրադառնալով Ադրբեջանի գործողություններին.
«Ինչպես արդեն տեղեկացված եք, հուլիսի 12-ից ԵԽ անդամ Ադրբեջանի զինուժը հետևողականորեն, տարբեր տրամաչափի զենքերից հրետակոծում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանային բնակավայրերը։ Նշանակետի տակ են Տավուշի մարզի բնակավայրերը, որոնք ահա արդեն երկու օր է ադրբեջանական կրակահերթերի նշանառության տակ են, և գնդակոծությունն իրականացվում է այնպիսի եղանակով, ինչը իրական սպառնալիք է քաղաքացիական բնակավայրերին, բնակիչների առողջությանն ու կյանքին, նրանց սեփականությանը: Սահմանամերձ Մովսես գյուղի հրետակոծության հետևանքով վնասվել է բնակելի տուն, որտեղ այդ պահին եղել են չորս անչափահաս երեխաներ»։
«ՉԻ». Ապրի Նաիրա Զոհրաբյանը, կեցցե ինքը, ազգանվեր, հայրենանվեր գործ է անում, իզուր չի իր աշխատավարձերն ու պարգևավճարները ստանում, հալալ է:
Բայց մեր ուշադրությունն այլ բան գրավեց. ի՞նչ եք կարծում, օրինակ, երբ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը դիմում է միջազգային կառույցներին, նրանց ղեկավարներին, այն էլ այնպիսի թեմայով, ինչպիսին՝ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն են, նրանց գնդակոծությունները, տուժած քաղաքացիները, ապա ի՞նչ լուսանկար պետք է նման գրառմանը կցվի:
Հավանական պատասխաններից են՝ գնդակոծված ինչ-որ տուն, փլուզված տանիք, չպայթած արկ, վիրավոր և հիվանդանոցում պառկած մարդ... մի խոսքով, լուսանկար, որն արտացոլում է Ադրբեջանի գործողությունների հետևանքները:
Իսկ ի՞նչ լուսանկար է տեղադրել իր գրառման հետ Նաիրա Զոհրաբյանը. իր լուսանկարներից մեկը, որտեղ նա ռոմանտիկ տեսքով ֆոտոսեսիա է անում: Ինչպես դասականը կասեր՝ խենթանոց է:
Մենք ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին խորհուրդ կտայինք հայ-ադրբեջանական հարաբերությունների, հակամարտության, հակառակորդի կողմից մարդու իրավունքների խախտման հարցերով զբաղվելիս ինքնափիառի դրսևորումները մի պահ մոռանալ: Չգիտենք էլ, կհասկանա՞ ինքը, որ դա ամոթ է, ծիծաղելի ու միաժամանակ՝ տխուր, երբ երկրի առանցքային պաշտոններից մեկը զբաղեցնող անձը այսպիսի նարցիսիզմով է տառապում: