Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը գրել է. «Այսօր "Дело №1 марта" ֆիլմի կրկնությունը (հայերեն թարգմանությամբ) 5-րդ ալիքով խորը վիրավորանք է զոհերի, իրենց ընտանիքների, այն քաղաքացիների հանդեպ, որոնք հրապարակայնորեն հայտարարել էին ֆիլմում խաբեությամբ օգտագործվելու մասին: Սա մարտահրավեր է բոլոր նրանց, ովքեր անընդունելի համարեցին մեր պատմության այս ողբերգական էջի նկատմամբ մանիպուլյատիվ մոտեցումները»:
Ովքեր մոռացել են, ուղղակի հիշեցնենք, որ այս ֆիլմը քոչարյանականները պատվիրել են ռուսաստանցի Ռոման Բաբայանին, վերջինս ֆիլմի նկարահանումների ընթացքում նաև խոսեցրել էր մարտի 1-ի զոհերի հարազատներին, ու այնպես էր մոնտաժել ֆիլմը, որ ստացվել էր, որ մարտի 1-ի ոճրագործության հետ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի կապ չունի:
Ընդ որում, այդ ֆիլմի համար օգտագործվել էին Տիգրան Պասկևիչյանի «Կորսված գարուն» ֆիլմի կադրերը՝ առանց հեղինակի թույլտվության: Ֆիլմը հարուցել էր հասարակության զայրույթը, դրա ցուցադրությունը դատապարտել էին մարտի 1-ի զոհերի հարազատները, Տիգրան Պասկևիչյանը, լրագրողական կազմակերպությունները: Զայրույթի ալիքն այնքան մեծ էր, որ ֆիլմի տեսանյութը քոչարյանականները ստիպված հեռացրել էին Յութուբի իրենց էջից:
Ու հիմա նորից այդ ֆիլմը ցուցադրել են: Մարտի 1-ին: Ոճրագործության օրը: Սրանց անբարոյականության և ցինիզմի մասին ավելորդ է խոսել: Սրանք այսպիսին են. բացարձակ անպատկառ ու ամոթից զուրկ: Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե Քոչարյանին ազատ արձակեն, սրանք ինչեր կանեն, եթե հիմա այսպիսի անբարո քայլերի են գնում:
Ու եթե ուշադրություն դարձնեք, Քոչարյանին ազատ արձակելու պահանջ դնողների մեծ մասը իր սորտի մարդիկ են: Սրանց միավորողը անբարոյականությունն է, ատելությունը, մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը, սեպտեմբերի 26-ը, ապրիլի 12-ը: Ու ամեն աստծո օր իրենց արարքներով ապացուցում են, որ Քոչարյանի միակ տեղը բանտն է, միակ տեղը, որտեղից նա համեմատաբար ավելի քիչ վնաս կարող է հասցնել Հայաստանին, հայ ժողովրդին, քոչարյանական ժամանակաշրջանում սպանվածների հարազատներին: