«Լսվում էր տասներկու գազազած ու միանման ձայն, և արդեն պարզ էր, թե ինչ է կատարվել խոզերի դեմքերի հետ։ Դրսի անասունները նայում էին մեկ խոզին, մեկ մարդուն, ապա նորից խոզին ու նորից՝ մարդուն, սակայն անկարող էին արդեն մեկին մյուսից տարբերել»:
Ջորջ Օրուել, «Անասնաֆերմա»
Փետրվարի 20-ին ընդդիմության հրավիրած հանրահավաքը «Անասնաֆերմայի» այս հատվածը հիշեցրեց: Մեկ նայում էինք հանրահավաքին, մեկ՝ պատմությանը, հետո՝ հանրահավաքին ու նորից՝ պատմությանը, ու զարմանում. էս ովքե՞ր են մտել Ղարաբաղյան շարժման պատմության մեջ:
Մի հատ լուսավոր, պայծառ կետ է մնացել. ղարաբաղյան շարժումը, դա էլ են մխտռում: Այդ հանրահավաքի կազմակերպիչների մի մասը ամբողջ կյանքում զզվել է Ազատության հրապարակ արտահայտությունից՝ գերադասելով այն անվանել Թատերական:
Այդ հանրահավաքի կազմակերպիչների մի մասը ամբողջ կյանքը պայքարել է ղարաբաղյան շարժման դեմ, բոլոր հնարավոր մեթոդներով փորձել նսեմացնել Շարժման նշանակությունը, այն համարել ԿԳԲ-ի «պրոդուկտ», իսկ հիմա հանրահավաք են նշանակել Շարժման սկզբնավորման օրը:
Այդ հանրահավաքի կազմակերպիչների մի մասը 20 տարի շարունակ հալածել է ղարաբաղյան շարժման նվիրյալներին, Անկախության գործընթացի առաջամարտիկներին, պետության հիմնադիրներին, հաղթանակ կերտողներին, իսկ հիմա պետությունը փրկելուց են խոսում:
Այդ հանրահավաքի կազմակերպիչների մի մասը 30 տարի ատելությամբ են լցված եղել Շարժման և դրան հաջորդած Անկախության գործընթացի նկատմամբ, հայտարարում էին, թե «անկախական ըլլալով, անջատմանը դեմ կըլլանք», իսկ հիմա անկախության խորհրդանիշ շեփոր էին նվագում հրապարակում:
Ահա այսպես, մեր աչքի առջև, անկախության դեմ պայքարած ուժերը մանրից փորձում են սեփականաշնորհել Շարժումը: Բանը հասավ նրան, որ Անկախության դեմ կատաղի պայքար տարած հնամաշ ուժի ներկայացուցիչը Վազգեն Մանուկյանին ներկայացնում է Ղարաբաղ կոմիտեի նախագահ: Հա, դուք էլ երևի այդ կոմիտեի անդամներն էիք: Դա էլ ասեք, ու պրծ:
Վանոն սրանց մասին դիպուկ էր գրել. «Ամրապնդվել, ամայացնել փորձելով եղած-չեղած քաղաքական դաշտը, ամեն քայլով փորձելով նսեմացնել Հայաստանի գործիչների, կառույցների դերն այս պատերազմում, այսպես անլվա ոտներով մտնելով մեր համաժողովրդական անկախության ու ազատագրության շարժման 88 թ. նվիրական շեմը»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: