ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը շատ ծանր է տարել «Չորրորդ իշխանության» հրապարակումը իր մասին: Ի դեպ, մենք մեծատառով ենք գրում իր անուն-ազգանունը, ի տարբերություն իրեն, որը մեր լրատվամիջոցը փոքրատառով է նշել: Սա քաղաքավարության նորմ է, որը մենք՝ անկախ ամեն ինչից, պահպանում ենք:
Հիշեցնենք, որ նա սոցցանցում գրառում էր արել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մասին, որտեղ նշել էր մասնավորապես հետևյալը. «Ծաղրածու Հայկի յուրաքանչյուր օր Երևանի քաղաքապետի պաշտոնում՝ անարգանք է Երևանցու և ՀՀ քաղաքացու նկատմամբ»:
Մենք քննադատեցինք նրան այդպիսի վարքագծի համար, ինքն էլ մեզ է պատասխանել, հետո նաև հետևյալ գրառումը արել. «Այո՛, ես պաշտպանել եմ հեղափոխությունը: Բայց ո՛չ թայֆայական կառավարումը, ո՛չ ամբարտավանությունը՝ մասնագիտական հմտությունների փոխարեն, ո՛չ սևերի ու սպիտակների բաժանումը, ո՛չ ինքնահավանությունը ու ընտանեկան ֆոնդերը: Կամ վերադարձեք հեղափոխության արժեքներին, կամ հեռացեք»:
Արմեն Դարբինյանի այն մտքին, թե ինքը պաշտպանել է հեղափոխությունը, չենք կարող չանդրադառնալ:
Որպես կրթված մարդ, Արմեն Դարբինյանը հաստատ հիշում է, թե ինչ էր ասել մսյո Վոլանդը. «Ձեռագրերը չեն այրվում»: Այո, չեն այրվում, դրանք մնում են. և՛ արխիվներում, և՛ մեր հիշողություններում: Ուղղակի փաստերով ցույց տանք, թե ինչպես է պաշտպանել հեղափոխությունը:
Ուրեմն, 2018 թվականի ապրիլի 8-ին, երբ արդեն պարզ էր, որ Սերժ Սարգսյանը նախագահության ժամկետը լրանալուց հետո որոշել է ցմահ վարչապետի կարգավիճակով շարունակել իշխել Հայաստանում, Արմեն Դարբինյանն էլ է դրանում համոզված եղել, Սերժ Սարգսյանին սիրաշահելու համար մի չտեսնված, ֆանտաստիկ ձոներգ է գրել նրա հասցեին՝ ողջունելով Սերժ Սարգսյանի որոշումը՝ մնալ Հայաստանի հավերժ ղեկավար: Գրել էր մասնավորապես հետևյալը. «Պարադոքսալ է, բայց հենց այժմ կարծես նրանից սպասելիքներն առավելագույնն են՝ ազգային առաջնորդի դերակատարումը լիարժեք ստանձնելու, ժողովրդին, երկիրը և պետությունը դեպի բարեկարգ ապագա տանելու, Արցախին տեր կանգնելու պատասխանատվությամբ:
Շնորհակալություն հայտնելով Նախագահ Սարգսյանին, մենք նաև բարի երթ և հաջողություններ պիտի մաղթենք նրան՝ ազգային առաջնորդի բեռը ստանձնելիս: Երկրում առկա աղքատության աստիճանը այլևս անհանդուրժելի է, սոցիալական անարդարությունը՝ անըմբռնելի, բնության նկատմամբ վայրագությունը՝ նողկալի, անշնորհք և անգիտակից կառավարիչների և/կամ օլիգարխների նկատմամբ ամենաթողությունը՝ անտանելի:
Անձնական զրույցներից գիտեմ որ Սերժ Սարգսյանի համար սրանք առաջնահերթություններ են: Եվ ուրեմն՝ Բարին ընդ Ձեզ, Պարոն Նախագահ և Ամենայն Հաջողություն»:
Հիմա մենք չենք, դուք եք, ասեք, այսպիսի տեքստ գրած մարդը ինչպե՞ս կարող էր հեղափոխության աջակից լինել: Երբ ինքը ողջունել է Հայաստանում ասիական տիպի բռնապետության արմատավորումը:
Բայց, երբ մի քանի օր անց հեղափոխական շարժումը թափ է հավաքում, Սերժ Սարգսյանի իշխանությունը սկսում է երերալ, նրա հետ միասին նաև մեր այս նախկին վարչապետն էլ է երերում, ու՝ շառից-փորձանքից հեռու, ֆեյսբուքյան իր էջից ջնջում է Սերժ Սարգսյանի մասին գրած իր տեքստը: Մի քիչ սպասում է, տեսնի, ի վերջո, ինչով է ավարտվելու ժողովրդական շարժումը, ու երբ այն ավարտվում է Սերժ Սարգսյանի հրաժարականով, արդեն ապրիլի 24-ին ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանում տեղի է ունեցել իսկական ժողովրդական հեղափոխություն: Դրա լոկոմոտիվը դարձավ գեղեցիկ, գաղափարական, ազնիվ, հիասքանչ հայ երիտասարդությունը` հայոց անկախ պետականության գլխավոր ձեռքբերումը:
Ապստամբության համար որպես կայծ ծառայեց նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կառավարման սահմանադրական ձևի անցնելուց հետո բարձրագույն պետական պաշտոնի չհավակնելու խոստման դրժումը: Երիտասարդությունը չցանկացավ խաբված լինել, «մենք նրան դա չենք սովորեցրել»:
Հայաստանի ապագան հուսալի ձեռքերում է, դեռ վիթխարի աշխատանք է սպասվում` նոր քաղաքական պայմաններում: Հարկավոր է վերջնականապես կոտրել տնտեսության օլիգարխիկ-ֆեոդալական մոդելը, այն փոխադրել ազատ մրցակցային գծերի վրա, քաղաքական կուսակցությունններին հնարավորություն ընձեռել ծնելու և դաստիարակելու նոր առաջնորդներ, երկրում հաստատելու պառլամենտարիզմի նոր մշակույթ:
Համոզված եմ, որ տղաները դա կանեն արժանապատվությամբ: Նոր ժողովրդական առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ազնիվ և սկզբունքային քաղաքական գործիչ է: Ճիշտ է` առանց արտաքին տարածությունում լուրջ փորձի: Սակայն դա շտկելի է. կօգնենք ինչով կարող ենք»:
Ապրիլի 25-ին՝ համարելով, որ Նիկոլ Փաշինյանին սիրաշահելու դոզան քիչ էր, նույն Արմեն Դարբինյանը գրել է. «Ազգային կոնսենսուսի պահը եկել է, Ժողովուրդ: Հանրապետականն իր ԲՈԼՈՐ ներկայացուցիչներով պիտի հեռանա: Նրան չեն վստահում Հրապարակը, Նիկոլ Փաշինյանը, և ամենակարևորը՝ մեր ՆՈՐ և ՀՐԱՇԱԼԻ ՍԵՐՈՒՆԴԸ: Բայցև երկրի ու պետության ճակատագրի հարցերը չեն կարող լուծվել այլևս Հրապարակում: Մենք այսուհետ պետք է դրսևորենք ԲԱՑԱՌԻԿ օրինապաշտություն. Երկիրը ունի Պետության Գլուխ՝ դա Հանրապետության Նախագահն է: Հայոց երկրորդ պետությունը՝ նույնպես: Նիկոլ Փաշինյանը, Բակո Սահակյանը և Արմեն Սարգսյանը ՊԻՏԻ ՆՍՏԵՆ ՄԻ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ և վճռեն ազգի անելիքները: Սա է պահի հրամայականը»:
Եվ վերջապես, մայիսի 13-ին, երբ Փաշինյանը ձևավորում է կառավարությունը, նախկին վարչապետը մի հատ էլ է երակ մտնում. «Այս անգամ պիտի ողջունեմ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումները՝ կառավարության կազմի հետ կապված: Բացի մեկ-երկու կոմպրոմիսային դեպք/դեմքերից մնացյալը ուսյալ, գաղափարական, բաց, պայքարող, Քաղաքացի տեսակն են: Բարի երթ, ձեր ցավը տանեմ: Այսուհետ ցանկացած փորձ և/կամ գիտելիք ունեցող մարդու քաղաքացիական պարտքն է ձեր կողքին և թիկունքում լինելը: Ամեն ինչ լավ է լինելու, չկասկածեք»:
Ընդամենը մեկ ամսվա մեջ մարդը հասցրել է գովերգել Սերժ Սարգսյանին՝ բռնապետություն հաստատելու համար, հասցրել է գովերգել Նիկոլ Փաշինյանին՝ հեղափոխություն անելու և կադրային փայլուն նշանակումներ անելու համար: Սա սկզբունքայի՞ն, հեղափոխություն պաշտպանո՞ղ մարդու վարքագիծ է, թե՞ երկերեսանի, իրավիճակին հարմարվող մարդու վարքագիծ: Պատասխանն ինքն է տվել՝ Հայկ Մարությանի մասին գրառմամբ: Երկու տարի ձայն չհանելուց հետո հիմա հանկարծ հիշել է, որ Հայկ Մարությանը նախկինում ծաղրածու է եղել: Հիմա ո՞վ է ծաղրածուն. այն անձնավորությունը, որը այս իշխանությունների ամենահաջող կադրերից մե՞կն է, թե՞ այն անձնավորությունը, որը օրումեջ տրամագծորեն հակառակ կարծիք է հայտնում:
Թե բա՝ հեղափոխություն եմ պաշտպանել: Այդպես շատերն են իբր պաշտպանել: Մենք մարդ գիտենք, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից 5 րոպե առաջ է հայտարարել հեղափոխությունը պաշտպանելու մասին:
Հեղափոխությունը դեկլարատիվ կոչերով ու ստատուսներով չեն պաշտպանում, այլ վարքագծով, սկզբունքայնությամբ, այդ հեղափոխության առաջ քաշած արժեքները պաշտպանելով, հակահեղափոխական տարրերին դիմագրավելով:
Մենք ենթադրում ենք, որ Արմեն Դարբինյանին կողքից մի քիչ բզել, մի քիչ էլ ստիպել են, որ այսպիսի տոնայնությամբ, այսպիսի որակումներով արտահայտվի Հայկ Մարությանի վերաբերյալ: Կամ էլ հավատացել է, որ իշխանափոխություն կարող է լինել, համենայնդեպս որոշել է ապահովության համար մի հատ էլ այսպիսի գրառում կատարել: Հոգ չէ, եթե իրավիճակը մնա նույնը, հաստատ սա էլ կջնջի:
Եթե Արմեն Դարբինյանը մեր այս գրածը կարդա, խորհուրդ կտանք միանգամից չպատասխանել, գոնե մի քանի օր սպասել: Ի՞նչ իմանաս, կարող է նոր իրավիճակ ստեղծվել:
Հ.Գ. Իսկ թե ինչ է մտածում Արմեն Դարբինյանի կարգի մարդը մեր մասին, դա արդեն էական չէ: