...

Ճահիճի մեջ, ճահիճի հետ

Ճահիճի մեջ, ճահիճի հետ

Վրեժի պատկերը

«Վախկոտի մշտական երազանքն է՝ ինչ-որ հերոսական բան անել և չտուժել» (անհայտ հեղինակ, բայց հայտնի պատմություն): 

Այոո՜, պինդ են բռնել իշխանությունների բկից: Նույնիսկ մի րոպե էլ չեն թողնում, որ թպրտան: Կարծես ճահճի մեջ լինեն: Ինչքան փորձում են դուրս գալ, այնքան ավելի են խրվում: Շատ դարդ չէինք անի սրա համար, պարզապես Երրորդ Հանրապետությունն էլ հետներն են քաշում ճահճի մեջ: 

Նիկոլ Փաշինյանն էն օրը հենց դա էր ասում. թե խեղդվեմ, պետությունն էլ հետս է խեղդվելու: Որովհետև պետություն ասելով՝ նա բացառապես իրեն նկատի ունի: Ոչ թե հանրությունը, ոչ թե Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը, քաղաքացին, պատմությունը, հայոց լեզուն, հայոց բանակը... դրանք ժամանակավոր, փոխարինվող, վերացող, ջնջվող արժեքներ են, հաստատուն արժեքը միայն ինքն է: 

Շատ լավ գիտակցում է, թե ուր է տանում Հանրապետությունը: Հետևանքներն էլ է հասկանում: Չէ՞ որ ինքն է տարիներ առաջ շատ հստակ, մատչելի կերպով գրել, թե ինչ դառը փորձություններ են սպասվում Վրաստանին, եթե պատերազմում պարտված Սաակաշվիլին շարունակի կառչած մնալ աթոռին: Գրագետ ձևակերպել է, որ պարտված ղեկավարը, որքան էլ խելոք ու հայրենասեր լինի, մեկ է, այլևս անկարող է թոթափել պարտվածի հոգեբանությունը, ու ինչքան մնա, այնքան պարտվողականությունը վիրուսի պես կտարածվի հանրության մեջ: 

Պայքար իրականության դեմ

Գիտակցում է այսքանը, բայց չի հաշտվում իրականության հետ: Դա լեզվի սայթաքում չէր, որ ասում էր, թե իրականությունը չի համապատասխանում իրենց պատկերացումներին: Ոչ թե ընդդիմությունն է իր գլխավոր հակառակորդը, ոչ թե Լևոն Քոչարյանը կամ Ալեն Սիմոնյանի ազգականը, ոչ թե Ալիևն ու Պուտինը, այլ իրականությունը: Որովհետև Ալիևը կամ Լևոն Քոչարյանը իր պատկերացումներին համապատասխանում են, իսկ իրականությունը՝ ոչ: Ամենաշատը դա է իր էգոն խոցում, հարվածում ինքնասիրությանը: 

Ու իր պատկերացումների մեջ աստիճանաբար տեղը կորցնում են նաև Հայաստանը, անկախությունը, Շարժումը, Արարատ սարը, Արցախը: 

«1+1» ֆրանսիական ֆիլմում մեծահարուստ Ֆիլիպը օգնական Դրիսին հարցնում է, թե ինչո՞ւ են նկարիչները նկարում, կտավներ ստեղծում: Դրիսը պատասխանում է, որ երևի շահութաբեր է: Ոչ, արձագանքում է Ֆիլիպը, դա պատմության մեջ հետք թողնելու միակ ձևն է: 

Նիկոլ Փաշինյանի մոտ դա արդեն գերագույն նպատակ է դարձել. հետք թողնել պատմության մեջ: Սկզբից երազում էր այնպիսի հետք թողնել, ինչպես Նապոլեոնը, Վաշինգթոնը կամ ծայրահեղ դեպքում Ռոբեսպիերը: Չստացվեց: Չկպավ: Հիմա լրիվ ուրիշ իրականության մեջ է, և ինքն այդ իրականությունից վրեժ է լուծելու: 

Մի տեսակ Փաշինյանի հոգեբանական պատկերը նկարագրեցինք, բայց ոչ պատմության մեջ հետք թողնելու համար: Այդպիսի ամբիցիաներից հեռու ենք: Պարզապես անիմաստ համարեցինք հիշեցնել, թե անցնող շաբաթվա մեջ մեր երկրի ղեկավարները կոնկրետ ինչ մտքի տվայտանքների մեջ էին, ինչ են բլթացրել անկախության մասին, լեզվի, օրհներգի, և ընդհանրապես այն ամենի մասին, ինչը թույլ էր տալիս մեզ ազգ համարել: Այդ բլթոցները ճահիճից հնչող հուսահատության, անկարողության, քաղաքական իմպոտենտության ճիչեր են: 

Կայծ

Անցնող շաբաթ միակ դրական... այսպես ասենք՝ կայծը, դա ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի վարքագիծն էր: «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» համաժողովում նա չվարանեց գովեստի խոսքեր ասել օրերս կալանավորված «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի հասցեին, ներկայացրեց վերջինիս հրատարակած գիրքը և վերջում կոչ արեց ծափահարել նրան: 

Չգիտենք՝ սա ինչ էր. զորակցություն կալանավորված մարդուն, անհամաձայնություն իշխանությունների որդեգրած քաղաքականության հետ, թե՞ խղճի, բարոյականության պոռթկում: Դրա համար ենք ասում՝ առայժմ կայծ է: Իսկ կայծը կարող է մեկանգամյա լինել, կարող է նաև հրդեհ առաջացնել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   534 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ