ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր խորհրդական է նշանակել 23-ամյա Մանե Մարկոսյանին:
Լրագրողների այն հարցին, թե այդ աղջիկն ինչպե՞ս պետք է օգնի, երբ ոչ փորձ ունի, ոչ մասնագիտական հմտություն, ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանն ասել է. «Չի կարելի այդպես արտահայտվել, դուք ի՞նչ գիտեք՝ մասնագիտական փորձ ունի՞, թե՞ չունի: Սպեցիֆիկ ոլորտ է, կառավարչական աշխատանք է իրականացվում և յուրաքանչյուր օգնական իր ղեկավարին…հիմա այստեղ՝ ԱԺ-ում օրենսդրական նախաձեռնություններով են հանդես գալիս, պարտադիր բոլորը իրավաբաննե՞ր են՝ ոչ, իրենց օգնականները մե՜ծ փորձ ունեցող մարդի՞կ են»:
«ՉԻ». Իսկականից, էս մեր լրագրողներն էլ են հուսահատեցնում: Ասել ասողը. ի՞նչ գիտեք՝ այդ աղջիկն ինչ խորհուրդներ է տալիս, ոնց է աշխատում: Առանց իմանալու կասկածելի հարցեր եք տալիս:
Մինչդեռ, ենթադրում ենք, հրաշալի խորհուրդներ է տալիս: Հա, երբ նախարարի համար կոֆե է դնում, խորհուրդ է տալիս մեջը շաքար չգցել, իսկ եթե էսպրեսո է սարքում, մասնագիտորեն բացատրում է էսպրեսոյի առավելությունները արաբիկայի նկատմամբ:
Պլյուս, երբ նախարարը որևէ տեղ աշխատանքային այց է ունենում, խորհուրդ է տալիս, թե որ այցի դեպքում փողկապը ոնց կապի: Սահման գնալուց պետք է «Վիկտորիա» ոճի փողկապ կապել, ՔՊ վարչության նիստին պարտադիր պետք է կրել թավշյա փողկապ՝ «կովբոյ» ոճի: Ինչ-որ մեկը սա պետք է, չէ՞, խորհուրդ տա:
Այնպես որ, ՊՆ նախարարի նոր խորհրդականի պարտականությունների շրջանակը բավական մեծ է, թողեք, թող հանգիստ աշխատի: Ի զեն: