ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը՝ Aravot.am-ի այն հարցին, որ Փաշինյանին էլ են ասել՝ տուր 7 շրջանները, ինչո՞ւ չի տվել, ասել է. «Գոյություն ուներ ոչմիթիզական շարժումը, մինչև պատերազմը գնում էր դա, որ ոչ մի թիզ հող: Լևոն Տեր-Պետրոսյանը որ 98-ին հրաժարական տվեց, ասեց՝ ես գնում եմ, դուք արեք, մի տվեք հողերը, թե տղա եք: Մենք աշխարհի դեմ էինք դուրս եկել, տեսա՞ք, պատերազմի ժամանակ ոչ ոք մեզ չէր աջակցում: Ասում էին՝ արա, 25 տարի ձեզ ասել էինք, որ այսպես պիտի լինի, չեք արել՝ դե հիմա գնացեք: Այսինքն՝ թող ոչ ոք մեղքը չգցի: Քոչարյանն էլ թող իմանա, որ ինքը երբեք Հայաստանում ղեկավար չի դառնա էլ, այս ժողովուրդը թույլ չի տա: Նույնիսկ պարտվել ենք, ժողովուրդը էլի 50%-ից ավելի ձայն տվեց, որովհետև ինքը մերժեց նախկիններին»:
«ՉԻ». Որ Քոչարյանը արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի հերն անիծել է, Ղարաբաղի հարցի պատրվակով Հայաստանում իշխանություն է վերցրել, որ իր օրոք Հայաստանի դիրքերը աստիճանաբար թուլացել են միջազգային ատյաններում, սա հասկացանք: Որ Սերժ Սարգսյանը չի կարողացել կամ չի ցանկացել լուծել Ղարաբաղի հարցը՝ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, որ իր օրոք Ադրբեջանը պարբերաբար նոր պահանջներ է դրել, սա հասկացանք:
Բայց ի՞նչ կապ ունի սրա հետ Նիկոլ Փաշինյանը: 85 տոկոս հանրային վստահություն ուներ, ո՞վ էր ձեռքը բռնել, թող լուծեր: Չէր լուծել, քանի որ գոյություն ուներ ոչմիթիզական շարժո՞ւմ, ինչպես Գուրգեն Մելքոնյանն է ասում: Իսկ ո՞վ էր այդ ոչմիթիզականության գաղափարախոսության ջատագովներից մեկը: Նույն Նիկոլ Փաշինյանը: Ինքն էր, չէ՞, Խորենացի փողոցում դավաճանություն համարում Լավրովի պլանն ընդունելը: Ու հիմա ի՞նչ է ստացվում. որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տանուլ տվեց պատերազմը, քանի որ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ով Լավրովի պլանը ընդունի, դավաճան է: Այսինքն՝ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն ինքն իր վրա քֆուր էր դրել: Դրա համար էլ չլուծեց հարցը:
Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց տեղն ունեն, բայց Փաշինյանը և իր թիմը թող իրենց աղետները նրանց վրա չբարդեն: Պատերազմը դուք եք ընտրել, ոչ թե նախկինները: