...

«Խլուրդներ»՝ Փաշինյանի շրջապատում

«Խլուրդներ»՝ Փաշինյանի շրջապատում

Հունվարի 9-ը դեռ նոր էր սկսվել, երբ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ այլևս չի կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ 

«Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ»,- գրել էր նա:

Միգուցե առաջիկայում իմանանք Վ. Կարապետյանի ազատման իրական պատճառները: Իսկ վարկածներ շատ են շրջանառվում: Բայց մեզ ավելի շատ հետաքրքրեց մեկ այլ հանգամանք. դեռ երկու օր առաջ Վլադիմիր Կարապետյանին աշխատանքից ազատելու մասին գրել էր «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը: Վերջինս ներկայումս թունդ, արմատական ընդդիմության դիրքերից է հանդես գալիս և դժվար է նրան համարել կառավարությանը մոտ կանգնած շրջանակ: 

Իսկ երկու օր առաջ Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Չար լեզուները ասում են, որ շատ շուտով Նիկոլ Փաշինյանի հրամանագրով զբաղեցրած պաշտոնից կազատվի Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, իսկ քիչ ավելի ուշ նույն ճակատագրին կարժանանա Հովհաննես Մովսիսյանը: Փաշինյանը դժգոհ է Վլադիմիր Կարապետյանի աշխատանքից, դրա համար նաև հիմք է հանդիսացել այն, որ Կարապետյանը Պուտինին հարց տալու համար գաղտնի ակրեդիտացիա էր տվել Ռուսթավի 2 հեռուստաալիքի լրագրողին և, որքան էլ զարմանալի է, Փաշինյանը չի կարողացել Կրեմլում կռուտիտ անել թեման: Հովհաննես Մովսիսյանի պարագայում, իմ ունեցած տեղեկություններով, պատճառը ֆեյքերի ֆաբրիկայի ոչ բավարար աշխատանքն է, որի վրա հսկայական միջոցներ են ծախսվում, բայց, ըստ էության, Փաշինյանն ինքն էլ է հասկանում, որ դրանք այլևս քիչ ազդեցություն ունեն հանրային կարծիքի վրա»:

Մեծ հաշվով, էական չէ, Վլադիմիր Կարապետյանին վատ աշխատանքի համա՞ր են ազատել աշխատանքից, թե՞ նրան տանում են արտաքին գործերի նախարարություն (այդպիսի վարկած էլ է շրջանառվում): Ավելի էական է, որ երկրի ղեկավար հանդիսացող Նիկոլ Փաշինյանի ամենամերձավոր, ամենավստահելի համարվող շրջապատից տեղեկատվության արտահոսք կա: Այն էլ այնպիսի աստիճանի արտահոսք, որ իր մամլո խոսնակի ազատման մասին ամենաթունդ ընդդիմադիրներից մեկին են տեղեկացնում: Եթե Նարեկ Սամսոնյանը տեղյակ է վարչապետի քայլերից, նշանակում է՝ դրա մասին բոլորն են տեղյակ:

Վարչապետի գործողությունների, մտադրությունների մասին ցանկացած խոսք դուրս է գալիս շրջապատից: Իսկ դա էլ նշանակում է, որ Փաշինյանի թիմում ճեղքվածք կա, կան իր դեմ գործող խորհրդականներ, օգնականներ: Խոսքը իր ամենավստահելի շրջապատի մասին է: Թե չէ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մասին ընդհանրապես ավելորդ է խոսել: Այնտեղ պատգամավորներ կան, որոնք չեն էլ թաքցնում իրենց հակակրանքը իշխանությունների նկատմամբ և ամեն օր ձայնակցում են քոչարյանական-սերժական շրջանակներին:

Մի անգամ արդեն Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Արթուր Վանեցյանի հետ գաղտնալսեցին, բայց, ինչպես երևում է, դաս չեղավ: Հետևություններ չարվեցին: Դրա համար էլ «խլուրդները» վխտում են կառավարության միջանցքներում: Մեզ ոչ տաք է, ոչ՝ սառը, սա վարչապետի խնդիրն է: Ինքը վստահելի մարդկանց դեֆիցիտ ունի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3688 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ