Աղբը վերացավ
Այս շաբաթ Երևանի քաղաքապետարանը վերջապես խզեց պայմանագիրը «Սանիթեք» ընկերության հետ: Մոտ մեկ տարի տևեց քաղաքապետարան-«Սանիթեք» հակամարտությունը, որի միակ հետևանքը աղբի կուտակումներն էին Երևանի բոլոր փողոցներում:
Ընդ որում, այդպես էլ հասկանալի չեղավ, թե «Սանիթեքի» ուզածն ինչ էր. ինչու չէին աշխատում, ինչու էին բոյկոտում, որն էր նրանց դիրքորոշումը, ինչն էր, որ նրանց ձեռք չէր տալիս, ինչու Տարոն Մարգարյանի օրոք հնարավոր էր աշխատել, իսկ Հայկ Մարությանի օրոք՝ ոչ:
Բոլոր դեպքերում, վերջին օրերին աղբահանության գործընթացը Երևանում զգալիորեն բարելավվել է. աղբի կուտակումները խիստ նվազել են: Համայնքային հիմնարկը շարունակում է համալրվել տեխնիկայով, միայն թե անհասկանալի է, թե ինչու է այդ տեխնիկան «Գազել» մակնիշի: «Գազելներին» Ռուսաստանում են համարում հաշմանդամային սայլակներ՝ իրենց ցածր որակի և հարմարավետության իսպառ բացակայության պատճառով, ու սրանով ամեն ինչ ասված է: Մենք մտածում էինք, որ հեղափոխությունից հետո «Գազելները» աստիճանաբար կվերանան, բայց էլի «էժանի» հետևից ենք ընկել:
Աղբը ավելացավ
Փոխարենը աղբի հսկայական կուտակումներ են առաջացել սոցիալական ցանցերում: Ցավոք սրտի, մեր սոցցանցերը երբեմն այնպիսի աղբանոց են հիշեցնում, որ գարշահոտը նույնիսկ համակարգչից է զգացվում: Ոչ մի նորմ չի գործում: Խոսքի, վարվելաձևի, վարքագծի սահմանները վերացել են: Մի ժամանակ խնդմնդում էինք «պայմանական կույսե արտահայտության վրա, իսկ հիմա իրար «պայմանական հայր», «պայմանական քաղաքական գործիչ», սրա սիրուհի, ծնող, պապիկ, Սորոսի ու Վովայի վաստակներ, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող (մենք այստեղ կարճ ու կուլտուրական ենք կապում), Ա, Բ, Գ, Դ.. մինչև Ֆ-ի տղաներ: Այս պայմաններում մարդ ցանկանում է մի քանի տարով ֆեյսբուքը անջատել, ուղղակի աշխատանքի հետ կապված ստիպված ես հետևել սոցցանցերում հրապարակվող լուրերին ու գրառումներին: Թշնամական ռեակցիա չեն առաջացնում միայն այն գրառումները, որոնք քաղաքականության հետ որևէ կապ չունեն: Այնպես որ, խոսեք ֆուտբոլից ու խոհանոցից:
«Չորրորդ իշխանություն», թիվ 3, 4-ը հոկտեմբերի