«Էշի մեկը», «վեր ընկիր տեղդ», «ոչխար», «բերանդ փակի, ա´յ տղա», «անտակտ խուլիգան», «էդ մատդ պետք ա քամակդ մտցնեմ», «կնգա օժիտն ա բերել», «ձենդ կտրիր»...
Սրանք պատառիկներ են ոչ թե 3-րդ մասի 4-րդ նրբանցքի ձախ դալանում քուչի տղերքի վեճից, այլ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նիստից: Չնայած, երրորդմասեցիները կարող են մեզանից նեղանալ, նույնիսկ՝ ատչյոտ պահանջել, ասել՝ ախպեր, ինչի՞ եք մեզ համեմատում էդ դեպուտատների հետ, խի մենք էդ տղերքն ե՞նք:
Լավ, լավ, ներող, ապեր, հասկացանք: Պրինցիպի, ճիշտ եք: Այս խորհրդարանը ոչ մի բանի հետ չի կարելի համեմատել: Ինքն աննախադեպ է, ամենաաննախադեպը վերջին 3000 տարում: Տարածաշրջանի ամենաաննախադեպունակը:
Ռազբորկի թեման էլ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղն է եղել: «Հայաստան» խմբակցությունը առաջադրել էր Ռուբիկ Հակոբյանին: Հիշո՞ւմ եք, որ գործնագործ էինք խաղում, երբեմն «պիտուշոկ» էր լինում, որը ամեն կողմից խաղում էր: Ծը... լավ համեմատություն չի: Չեղարկում ենք:
Մի խոսքով, «Մարտեր՝ առանց կանոնների» մրցաձևի հայկական տարբերակն է: Ուղղակի «Մարտեր՝ առանց կանոնների» մարզաձևում իրար մենակ ձեռ ու ոտով են հարվածում, քացի-մացի տալիս, այստեղ դրանց ավելանում է նաև լեզվակռիվը: Ռուբիկ Հակոբյանն այս մարզաձևում քոքված, ավելի քան 20 տարի թրծված դեմք է, պարապած, 50 մետրից «Ջերմուկի» շշով տոչնի խփում է թիրախին, իսկ Սիսակ Գաբրիելյանն ընդամենը 3 տարվա ստաժ ունի, առայժմ սպորտի վարպետի թեկնածու է, բայց խոստումնալից երիտասարդ է երևում:
Մեկ-մեկ աչքներովս ընկնում է, որ հիմնականում «Կենտրոն» հեռուստաալիքով «Մարտեր՝ առանց կանոնների» են ցուցադրում: Ձեզ ասենք, ստից բան է: Դրա տեղը ուղիղ հեռարձակմամբ միացնեն Ազգային Ժողովի նիստերը, հազար անգամ ավելի դիտարժան է ու դրամատիկ տեսարաններով ավելի հարուստ:
Չմոռանաք պոպկորն վերցնել: