...

Զոհրաբյանը լավ կլինի հրաժարվի հանձնաժողովի նախագահի պաշտոնից

Զոհրաբյանը լավ կլինի հրաժարվի հանձնաժողովի նախագահի պաշտոնից

2018 թվականի հեղափոխության օրերին ոտքի կանգնեց նաև հայկական սփյուռքը: Հանրահավաքներ և բողոքի ակցիաներ տեղի ունեցան գրեթե բոլոր հայաշատ երկրներում ու քաղաքներում: Շատ հայեր այդ օրերին գնեցին ինքնաթիռի տոմսեր և իրենց պարտքը համարեցին գտնվելու Հանրապետության հրապարակում՝ հայրենակիցների կողքին:

Երեկ հրապարակվեց մի ձայնագրություն, որտեղ Նաիրա Զոհրաբյանը սփյուռքի մեր հայրենակիցներին անվանում է մի կտոր լափի համար Հայաստանից հեռացածներ: 

Մենք ուղղակի հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահն է: Իսկ դա ոչ միայն պաշտոն է, դա նաև՝ պարտականություններ և պարտավորություններ են: Ցավոք սրտի, Նաիրա Զոհրաբյանը բացարձակապես չի պատկերացնում, թե ինքը որտեղ է գտնվում, որն է իր գործի առաքելությունը:

Եթե նույնիսկ ընդունենք, որ Նաիրա Զոհրաբյանը տեղին է հանդիմանել սփյուռքահային, ապա դրա համար չափ ու ձև կա, կոռեկտություն, խոսքի և բանավեճի կուլտուրա: Ոչ մի նման հատկանիշ Նաիրա Զոհրաբյանի մոտ չկա: Գոնե այս դեպքում: 

Ավելին, Նաիրա Զոհրաբյանը չի հասկանում, որ սրանով նա ատելության քարոզ է իրականացնում սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների հանդեպ: Նրանց համարում է անհայրենիք, միայն լափի մասին մտածող, նյութապաշտ: Նույն Նաիրա Զոհրաբյանը, որն արդեն քանի շաբաթ է, հենց խոսում է, առաջին նախադասությունը իշխանությունների կողմից ատելության մթնոլորտ տարածելու մասին է: 

Երբ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքների վերաբերյալ ատելություն սերմանող գրառումներ և նյութեր են հրապարակվում, երբ «Շիզոլինի» մականունով մարդամեկը քաղավիացիայի վարչության պետի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ է շաղ տալիս, երբ քոչարյանական լրատվամիջոցներով իշխանություններին ֆիզիկապես ոչնչացնելու, կախելու մասին են խոսում, Նաիրա Զոհրաբյանը չկա: Ինքն այս դեպքերում ատելություն չի տեսնում: Մինչդեռ այդ դեպքերից յուրաքանչյուրը մարդու իրավունքների, նրա արժանապատվության, պատվի աղաղակող ոտնահարում է:  

2018 թվականի հեղափոխությունը նաև արժանապատվության հեղափոխություն էր: Մարդիկ դուրս եկան փողոց նաև այն պատճառով, որ այլևս երբեք որևէ պաշտոնյա առանց հետևանք չկարողանա վիրավորել: Հիմա ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը շատ կոնկրետ և ուղիղ վիրավորում է մեր հայրենակիցներին:

Գործող իշխանությունները հաճախ են սիրում կրկնել, որ հեղափոխությունից հետո բարձրացել է Հայաստանի ինքնիշխանության մակարդակը: Եթե դա այդպես է, ճիշտ պահն է այն ցուցադրել: Խորհրդարանի իշխող մեծամասնությունը պետք է անվստահություն հայտնի Նաիրա Զոհրաբյանին և հեռացնի նրան մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Դա պետք է արվի՝ ուշադրություն չդարձնելով եվրոպական կառույցների հնարավոր արձագանքին:

Խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել Զոհրաբյանին՝ նշելով, որ թափուր մնացած պաշտոնին կարող է հավակնել «Բարգավաճ Հայաստանի» մեկ այլ ներկայացուցիչ, անգամ Ծառուկյանը, բայց ոչ Զոհրաբյանը:

Սրանով Հայաստանի իշխանությունները հստակ կցուցադրեն, որ իսկապես ինքնիշխանության մակարդակը բարձրացել է և միևնույն ժամանակ կպաշտպանեն մեր հայրենակիցների արժանապատվությունը: Հակառակ դեպքում կստացվի, որ Նաիրա Զոհրաբյանը վիրավորեց սփյուռքահայերին, իսկ իշխանությունը դա միայն օգտագործեց ներքաղաքական ճղճիմ նպատակների համար:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2362 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ