...

Վերընթերցեք և վերջապես անգիր արեք «Գյադաների ժամանակը»

Վերընթերցեք և վերջապես անգիր արեք «Գյադաների ժամանակը»

ՀՀԿ փոխնախագահ, կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Գողական ռոմանտիզմը և հակակրիմինալ պաթոսը մերժել եմ միաժամանակ:

Սոված, անլվա ու թշվառ Հայաստանում Պռոստո Մարիայի հետ կայֆերին նախանձել եմ, որպես դասի ոտքով գնացող, տալոնով հացի հերթում կանգնող ու ընկերների վիդեոյով բաղձալի կասետները աչքերով ուտող երիտասարդ երևանցի։

Հուսամ, նա հասցրել է մեմուարներ գրել, դա ինձ շատ է պետք:

Ես ոչ մեկ եմ նրան գնահատականներ տալու համար։ Նախանձում եմ իրենց ավելի մեծ իրավունքներ վերապահողներին»:

«ՉԻ». Պաթոսի հարցում միանում ենք պրն Աշոտյանին: Մենք էլ պաթոս չենք սիրում՝ ո՛չ կրիմինալ, ո՛չ հակակրիմինալ: Եվ հատկապես չենք սիրում կեղծ ազգայնական այն պաթոսը, որով ՀՀԿ, ՀՅԴ և այլ իշխանական կուսակցություններ կերակրել են հայ հանրությանը:

Կարծում ենք՝ հոգու խորքում Արմեն Աշոտյանն անհարմար էր զգում, երբ իր կուսակիցներն ու գաղափարակիցները Հայաստանն անվանում էին կովկասյան վագր, Բաքվում չայ էին խմում, անտեսելով մեր բանակի բազմաթիվ խնդիրները՝ պնդում էին, որ այն ամենամարտունակն է տարածաշրջանում և այլն: Կարծում ենք նաև, որ պատանի Արմեն Աշոտյանը 90-ականների քաղքենիների զոհն է, որոնք ատում էին մեր երկրի անկախությունը:

Վանո Սիրադեղյանի հուշագրությունները, անշուշտ, չափազանց կարևոր, արժեքավոր կլինեին, սակայն քաղաքական, պետական գործչի մասին ավելի լավ են խոսում չոր, ապացուցված փաստերը:

Վանո Սիրադեղյանը ՆԳ նախարարի պաշտոնը ստանձնեց երկրի համար չափազանց ճակատագրական պահի: Հենց նա՛ ապահովեց բանակի թիկունքը: Ի դեպ, ՆԳ նախարարն օրիորդաց դպրոցում չէր աշխատում, թավշյա մեթոդներով երկրի ներսում կայունություն հաստատել հնարավոր չէր:

Պատանի Արմեն Աշոտյանը բազում երևանցիների պես հանգիստ քայլում էր Երևանի փողոցներով Վանո Սիրադեղյանի շնորհիվ, որովհետև մինչև նրա՝ պաշտոնն ստանձնելը մայրաքաղաքի կենտրոնում անգամ անվտանգ չէր: Կրիմինալը կրակում էր:

Վանո Սիրադեղյանի՝ ՆԳ նախարարի պաշտոնում աշխատելու տարիները ոչ թե թշվառության, այլ հաղթանակի տարիներ էին: Հաղթանակ, որով հետո պետք է հպարտանար Ա. Աշոտյանը:

90-ականների Հայաստանը զերծ մնաց Վրաստանում, Ադրբեջանում, նախկին ԽՍՀՄ այլ տարածքներում բռնկված քաղաքացիական բախումներից: Այստեղ էլ չափազանց մեծ էր Վանո Սիրադեղյանի դերը:

Եզրափակենք՝ բարեկամական խորհուրդ տալով պրն Աշոտյանին: Մի՛ սպասեք Վանո Սիրադեղյանի հուշագրություններին, կարդացե՛ք «Գյադաների ժամանակը»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3462 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ