...

Վարչապետը որոշել է գրել «Ուտոպիայի» սիքվելը

Վարչապետը որոշել է գրել «Ուտոպիայի» սիքվելը

Նոր տարվա կառավարության առաջին նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը շատ երկար խոսեց նոր տնտեսական հնարավորությունների մասին: Նա համոզմունք հայտնեց, որ կառավարությունն արդեն շատ բան է արել, և հիմա հերթը ժողովրդինն է: Առանցքում երկու արված գործ էին՝ էժանանում են ինքնաթիռների տոմսերը և միկրոբիզնեսը ազատվում է հարկերից: Տնտեսական փոփոխություններից հետո Փաշինյանը անցավ սիրելի թեմային՝ ՀԴՄ-ներին: Մի քանի վիճահարույց մտքեր հայտնելուն զուգահեռ, վարչապետը, ինչպես հաճախ է իր հետ պատահում, հանգեց ֆանտաստիկ եզրահանգումների: Որակումը բացարձակ չափազանցված չէ:

Վարչապետը համոզմունք հայտնեց, որ հնարավոր է մշակել այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնց արդյունքում քաղաքացիները կստանան վերահսկողական գործառույթներ և արդյունքում կվերանա ՊԵԿ-ի և այլ տեսչական մարմինների անհրաժեշտությունը:

Օրեր առաջ վարչապետը արեց գրառում, որով ավետեց, թե 2019 թվականին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով անցել ենք Ադրբեջանին: Ժամանակ հետո, նա ստիպված եղավ խմբագրել գրառումը, ներողություն խնդրել և հույս հայտնել, որ դա, այնուամենայնիվ տեղի կունենա 2020 թվականին:

Ինչու հիշեցինք այս դեպքը: Աննախադեպության սինդրոմը հաճախ է համակում վարչապետին: Ըստ նրա պատկերացումների, մենք առաջիկայում ստեղծելու ենք այնպիսի տնտեսություն և հասարակություն, որտեղ պետական շատ մարմինների անհրաժեշտությունը վերանալու է: Մասնավորապես ՊԵԿ-ի և տեսչական մարմինների գործառույթները իրենց վրա են վերցնելու գիտակից քաղաքացիները:

Փաստացի դեռ Ադրբեջանին չանցած, խնդիր է դրվում միանգամից անցնել ԱՄՆ-ին, Գերմանիային, Ճապոնիային, Չինաստանին: Իսկ անցած կլինենք, քանի որ այդ պետությունները դեռևս չունեն լուծումներ և հետամնաց կերպով շարունակում են պահել հարկային և վերահսկողական մարմիններ:

Վարչապետը իր տեսլականները բացատրում էր ընտանիքի օրինակով: Նա իր փաստարկները հիմնավորում էր այսպես. «Չէ՞ որ մենք ընտանիքում չենք պահում հարկային տեսուչ, որ հսկի մեր գնումները»: Պարոն Վարչապետ, մի գուցե ոստիկանությո՞ւնն էլ լուծարենք: Չէ՞ որ ընտանիքում ոստիկան չենք պահում, որ կանխի հնարավոր գողությունները կամ մնացած հանցագործությունները:

Ընդհանրապես այսպիսի տաղանդներով ոչ թե «Երկրի հակառակ կողմ» էր պետք գրել, այլ Թոմաս Մորի «Ուտոպիայի» շարունակությունը:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1590 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ