Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում դատապարտել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին: Վերջինս գրել էր. «Ասեմ, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է կարևոր են համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության հարցը:
Կարծում եմ` քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը, ով տասնամյակներ շարունակ լռել է, լռել է, լռել է, այսօր` նոր իրավիճակում, ազատ կարող է դատարանում երաշխավոր հանդիսանալ քաղաքացի Ռ.Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար, և դրա համար բավարար դրամական միջոցներ կգտնվեն»:
Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը արձագանքել է. «Ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառումը՝ Ամենայն Հայոց Հայրապետի վերաբերյալ, բոլորովին վայել չէ Հայաստանի Հանրապետության պետական բարձրաստիճան պաշտոնյայի հանգամանքին և ոչ էլ հասարակական, քաղաքական ծանրակշիռ գործչին:
Դատապարտում ենք Հայոց Եկեղեցու հոգևոր զավակ Պարոն Ալեն Սիմոնյանի անհարգալից վերաբերմունքը, և որպես հոգևոր սպասավոր հորդորում և զգաստության ենք կոչում:
Թույլ մի տվեք հաստատվի այն կարծիքը, որ Հայոց Եկեղեցու դեմ անցյալում կատարված հայտնի ոտնձգությունների հեղինակներն ու հրահրողները նաև այլ հասցե ունեն:
Կսիրեմ հուսալ, որ Ձեզ բնորոշ ողջախոհությամբ կսրբագրեք Ձեր մոտեցումը և կմնաք հարազատ զավակը Ձեր Սուրբ Եկեղեցու՝ հայցելով Ազգիս Սրբազնագույն Հայրապետի հայրական ներողամտությունը»:
«ՉԻ». Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանին, և ընդհանրապես՝ Գարեգին Բ-ին դատապարտող քաղաքացիներին վրա տված անձանց նախ հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ երկիր է, որտեղ Սահմանադրությամբ քաղաքացիներին խոսքի, մտքի, խղճի և դավանանքի ազատություն է տրված: Եթե Գարեգին Բ-ն քաղաքական հայտարարություն է անում, յուրաքանչյուր ոք, ով ՀՀ քաղաքացի է, իրավունք ունի այդ հայտարարության վերաբերյալ կարծիք հայտնել: Սա՝ եթե խոսում ենք աշխարհիկ կյանքի լեզվով ու կանոններով:
Բայց եթե թեման տեղափոխում ենք հոգևոր ու բարոյական հարթություն, ապա Մայր Աթոռի այս հոգևորականները ավելի լավ է լռեն, ինչպես լռել են 20 տարի շարունակ, երբ իրենց հոտին հալածում էին: Ավելի լավ է, լռեն, քանի որ 20 տարի ավազակապետության կցորդ են եղել, Աստծո ամենամեծ պարգևի՝ մարդու և նրա կյանքի հանդեպ անհաղորդ են եղել: Գնացել ու օրհնել եք շակալների խրախճանքները՝ հաճախ ինքներդ մասնակցելով այդ խրախճանքին:
Բա որ չի ասում՝ «Հայոց Եկեղեցու դեմ անցյալում կատարված հայտնի ոտնձգությունների հեղինակներն ու հրահրողները նաև այլ հասցե ունեն»... այսպես որ շարունակվի, շուտով Ասողիկն ու Գարեգինն էլ են սկսելու սորոս-մորոս խաղացնել: Հայոց Եկեղեցու դեմ անցյալում կատարված հայտնի ոտնձգությունների միակ հասցեատերը դուք եք: Դա լավ հիշեք: