ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր Լենա Նազարյանի, Թագուհի Ղազարյանի և իմ հրավերով տեղի ունեցավ հերթական մարզային հանդիպումը Եղեգնաձոր քաղաքում։ Այս հանդիպումների ընթացքում մենք առաջարկում ենք քաղաքացիներին «փոխվել տեղերով»։ Մենք հարցեր ենք տալիս և լսում նրանց վերլուծությունները, սպասումներն ու անհանգստությունները։ Ահա այն հարցերի շրջանակը, որը քննարկում ենք․
Ինչո՞ւ տեղի ունեցավ պատերազմը: Արդյո՞ք պատերազմը անխուսափելի էր: Արդյո՞ք հակամարտությունը ուներ խաղաղ լուծում մինչև պատերազմը։
Ի՞նչ եք մտածում բանակի մասին։ Ի՞նչ եք մտածում դիվանագիտության մասին:
Ի՞նչն ենք մենք (մենք՝ որպես պետություն և ժողովուրդ կամ կառավարություններ) սխալ արել:
Մի՞շտ եք այսպես կարծել։ Ինչ-որ բան փոխվե՞լ է Ձեր ընկալումներում պատերազմից հետո։
Ի՞նչ եք մտածում տարածաշրջանում ապաշրջափակման մասին:
Ինչպիսի՞ն պետք է լինեն մեր հարաբերությունները հարևանների հետ»:
«ՉԻ». Что мы делаем, правильно, балуемся!:
Տեսնես հատկապես ո՞ր կրեատիվ ուղեղում է ծնվել այս գաղափարը: Մարդիկ ձեզ ընտրել են, որ գնաք և աշխատեք, գտնեք դժվար խնդիրների լուծումները և ոչ թե գաք ու իրենց զբաղեցնեք: Որպես խաղավարներ՝ բավական թանկ եք նստում հարկատուների վրա:
3 միլիոն վարչապետ ունենալու հետևանքը տեսել ենք, ամեն օր զգում ենք, ժամանակն է դադարել թիթեռ նկարել:
Եթե այդքան մտահոգ եք, գնացեք և մեկ օր գյուղացիների փոխարեն իրենց դաշտերում աշխատեք, նրանց հոտը տարեք դաշտեր և սարեր. գուցե ադրբեջանցիները իմանան, որ պատգամավոր եք ու չգողանան անասուններին:
Իսկ ինչո՞ւ չեք հարցրել, թե մարդիկ ինչ են մտածում պարգևավճարների, ծառայողական ավտոմեքենաների, ուռճացված բյուրակրատական համակարգի մասին: Մի ամսով իսկապես փոխվեք տեղերով, աշխատավարձը թող մնա եղեգնաձորցիներին, ու տեսնենք՝ հաջորդ անգամ խաղալու ցանկություն կունենաք: