«Հետաքրքիր է, ժանրի կանոնների համաձայն Սահակաշվիլին կնշանակվի՞ ՀՀ մարզպետ։ Ասենք, Տավուշի մարզում»։
Սա հատված էր քաղաքագետ Անդրանիկ Թևանյանի երկու օր առաջ արված գրառումից:
«ՉԻ». Արդեն երկու օր է, ինչ ֆեյսբուքի ակտիվ օգտատերերը քննադատում և ծաղրում են այն կայքերին, որոնք «Սաակաշվիլին կնշանակվի մարզպետ Հայաստանում» գլխագրով նյութեր են հրապարակում: Ընդդիմադիր հայացքներ ունեցող շատ օգտատերեր համոզված են, որ այսպիսի լուրերը ծնվում են վարչապետին կից ՊՈԱԿ-ում:
Պարզվում է՝ կոնկրետ այս ֆանտազիան ծնվել է մեկ այլ ՊՈԱԿ-ում, Քոչարյանին կից ֆեյք քաղաքագետների արհեստանոցում: Թևանյանը իր կարգավիճակին հատուկ հիպոթեզ է առաջ քաշել, իսկ կայքերը առանց հասկանալու կամ միտումնավոր դա ներկայացրել են իբրև իշխանությունների ծրագիր:
Իրեն քաղաքագետ ներկայացնողը տեղյակ չէ, որ Սաակաշվիլին ընդամենը օրերս է նշանակվել Ուկրաինայի բարեփոխումների կենտրոնի ղեկավար և ներկայումս համարվում է նախագահ Զելինսկու ամենաակտիվ զինակիցներից մեկը:
Եվ ընդհանրապես, զավեշտալի են Վրաստանի նախկին նախագահին Հայաստանի գործող իշխանությունների հետ անընդհատ կապելու ռևանշիստների փորձերը: Եթե որևէ կապ լիներ, ոչինչ չէր խանգարի նրան գոնե մեկ անգամ Հայաստան հրավիրել: Մինչդեռ, չպետք է մոռանալ, որ նույն ուժերը, որոնք այսօր փորձում են Սաակաշվիլիից կերտել Սորոսի գործակալի կերպար, իրենց իշխանության տարիներին բազմաթիվ շքանշանների են արժանացրել Վրաստանի նախկին նախագահին: 2009 թվականին Սաակաշվիլին արժանացել է Հայաստանի Պատվո շքանշանին: Նա նաև Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր է և արժանացել է նույն համալսարանի ոսկե մեդալի: Միևնույն ժամանակ, նա չունի ադրբեջանական որևէ շքանշան:
Այնպես որ՝ մի մոռացեք Սաակաշվիլիին շողոքորթելու ձեր փորձերը և մի փորձեք նրան կապել Հայաստանի նոր իշխանությունների հետ: