...

Վարչապետը պետք է տարրական հարգանք ունենա ընտանիքի անդամների նկատմամբ

Վարչապետը պետք է տարրական հարգանք ունենա ընտանիքի անդամների նկատմամբ

Կառավարությունը նախաձեռնել է սահմանադրական փոփոխություններ: Մի բան, որ խոստացել էր հեղափոխության ժամանակ, սակայն անցած 20 ամիսների ընթացքում որևէ քայլ այդ ուղղությամբ չէր անում: Ավելին, բոլոր հիշեցումներին տալիս էին խուսափողական պատասխաններ: Հիմա մասնագիտական հանձնաժողով ձևավորելու փուլ է սկսվել, սակայն կարևոր հարցերը մնում են գաղտնիք:

Պարզ չէ, թե կառավարման ինչպիսի մոդել է նախընտրում իշխող ուժը: Իսկ իշխող ուժը չի կարողանում այդ պարզ հարցին տալ քիչ թե շատ բանական պատասխան, քանզի չգիտեն Փաշինյանի դիրքորոշումը: Վարչապետը սկսել է գործընթաց, բայց չի շտապում արտահայտել այդ չափազանց կարևոր օրակարգի վերաբերյալ իր պատկերացումները: Շատերի մոտ այս իրավիճակը առաջացնում է դեժավյուի զգացում: Սերժ Սարգսյանն էլ նախաձեռնեց փոփոխություններ, սակայն չարտահայտվեց, թե ինչ է ուզում ստանալ: Հետո էլ, երբ փոփոխությունների փաստաթուղթը պատրաստ էր, ասաց, թե ինքը չի ցանկանում խորհրդարանական կառավարման մոդել, բայց ենթարկվում է հանձնաժողովի որոշմանը: Այդ պատճառով իշխանական պատգամավորների պատասխանները ապագա սահմանադրության վերաբերյալ նման են Գալուստ Սահակյանի մտքերի կրկնօրինակմանը: 

Ահա վարչապետից հետո, իշխող ուժի երկրորդ քաղաքական դերակատարի՝ ԱԺ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի պատասխանը, թե ինչ փոփոխություններ են ցանկանում իրականացնել. «Մենք հիմա նոր սկսել ենք աշխատել, ապրել խորհրդարանական հանրապետությունում, որտեղ դեռ չգիտենք՝ այս մոդելն արդյունավե՞տ է, թե՞ ոչ։ Անձամբ ես իսկապես չգիտեմ։ Մենք դեռ փորձում ենք բարձրացնել խորհրդարանի դերը, պատգամավորների դերը»: Այսինքն՝ քաղաքական հիերարխիայի երկրորդ դեմքը չգիտի՝ գործող համակարգն արդյունավետ է, թե՝ ոչ: Չգիտի՝ գործող համակարգը սպառել է իրեն, թե՝ ոչ: Բայց նախաձեռնել են փոփոխություններ: 

Մեծ հաշվով այսօր իշխող ուժը արդեն հինգ տարի է, ինչ չունի դիրքորոշում Հայաստանի կառավարման սահմանադրական մոդելի վերաբերյալ: 2015թ. Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չմասնակցեց Սերժ Սարգսյանի համար կարված սահմանադրության տապալման գործընթացին, այլև այն անվանելով կեղծ օրակարգ՝ չմտավ բովանդակային քննարկման դաշտ: Եվ հիմա պարզվում է, որ իշխող ուժը ցանկություն ունի փոխել սահմանադրությունը, սակայն չի հայտնում, թե ինչո՞ւ, հատկապես ի՞նչն են ուզում փոխել և ի՞նչ սահմանադրություն են ցանկանում ներկայացնել հասարակությանը:

Եթե մեկը սկսում է տան վերանորոգում, ապա տանեցիներին հայտնում է, թե ինչու է որոշել նման գործ սկսել, ինչը նրան դուր չի գալիս տան մեջ և ի վերջո ինչպիսի վերանորոգված տուն է պատկերացնում: Այս մասնագիտական հանձնաժողովը նման է տարբեր կազմակերպություններից հրավիրված դիզայներների խմբի, բայց պատվիրատուն չի ասում, թե ինչ վերջնարդյունք է ակնկալում ստանալ: Չէ՞ որ դիզայները (իրավաբանների մասնագիտական հանձնաժողովը) կարող է մի հիանալի նախագիծ կյանքի կոչել, որը սակայն բացարձակ չլինի տան սեփականատերերի ճաշակով և պիտանի չլինի բնակության:

Փաշինյանը նախաձեռնել է օջախի վերանորոգում: Նա պետք է բարի լինի և ընտանիքի անդամներից չթաքցնի, թե ինչո՞ւ է ուզում, ի՞նչ է ուզում, ինչպե՞ս է ուզում: Ի վերջո դա տարրական հարգանք է ընտանիքի անդամների նկատմամբ:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2585 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ