...

Чай вдвоем

Чай вдвоем

Այսօր Գորիսի հրապարակում «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքին ներկա էր նաև Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանը։ Aravot.am-ի հարցին՝ խնդիր չի՞, որ նա մասնակցում է նախընտրական հանրահավաքին, նա պատասխանել է. «Ես չեմ մասնակցում։ Ես եկել էի Գորիս՝ թեյ խմելու, տեսա, որ հրապարակում մարդիկ հավաքված են, մոտեցա»։ 

«ՉԻ». Ամերիկյան կինոաստղ Ջոն Տրավոլտան, երբ իր փառքի գագաթնակետին էր, մի հետաքրքիր քմահաճույք ուներ. երբեմն նստում էր իր սեփական ինքնաթիռը, ԱՄՆ-ից թռնում, հասնում Հռոմ: Գնում էր միայն մի նպատակով՝ պաղպաղակ ուտելու: Հռոմում պաղպաղակի ինչ-որ տեսակ կար, որը Տրավոլտան շատ էր սիրում, իր թուլությունն էր: Գնում, ուտում էր, նորից վերադառնում ԱՄՆ:

Հայկական չափանիշներով Վիտալի Բալասանյանն էլ է աստղ: Երևի Գորիսում ինչ-որ հատուկ թեյ են տալիս, եթե մարդը միայն դրա համար, այն էլ այս ծանր ժամանակներում, գործը թողած, մի անկախ երկրից վեր է կենում, հասնում մեկ այլ անկախ երկիր՝ այդ թեյը վայելելու:  

Դե, հասկանալի է, որ զուտ պատահական զուգադիպությամբ, թեյ խմելու պահին տեսել է Քոչարյանին, որը, բնական է, շատ պատահաբար, այդ պահին հանրահավաքի պես մի բան էր անցկացնում Գորիսում: Չհավատաք այդ ստոր հերյուրանքներին, թե Վիտալի Բալասանյանը Գորիս էր եկել՝ Քոչարյանին աջակցություն և հավատարմություն հայտնելու:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   871 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ