...

Սփյուռքը պետք է վերաարժևորի առաջնահերթությունները

Սփյուռքը պետք է վերաարժևորի առաջնահերթությունները

Գիշերվանից հայկական սոցիալական ցանցերում էյֆորիա է: ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ձայների ջախջախիչ մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը: Բայց սա դեռ առաջին քայլն է՝ առջևում կա Սենատի քվեարկությունը և դրա դրական արդյունքի դեպքում նախագահի վավերացումը: 

Ներկայացուցիչների պալատում գրեթե միաձայն քվեարկությունը (դեմ 10 կոնգրեսական, որոնք թուրք-ամերիկյան հանձնախմբի անդամներ են) հուշում է, որ բանաձևի ընդունումը ներկա քաղաքական կոնիեկտուրայում չափազանց մեծ է: Բանաձևի ընդունման հավանականությունը մեծ է նաև պայմանավորված նախագահ Թրամփի անձով և նրա վարած քաղաքականությամբ: Նրա օրոք Միացյալ նահանգները կայացնում են որոշումներ, որոնք խոստացվում էին տասնյակ վարչակազմերի կողմից, սակայն այդպես էլ չէին դառնում իրականություն: ԱՄՆ-ը մի քանի տասնամյակ Իսրայելին ու հրեական լոբբիին խոստանում էր, որ դեսպանատունը կտեղափոխի Երուսաղեմ, բայց միայն Թրամփը կայացրեց այդ կամային որոշումը: Իմիջիայլոց, մահմեդական աշխարհում, Պաղեստինից հետո, ամենից շատը այդ որոշումից վրդովված էր Թուրքիան:

Վերադառնանք մեր օրակարգին և հասկանանք, թե դա ի՞նչ է տալու մեզ: Մեծ հաշվով ոչինչ: Թերևս Թուրքիան չկարողանա այլևս այդպես բարձր ու ցինիկորեն  ժխտել Հայոց ցեղասպանությունը: Բայց քաղաքական և իրավական առումներով դժվար թե այն էական հետևանքներ ունենա:

Խնդիրն այլ տեղ է: Տասնամյակներ շարունակ հայկական սփյուռքի պոտենցիալը օգտագործվում և մաշեցվում էր ցեղասպանության ճանաչման գործընթացի համար: Աշխարհի թիվ մեկ գերտերության կողմից ցեղասպանության իրողության վերջնական ամրագրումից հետո մեզ մոտ պետք է նոր պատկերացումներ առաջանան Հայաստան-Սփյուռք կապերի և նրա պոտենցիալի օգտագործման առումով:

Այստեղ մեծ դերակատարում ունի Հայաստանի արտգործնախարարությունը և Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը: Սակայն էլ ավելի մեծ անելիք ունեն սփյուռքում գործունեություն ծավալող հայկական ավանդական կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները: Շատ բան կախված կլինի դրանցից ամենաազդեցիկներից՝ Դաշնակցության վարքագծից: Նրանք իրենց մեջ պետք է ուժ գտնեն գիտակցելու իրողությունների փոփոխությունները, ակցենտները նորովի դնելու անհրաժեշտությունը: Իհարկե, դժվար է ընդունել, որ տասնամյակների գործը վերջանում է, հատկապես ոչ թե սեփական պայքարի արդյունքում, այլ գերտերության մեկ այլ պետության հանդեպ մահակի քաղաքականության իրագործման արդյունքում, բայց իրողության անտեսումը էլ ավելի վատ հետևանքներ կունենա հենց ավանդական կուսակցությունների համար: Նրանց գործունեության հիմքում այլևս պետք է դրվի միակ նպատակը՝ Հայաստանին օգնելու տարածաշրջանում դառնալու գործոն: Եվ դա պետք է արվի առանց հաշվի առնելու, թե ով կամ ովքեր են այդ պահին Հայաստանում իշխանություն:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   5410 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ