...

1967․ ադրբեջանցի կեղծարարին պատասխանում էր Պարույր Սևակը

1967․ ադրբեջանցի կեղծարարին պատասխանում էր Պարույր Սևակը

1967 թ․ «Պատմա-բանասիրական հանդեսի» 1-ին համարում լույս է տեսել Պարույր Սևակի և գրող, պատմաբան Ասատուր Մնացականյանի ծավալուն հոդված-գրախոսությունը ադրբեջանցի Զիա Բունիաթովի «Ադրբեջանը 7-9-րդ դարերում» «աշխատության» մասին։ Ինչպես արդեն կռահեցիք, սա պատասխան էր ակնհայտ կեղծարարությանը։ Ադրբեջանցու գիրքը ռուսերեն էր՝ իրենց տեսակետը հնարավորինս մեծ լսարանի ներկայացնելու համար։ Պ․ Սևակի և Ա․ Մնացականյանի պատասխանը տպագրված էր նույնպես ռուսերենով («По поводу книги З. Буниятова «Азербайджан в 7-9 вв.»

Կհարցնեք՝ ինչու ենք սրա մասին գրում։ Պատասխանենք․ մեր պատմությունից մի դրվագ ենք ներկայացնում, որպեսզի ավելի լավ տեսնենք ներկան։ 

Խորհրդային ինտերնացիոնալիզմը՝ ժողովուրդների «անխախտ» բարեկամությունը, բնավ չէր խանգարում մեր ոխերիմ հարևաններին իրենց շահերն առաջ տանելիս։ Մերոնց մեջ, սակայն, այնքան էլ շատ չէին նրանց պատասխանողները։ Կարող ենք պնդել, որ 1967-ին համարձակություն են դրսևորել թե՛ հայ հոդվածագիրները, թե՛ հոդվածը տպագրողները։ Նրանք կարող էին հայտնվել առնվազն անցանկալիների ցուցակում, այսինքն՝ կարող էին զրկվել տպագրվելու իրավունքից, պարգևներից և այլն։ Այնուամենայնիվ, անարձագանք չեն թողել «եղբայրական» Ադրբեջանի կեղծարարությունը։ Սա նաև սիրելի բանաստեղծի՝ Պարույր Սևակի գործունեության մի դրվագ է, որից, կարծում ենք, շատերն են անտեղյակ։ Ամբողջական հոդվածը հասանելի է համացանցում, ուստի մենք թարգմանաբար կներկայացնենք որոշ հատվածներ։

1․ «Նրա (Զ․ Բունիաթովի- թ․) գործում կարմիր թելի պես անցնում է այն միտքը, թե ագրեսոր հայերը, օգնության կանչելով օտար զավթիչներին (արաբներին), բռնի «հայացրել են» աղվան ժողովրդին՝ յուրացնելով նրա տարածքը և մշակույթը»։

Պարզ է, որ խոսքը վերաբերում է Արցախին։ Պարզ է նաև, որ «ագրեսոր հայերի» կերպարը շատ վաղուց էր ստեղծված։ Եվ իհարկե, ամենասարսափելի երազում անգամ չէինք կարող տեսնել, որ անկախ Հայաստանի որևէ ղեկավար այս կամ այն կերպ կձայնակցի սրան։

2․ «Զ․ Բունիաթովը պնդում է, որ «հայ կաթողիկոսարանը ․․․ երբեք որևէ միջոցից չի խորշել հակառակորդին ստորացնելու համար (էջ 92)։ Հաջորդիվ նա հասնում է հետևյալ եզրակացությանը․ «Այսպիսով, հայ եկեղեցին «Աղվանքի բոլոր եկեղեցիներում խաղաղություն» հաստատեց միայն օտար զավթիչների միջոցով․ այս օգնությանն էր դիմում միշտ, երբ այդ պահանջում էին հայ կաթողիկոսարանի և նախարարների շահերը, որոնք ջնջում էին «խաչի դրոշով ջնջում էին իրենց ճանապարհին պատմական Աղվանքի ժողովուրդներին, որի մի մասն է Ղարաբաղը (Արցախը)»։

Ահա հիմնական «մեղավորը», ըստ կեղծարար ադրբեջանցու։ Հայ եկեղեցին հարմար թիրախ էր Խորհրդային Միությունում, որովհետև գաղափարախոսությունն ընդգծված աթեիստական էր։ Թե ինչո՞ւ է հիմա հայ եկեղեցին Հայաստանում թիրախներից մեկը դարձել, դատե՛ք ինքներդ։

3․ «Զ․ Բունիաթովի աշխատանքում հիմնականում օգտագործված են արաբական կամ հայկական աղբյուրներ, չնայած սրան՝ նա գրեթե չի գործածում «հայ գրականություն» կամ «հայ պատմիչ» արտահայտությունները։ Նա խուսափում է դրանից։ «Հայի» փոխարեն նա նոր տերմին է հորինել՝ «հայալեզու», և սա, ինչպես շուտով կտեսնենք, բնավ պատահական չէ»։ 

Քանի որ մեջբերումը ծավալուն կստացվեր, սեղմ գրենք։ Պ․ Սևակը և Ա․ Մնացականյանը հակադարձում են վայ-գիտնականին, որը դիտմամբ աղբյուրներն անվանում է «հայալեզու»՝ հետագա շարադրանքում պնդելով, որ, օրինակ, Մովսես Կաղանկատվացին հայ չէր, գրել էր աղվաներեն, իսկ հայերը թարգմանել են և սեփականացրել նրա երկը։ 

«Հայալեզուն» ձեզ ոչինչ չհուշե՞ց։ Զուգահեռը մեր օրերի հետ ակնհայտ է։ Հայոց պատմությունն ո՞վ է ուզում դարձնել Հայաստանի պատմություն։

Եզրակացնենք․ ադրբեջանցիները վաղուց են պատմական կեղծարարությամբ ողողել աշխարհը։ Նրանց նպատակը միշտ էլ հայկական Արցախը ոչնչացնելն է եղել։ Դա շատ լավ հասկանում էին նաև խորհրդային ժամանակաշրջանում, բայց քչերն էին համարձակվում առարկել անգամ հակագիտական կեղծիքներին։ Եվ այդ քչերից մեկը Պարույր Սևակն էր։ Իսկ այսօր նրանց կեղծիքներին ովքե՞ր են ձայնակցում։ Հարցը, անշուշտ, ճարտասանական է։ 

Զարուհի Գաբրիելյան 

Читать на русском

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ