Մինչ հանրությունը շարունակում է մարսել խորհրդարանական ընտրությունների արդյունքները, փորձում է հասկանալ, թե ինչ եղավ, ոնց եղավ, ում եղավ, ասենք, որ արտառոց ոչինչ չի եղել. հին պատերազմի կուսակցությունը պարտվել է նոր պատերազմի կուսակցությանը: Էսքան բան:
Բայց, իհարկե, ամենաշատը շոկի մեջ են քոչարյանականները: Դեռ մի կողմ, որ այսքան փող ծախսեցին, մեդիառեսուրսներ, արդեն գրում էին, թե ընտրություններից հետո Նիկոլենց թիմի անդամներից ում և որ բանտ են ուղարկելու, Փարաքարն էին պատրաստվում փակել, իսկ հիմա մի այնպիսի... լավ, չասենք՝ վնգստոց, ատամների կրճտոց, այլ անեծքների և հայհոյանքների տարափ են տեղում ժողովրդի հասցեին: Մեծ հաշվով, իրենց ուրիշ բան չի մնում անել:
Մենք դեռ կներկայացնենք մեր կարծիքը, թե ինչով էին պայմանավորված ընտրությունների նման արդյունքները, իսկ առայժմ ներկայացնում ենք ֆեյսբուքյան տիրույթում մեր աչքին հանդիպած առավել ուշագրավ գրառումները, որոնք մեծ հաշվով նույնպես տալիս են այն հարցի պատասխանը, թե ինչու նման արդյունքներ գրանցվեցին: Այստեղ կան և՛ քոչարյանականներ, և՛ չեզոք դեմքեր, և՛ իշխանամետներ:
Մկրտիչ Կարապետյան. «Նիկոլ Փաշինյանը Սյունիքում հավաքել է 53 տոկոս ձայն` հաղթելով բոլոր խոշոր քաղաքներում ու գյուղերում։ Կասկած չկա չէ՞, որ էս ողջ ձեները նա հավաքել էր հեռավոր ապրիլի 21-ին՝ Գորիսում, Մեղրիում, Կապանում ու Շուռնուխում իր այցելության օրը, երբ արժանացավ ամենավերջին հայհոյանքներին, հարձակումներին։ Ո՞նց կարելի էր չտեսնել, որ էդ վիճակը մարդկանց ոչ թե ոգևորելու է, այլ հակառակը՝ մարդկանց վանելու է դա կազմակերպող շրջանակներից։ Ինձ սկսում է թվալ, որ բոլորը Ռոբերտ Քոչարյանին խաբել են՝ մեկը Սյունիքի հաշվով է խաբել, երկրորդը սոցհարցումների հաշվով է խաբել, երրորդը՝ PR-ի հետ կապված է մի բան խաբել, չորրորդը մի ուրիշ հարցով ու էդպես շարունակ։ Իսկ ինչո՞ւ են խաբել. շատ պարզ պատճառով, որովհետև անձնական շահ են հետապնդել ու չեն ուզել իրենց ղեկավարին վատ լուրերը հայտնեն»:
Ասպրամ Փարսադանյան. «Սաղ օր գոռում եք «իրավահավասարություն», «դեմոկրատիա», «բոլորս մարդ ենք, ինչ ես քննադատում, իրա ընտրություննա», բայց հենց գնում են քո չուզած քաղաքական ուժին են ընտրում` զոմբի, քաչալ, անատամ գեղցի, անգրագետ, անգիտակից...»:
Մազերը բիզ-բիզ լրագրող. «Ես հրաժարվում եմ իմ տված հարկով սնել սրբապիղծ սպառողին:
Դու իրոք ժեխ ես
չէ, դու ավելի վատն ես
Դու պոտենցիալ հողատու ես
Էս միջավայրը թունավոր է արդեն
Այլևս չենք կարող ապրել թուրքին ամեն բան տվողի հետ կողք կողքի»:
Մարինե Մանուչարյան. «Բացարձակ մանիպուլյացիա է «Նիկոլը չէր անցնի, եթե Քոչարյանը չառաջադրվեր»:
Թարգեք ինքնախաբեությամբ զբաղվել: Եղավ էն, ինչ պիտի լիներ, առաջադրվել էր նա, ով պիտի առաջադրվեր: Քոչարյանը առաջադրվեց, որովհետև Նիկոլը քաշեց, հետ բերեց քաղաքական դաշտ, որովհետև տենց էր պետք: Ինձ ու ձեզ պետք չէր: Ում պետք էր, նրանք էլ դա կազմակերպեցին: Ավելի լավա կենտրոնանաք, թե ոնց եք շարունակելու ապրել այս երկրում` 60% նիկոլ ընտրածների հետ կողք կողքի: Արտագաղթն էլ հանեք մտքներիցդ»:
Լյուսի Քոչարյան. «Երկրում հաղթեց ընդամենը 2 բան՝
1. ահուսարսափը սերժառոբական ռեժիմից,
2. փողը, փողը, փողը։
Հայի վրա 2 բանով ա հնարավոր լավ ազդել ու փառահեղ արդյունքներ գրանցել՝
• վախեցնել-ահաբեկել,
• փողին մուննաթ փող շփել։
Սա է, ինչպես կասեր կուշտունիցան։
Ամրագոտիները պինդ կապենք, ատամներներս կռճտալով սեղմենք, որովհետև հաջորդիվ սկսվում ա ՀՀ սրընթաց գահավիժման հաջորդ փուլը։
Անձամբ ես իմ կողմից շնորհակալ եմ նախագահ Տեր-Պետրոսյանին մի վերջին անգամ պետականությանը տուրք մատուցելու համար։ Ինքն էլ, շատերս էլ համոզվեցինք, որ գիտակից, բովանդակալից քաղաքական մոտեցում ՀՀ-ում իսպառ չի մնացել։
Մնացել են սարսափն ու փող շփոցին»:
Վահե Գևորգյան. «Հայաստանում այլևս ընտրակեղծիքներ չկան, կրիմինալը ոչինչ չի կարող որոշել, իսկ թանկարժեք կոստյումներով ու կոշիկներով էլիտիստները, որոնք աղքատներին բոմժ ու ժեխ են ասում, մնացին մայթերին իրենց փողերով հանդերձ»:
Մհեր Հակոբյան (սա այն քաղաքագետն է, որը հայտարարում էր, թե Քոչարյանն իրավունք ունի Շուշիին Շուշա ասել, որպես՝ հերոս և ազատագրող,- խմբ.). «Դե ինչ, ամեն ինչ պարզ է՝ ԻՆՁ ՀԱՄԱՐ այսօր 2020 թվականի նոյեմբերի 10-ը երկրորդ անգամ կրկնվեց: Նույն զգացումներն ունեմ…
Ի՞նչ ասեմ, ըստ էության ԲԱՆ ԷԼ ՉԿԱ ԱՍԵԼՈՒ: Իրոք, եթե վերջին ամիսների իմ ակտիվությունից հետո ազգն ամեն դեպքում այս ընտրությունն արեց, ուրեմն դա նշանակում է, որ… համենայն դեպս գոնե ֆեյսբուքյան հարթակում ասելիք, ըստ էության, չկա: Չկա, անիմաստ է՝ մարդիկ ուղղակի չեն հասկանում կամ գուցե ես եմ անհասկանալի արտահայտվում:
ՆԻԿՈԼ ԸՆՏՐՈՂՆԵՐ – ապրեք թուրքի կողմից քայլ առ քայլ բզկտվող, անօրեն, վատ կառավարվող երկրում, վայելեք գների աճը, ԼԳՏԲ նախաձեռնությունները, հակաեկեղեցականությունը, ազգային արժեքների ոտնահարումը ու թրքասիրությունը, փակվեք ձեր փոքրիկ աշխարհում և… համառորեն փորձեք չնկատել այդ ամենը, մինչև թուրքը ձեզ կհասնի ու դաշույնը կդնի կոկորդներիդ: Այդ ժամանակ մի վերջին անգամ կխռխռաք, Նիկոոոլ, նախկիններ, ու կմեռնեք – սա է ձեզ սպասում: Հա, ի դեպ, ԻՆՁՆԻՑ ՀԵՌՈՒ ՄՆԱՑԵՔ, անկեղծ եմ ասում, այդպես և ձեզ համար լավ կլինի, և՝ իմ, դուք եփեցիք այս ճաշը, դուք էլ կերեք՝ ՄԵՆԱԿ ՈՒ ԱՌԱՆՑ ԻՆՁ: Ծանոթ-ազգականներիս եմ ասում և լիովին անկեղծ՝ հանկարծ չտեսնեմ մեկդ մոտենա ու փորձի ինչ որ խղճահար-հաշտվողական տոնով ապացուցել, որ Նիկոլը լավն է և ամեն ինչ լավ կլինի: Այդ պարագայում չեմ բացառում, որ կկոպտեմ՝ ԹՈՒՆԴ ԿԿՈՊՏԵՄ»:
Բայց ամենաուշագրավը մեր գործընկեր Արթուր Խեմչյանի գրառումն էր. «Անմիտ բան է ժեխ, թուրք ու զոմբի ասել այն մարդկանց, որոնց ձայնն ես ակնկալում: Դա հնչում է այդպես, «Որ խնդրեմ ինձ ձայն կտա՞ս, այ անասուն»:
Իսկ դրա պատասխանը ժողովուրդը տվեց. «անասունը դու ես»: