«Դժվար կլինի հավաքել 650 հազար ձայն, եթե չօգտագործվի երեք գործոն՝ մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ, վարչական ռեսուրս և ընտրատեղամասերում «որոշակի գործողություններ»: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Արմեն Բադալյանը:
«ՉԻ». Քաղաքագետ Արմեն Բադալյանը պատկանում է քաղաքագետների այն շարքին, որ ամենից շատ են անցած տարիներին վարկաբեկել քաղաքագետի մասնագիտությունը: Այս քաղաքագետն էր, որ տարիներ շարունակ պնդում էր, թե Հայաստանում չի կարող իշխանափոխություն տեղի ունենալ, քանի չկա Կրեմլի ցանկությունը: Հեղափոխությունից անմիջապես հետո, սկսեց գուշակել, որ գործող կառավարությունը չունի երկար կյանք, քանի որ չկա Մոսկվայի աջակցությունը: Այնուհետև համոզում էր, որ Հայկ Մարությանը պարտություն կկրի Երևանի ավագանու ընտրություններին, քանի որ անլուրջ թեկնածու է և կապ չունի, որ վայելում է Փաշինյանի աջակցությունը: Երկու ամիս անց սկսեց միանշանակ պնդել, թե խորհրդարանական ընտրությունների արդյունքում ունենալու ենք կոալիցիոն կառավարություն, իսկ անգամ դրա համար իշխող ուժը ստիպված է դիմել մեծածավալ կեղծիքների: Ամբողջ 2019-ին զբաղված էր գուշակություններով, թե ուր որ է Քոչարյանին կազատեն, որովհետև Մոսկվան ուժեղացրել է ճնշումը:
Ամենայն հավանականությամբ 2020-ին Բադալյանը կկանխատեսի Արցախի հանձնում, Ամուլսարի շահագործում, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում և ամեն դեպքում ստաժը չկորցնելու համար՝ գործող կառավարության հեռացում:
Մի խոսքով քաղաքագետ է, որին պետք է լսել և հասկանալ՝ լինելու է լրիվ հակառակը:
Իսկ ընտրատեղամասերում «որոշակի գործողությունների» ամենայն հավանականությամբ կձգտեն դիմել Բադալյանի քաղաքական պատվիրատուները, որպեսզի ստվեր գցեն հանրաքվեի արդյունքների վրա: Սա շատ հավանական տարբերակ է, և իշխանությունը պետք է պատրաստ լինի այդ մարտահրավերին: