...

10 տարի առաջ Վիտալի Բալասանյանը երդվում էր, որ մարտի 1-ից տեղյակ չէ

10 տարի առաջ Վիտալի Բալասանյանը երդվում էր, որ մարտի 1-ից տեղյակ չէ

Վերջին մեկ տարում ականատեսը եղանք մարդկանց կերպարանափոխությունների, երբ մի ժամանակ մի բան էին ասում, հիմա՝ բոլորովին այլ բան: Դավիթ Շահնազարյանի օրինակը ամենավառն է: Քոչարյանին Հաագայում դատելու նախաձեռնությունից հասավ նրան, որ Քոչարյանին քաղբանտարկյալ է համարում:

Երկերեսանիության, կեղծավորության այս ճանապարհի վրա կանգնեց նաև գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը: Հատուկ ենք շեշտում նրա կոչումը, որովհետև նման փառապանծ մարտական կենսագրությամբ վաստակած գեներալի ուսադիրները պարզապես ջուրը գցեց: 

Նախ, պարզապես ապշեցնող է այն, որ Վիտալի Բալասանյանը կոռեկտության, չափի որևէ զգացում այլևս կորցրել է: Նորանկախ Հայաստանի և Արցախի պատմության մեջ չի եղել նման բարձրաստիճան, թեկուզ՝ նախկին գործիչ, որն այսպիսի ատելությամբ արտահայտվեր Հայաստանի գործող և լեգիտիմ իշխանությունների մասին: Երկրորդ՝ նման բացահայտ միջամտությունը Հայաստանի ներքին գործերին խոսում է նրա քաղաքական որակների մասին:

Բայց ամենացավալին Վիտալի Բալասանյանի երկերեսանիությունն է: Տեսեք, գրեթե ամեն օր հայտարարում է, որ Քոչարյանը մարտի 1-ի հետ կապ չունի: Մի ամիս առաջ էլ, սեպտեմբերի 10-ին ընդհանրապես հայտարարեց հետևյալը. «Ի՞նչ է նշանակում՝ բանակը կրակել է, ցույց տվեք մի դեպք, որ բանակը կրակել է: Խոսում են, թե գեներալները եկել են, հրամաններ են տվել, գեներալները կրակել են, 60 հոգի են առանձնացրել։ Ժողովրդի վրա կրակել է Լևոն Տեր-Պետրոսյանն իր խմբով: Կգա ժամանակը, ես էլ տեղյակ եմ Մարտի 1-ի դեպքերից, ես էլ ինֆորմացիաներ ունեմ՝ ինչ է կատարվել: Րոպե առաջ պետք է այդ երևույթին գնահատական տալ, և ազատության մեջ լինի Ռոբերտ Քոչարյանը»:

Այսինքն, Վիտալի Բալասանյանը հայտարարում է, որ շատ լավ էլ ինֆորմացված է եղել մարտի 1-ի իրադարձություններից: 

Մինչդեռ նույն Վիտալի Բալասանյանը, 2010 թվականի հունվարին, երբ դեռ Արցախի խորհրդարանի պատգամավոր էր, «Չորրորդ իշխանություն» թերթի հետ հարցազրույցում բոլորովին այլ բաներ է ասել մարտի 1-ի և քաղբանտարկյալների մասին:

Վիտալի Բալասանյանին հետևյալ հարցն էր տրվել. «Քաղաքական հայացքների համար մարդիկ հետապնդվում են, նախկին ազատամարտիկները քաղբանտարկյալ են Հայրենիքում, որի համար ոչինչ չեն խնայել. հենց միայն դա չէ՞ որ կարող է մարդկանց մեջ սպանել հավատը ամեն ինչի հանդեպ»:

Գեներալ-մայորը պատասխանել է.

«Գտնվելով Ղարաբաղում` ես չեմ կարող գնահատել Հայաստանի ներքաղաքական վիճակը և արտաքին քաղաքականությունը: Ազնիվ խոսք եմ ասում` ես չգիտեմ` մարտի 1-ին ինչ է կատարվել, ամեն մեկը մի բան ա ասում, ու չկա մեկը, որ ճիշտը ասի: Ես չտեսա, որ պառակտման եզրին կանգնած ժողովրդի կամ ձեր ասած` ընդդիմության և ժողովրդի միջև կանգներ մեր եկեղեցին: Ինչ վերաբերում է քաղբանտարկյալներին... 

Անկախ ամեն ինչից` Սասուն Միքայելյանը կլինի թե Վիտալի Բալասանյանը, ասֆալտի ֆիդայի թե իսկական ֆիդայի, բանակը հենց ուսերին տարած մարդ... Սասունին լավ եմ ճանաչում, բայց եկեք ամեն խաղաքարտի իր անունը տանք. չի կարելի դրանով որոշել բանակի բարոյահոգեբանական վիճակը: Ասենք` մի սպա մեկին սպանել է, կամ Բուդապեշտում Գուրգենին գլխատեց թուրքը, ինչ է` հո զորքը չի ընկճվելու, թողնի, հեռանա: Եթե երկիրը վտանգի տակ է` ես իմ խղճի առաջ պատասխան պիտի տամ, գնամ Հայրենիքս պաշտպանելու: Պատասխանեցի՞: Ինչ էլ լինի` կռվողը էլի կռվելու է: Իհարկե, ցավալի է, որ պատերազմի մասնակիցները հիմա բանտում են, բայց ես իսկական պատճառը չգիտեմ»:

Տեսնո՞ւմ եք, մարդը ազնիվ խոսք էր տալիս, որ մարտի 1-ից տեղյակ չէ, իսկ հիմա հանկարծ պարզվում է, որ ծայրեծայր գիտի, թե ինչ է եղել այդ օրը: 

Թե ինչու էին այն ժամանակ ազատամարտիկներին հարյուրներով բանտերը լցնում, դա էլ չգիտի, փոխարենը շատ լավ գիտի, որ Քոչարյանի նկատմամբ դատավարությունը քաղաքական հալածանքի դրսևորում է:

Եվ վերջապես, գրեթե մշտապես գտնվելով Արցախում, Վիտալի Բալասանյանը օրումեջ խոսում է Հայաստանի ներքաղաքական վիճակի և արտաքին քաղաքականության մասին, իսկ այն ժամանակ փաստորեն կեղծավորություն է արել՝ նշելով, որ գտնվելով Ղարաբաղում, չի կարող գնահատել Հայաստանի ներքաղաքական վիճակը և արտաքին քաղաքականությունը:

Եթե գեներալը ազնիվ խոսքի կշիռն ու նշանակությունը չգիտի, նա արդեն գեներալ չէ: Սա ցավով ենք նշում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5462 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ