«Հատկապես հիմա՝ այս կորոնավիրուսի պայմաններում, երբ իշխող քաղաքական ուժի վարկանիշն է՛լ ավելի է անկում ունեցել, հակահանրապետական թրենդն աշխատող չէ: Դրա համար հիմա մատնանշել, որ՝ ես հանրապետականների հետ չեմ աշխատելու, է՜, մի աշխատիր, դրանից դու ես տուժելու: Հավատացեք, եթե որևէ մեկը 2018թ. ընտրությունների ժամանակ ասեր՝ ես հանրապետականների հետ չեմ աշխատելու, դա նրան որոշակի ձայների քանակ կբերեր, հիմա չի բերելու: Հակահանրապետական թրենդն այլևս նորաձև չէ:
Հակահանրապետական ընտրազանգվածը, որն այսօրվա վարչապետի ընտրազանգվածն է, բավականին փոքրացել է, և, եթե դու հանրապետականներին մերժում ես, այդ ընտրազանգվածի համար ընկալելի չես լինելու: Կհամագործակցե՞ս, թե՞ ոչ, մեկ է՝ այդ ընտրազանգվածի համար դու ընկալելի չես»:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նման մտքեր է հայտնել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
«ՉԻ». Սերժ Սարգսյանի տապալման մեջ իրենց ուրույն լուման ունեն նաև այս կարգի քաղտեխնոլոգները, որոնց Միքայել Մինասյանը պտտեցնում էր այս մեդիայից այն մեդիա՝ համոզելու, որ ոչինչ հնարավոր չէ փոխել, ժողովրդից ոչինչ կախված չէ, ամեն ինչ Կրեմլում է որոշվում և այլն:
Հիմա էլ նույն դեմքերը կրկին նույն մեդիաներով պրոպագանդում են, թե իշխանության վարկանիշն իջել է, իսկ հանրապետականներինը՝ բարձրացել:
Մեկը հարցնի՝ ինչի՞ հաշվին է բարձրացել: Չկա օր, որ որևէ հանրապետականի հանցագործություն չբացահայտվի, կուսակցության ղեկավարը և նրա հարազատները մեղադրվում են տասնյակ միլիոնավոր դոլարների յուրացման մեջ:
Երևի հասարակությունը կարդում է այդ հաղորդագրությունները և սկսում հարգել հանրապետականներին, ոգևորվում, որ երկու տարի առաջ ուներ գործունյա և կյանքի բարիքներից հասկացող իշխանություն:
Բադալյանի մեսիջները հասկանալի են. Քոչարյանի ազդեցության տակ գտնվող ուժեր, մի՛ անտեսեք հանրապետականներին, Սերժ Սարգսյանին ու Միքայել Մինասյանին, նրանց էլ հրավիրեք հակաիշխանական կոալիցիա:
Բայց դեռ հարց է՝ հասարակությունը ավելի շատ նողկում է Քոչարյանից, թե Սարգսյանից, և ով ավելի շատ կտուժի հրապարակային համագործակցությունից:
Այնպես որ՝ որպես առաջնային քայլ՝ մի փոքր մեղմելու իրենց նկատմամբ հասարակական ատելությունը, ճիշտ կանեն վերանայեն հաստիքային քաղտեխնոլոգների կազմը: