...

Սրբագրված կենսագրություններ

Սրբագրված կենսագրություններ

Ազգային Ժողովի պաշտոնական կայքում արդեն տեղադրվել են 8-րդ գումարման պատգամավորների կենսագրությունները: Որոշեցինք աչքի անցկացնել: Դե, գաղտնիք չէ, որ մեր շատ պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ՝ նախկին, թե ներկա, երբեմն սրբագրում են իրենց կենսագրությունները, բաներ կան, որ ավելացնում են, որոշ էջեր էլ թաքցնում են: Հին, բարի հայկական սովորություն է դա:

Առաջինը նայեցինք ԱԺ նախագահության անդամների կենսագրությունները: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կենսագրության էջը բավական հագեցած էր տարբեր տեղեկություններով, փաստերով: Դժբախտաբար կամ բարեբախտաբար, նայած՝ ում համար, ոնց որ թե անճշտություններ կամ կասկածելի տվյալներ չկային:
ԱԺ փոխնախագահներից Հակոբ Արշակյանի կենսագրության էջը, ընդհակառակը, դատարկ էր: Չնայած մենք գիտենք, որ նա կենսագրություն ունի: 

ԱԺ փոխնախագահներից Ռուբեն Ռուբինյանի կենսագրությունում, արդեն հետաքրքիր պահ կա. ընդամենը մի քանի օր առաջ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը նրան մեղադրեց, որ ոչ ոք չգիտի, որ Ռուբինյանը 2017-18 թվականներին Թուրքիայում է եղել՝ կրթական-հետազոտական ծրագրի շրջանակներում: Ռուբինյանն էլ ասաց, որ դա գաղտնիք չի, իսկապես եղել է, պարզաբանումը տվեց, մենք էլ ստուգեցինք Վիքիպեդիայում, ամեն ինչ ճիշտ էր: 

Հիմա Ռ. Ռուբինյանը բռնել, հանել է Թուրքիայի Սաբանջը համալսարանին կից գործող «Ստամբուլի քաղաքականության կենտրոնում» սովորելու և հետազոտություն իրականացնելու մասին տեղեկությունը: Յանի ի՞նչ. սաղ աշխարհը դրա մասին գիտի, Վիքիպեդիայում դրա մասին նշված է, այդտեղ ի՞նչ կա վախենալու: 

Բայց ամենաուժեղը Իշխան Սաղաթելյանինն էր: Ինքն էլ, ընդամենը մի քանի օր առաջ նշում էր, թե ոնց է հյուրանոցային համալիրի տեր դարձել, հպարտ-հպարտ ասում էր, թե առաջին ընկերությունը բացել է դեռևս 2005 թվականին, ուզում էր ասել՝ եսիմ որ թվից գործարարությամբ եմ զբաղվել, հալալ քրտինքով եմ հյուրանոցի տեր դարձել:

Իր կենսագրության մեջ, եթե հանում ենք գիտական և քաղաքական գործունեության տվյալները, մենակ մի բան է գրված. 2019-2021 թվականներին եղել է «Նավասար» ՍՊԸ-ի տնօրեն: Բա ո՞ւր մնաց 2005 թվի ընկերությունը, բա՞ հյուրանոցը: Էս է՞ր իր ամբողջ գործարար անցյալը: Բա ի՞նչ էր այդքան թիթիզանում, մեծ-մեծ բրդում:

Եվ սա դեռ միայն ԱԺ նախագահությունն է:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ