...

Շաբաթը փորձնական է լինելու սրճարանների և ռեստորանների համար

Շաբաթը փորձնական է լինելու սրճարանների և ռեստորանների համար

 «ՉԻ» զրուցակիցն է Ռեստորանների հայկական միության նախագահ Վահե Գևորգյանը:

- Պարոն Գևորգյան, հանվեցին մի շարք սահմանափակումներ: Բացօթյա սրճարաններն ու ռեստորաններն արդեն աշխատում են, բայց պետք է պահպանեն վիրուսի տարածումը կանխարգելող անհրաժեշտ կանոնները: Ըստ Ձեզ՝ անհրաժեշտ բոլոր կանոնները կպահպանվե՞ն:

- Սա փորձնական տարբերակ է: Պարետն էլ է ասում, որ սա փորձնական է, որպեսզի տեսնենք, թե մի քանի օր հետո ինչ արձագանք կլինի: Ենթադրում ենք, որ իրադարձությունների հետագա ընթացքից կորոշվի մնացածը:

Կուզենայինք, որ բիզնեսն աշխատի, որովհետև այս ընթացքում շատ տուժեց: Չտրամադրվեց վարկային արձակուրդ: Մենք ի սկզբանե այն դիրքորոշմանն ենք եղել, որ չպետք է աշխատեն հանրային առողջության հաշվին և մարտի հենց կեսերից էլ փակվել էին: Մի քանի օրից կերևա՝ անհրաժե՞շտ էր աշխատանքը վերսկսեին, թե՞ ոչ: Եթե դեպքերի քանակը կտրուկ ավելանա, ենթադրում եմ, որ ինչ-որ միջոցառումներ կլինեն:

Հիմա անվտանգության կանոնների պահպանումն ավելի խստացված է, կարծում եմ, որ կպահպանեն: Կարծում եմ նաև, որ անվտանգության կանոնների պահպանումը նաև մեզանից՝ անհատներից է կախված: Տեսանք, որ նաև որոշակի կանոնների պահպանման խնդիրներ եղան մեր հանրության մեջ և պետք է այստեղ համագործակցություն լինի: Գործատուներն իրենց կողմից պետք է կանոնները պահպանեն, հաճախորդներն էլ նույնը պետք է անեն: Ամեն դեպքում, ամենաճիշտը մոտակա մի քանի օրը հետևելն է նրանց աշխատանքին՝ աշխատանքը ցույց կտա բացերը, թերի կողմերը: Ինձ թվում է, որ մոտակա շաբաթը պարզ կլինի, կհասկանանք՝ շարունակե՞ն աշխատել, թե՞ ոչ, ինչպես նաև հետագա քայլերը: Բացելը փորձ էր՝ պետք է խիստ պահպանել կանոնները՝ հույս ունենալով, որ հաջողություն կունենան: Սա հնարավորություն է, պատասխանատվության որոշակի մասը դրված է հանրության վրա: Այս ընթացքում մարդիկ ավելի շատ եղան հանրային վայրերում, քան թույլատրված էր: Հույս ունենք, որ ինքնակազմակերպումը կուժեղանա:

- Այս ընթացքում թե՛ հանրային սննդի ոլորտի տնտեսվարողները, թե՛ փորձագիտական շրջանակն ահազանգեցին, որ ոլորտում հնարավոր են աշխատատեղերի զանգվածային կրճատումներ, որոշ օբյեկտների լուծարումներ: Տվյալներ ունե՞ք, նման դեպքեր արձանագրվե՞լ են:

- Մեր միության անդամները հիմնականում պահպանեցին իրենց աշխատակազմը: Որպես սոցիալական պատասխանատվություն ունեցող գործատու՝ եղավ հարկադիր արձակուրդի պահը: Այդ մարդիկ չէին կարող զբաղված լինել, որովհետև ռեստորաններն ուղղակի չէին գործում: Սակայն, այդ մարդիկ հարկադիր պարապուրդի ժամանակ օրենքով նախատեսված իրենց վճարները ստացան: Ռեստորանները, որոնք հնարավոր համարեցին, անցան առաքման ռեժիմի: Որոշ մասը, որ չունեին նման ծառայություն, էլի անցան դրան՝ այդպես փորձելով որոշակի գործ ապահովել իրենց աշխատակազմի համար, որը պարապուրդի էր մատնված: Եթե անգամ բացօթյա ռեստորաններն ու սրճարանները բացվել են, դա դեռ չի նշանակում, որ շրջանառություն է վերականգնվում շատ արագ, որովհետև մարդկանց մի մասը դեռ չի ցանկանա գնալ՝ դրանով ռեստորանների շրջանառությունը պակաս 
է լինելու: Մենք կանխատեսում ենք, որ սա տևելու է ամիսներ՝ հաշվի առնելով նաև այն, որ զբոսաշրջությունը մեծ բաղադրիչ էր շրջանառության մեջ, և այն մի քանի ամիս առնվազն չի լինելու: Դրա համար կարող ենք ասել, որ ոլորտի վնասների գնահատումը ավելի ուշ կլինի: Իհարկե, կլինի զգալի: Կանխատեսում ենք, որ մյուս տարի այս ժամանակահատվածում վերադառնանք նախաճգնաժամային 50-60 տոկոս շրջանառությանը:

Երևանում ընդհանուր առմամբ կա հանրային սննդի մոտ 2200 ձեռնարկություն, որոնց մի մասը մեզ չեն առնչվում: Մեր մասով գիտենք, որ լուծարված տնտեսվարողներ չկան: Միգուցե հիմա ոլորտը բացվի և մեկ ամիս հետո տեսնեն, որ հաճախորդների հոսքը շատ քիչ է և դրա հետևանքով որոշվեն փակվել: 

- Ինչպե՞ս եք գնահատում պետության կողմից ներկայացված հակաճգնաժամային փաթեթները՝ ուղղված այս ոլորտին:

- Ճիշտ չի լինի ասելը, որ որևէ ազդեցություն չեղավ: Ամեն դեպքում, որոշակի միջոցներ ծախսվեցին և մեր կողմից որոշակի առաջարկություններ կային, որոնք նախօրոք էինք ներկայացրել: Դրանց մի մասը մասնակի ձևով ընդունվեց: Օրինակ՝ աշխատավարձի ֆոնդի մինչև 20 տոկոսի մեկանգամյա փոխանցումը: Մենք առաջարկել էինք եռամսյակային կտրվածքով՝ կանխատեսելով, որ ավելի երկար ժամանակ փակ է լինելու ոլորտը, բայց կառավարությանը գնաց այլ քայլի, և հիմա ոլորտի որոշ տնտեսվարողներ սկսեցին աշխատել: Եթե ոլորտն սկսի աշխատել, բնականաբար, մարդիկ սկսեն որոշակի գումար ստանալ, այն մասը, որ պետությունը պետք է օժանդակեր, ինչ-որ ձևով դուրս կգա: Խնդիրը հիմնականում նրա հետ էր կապված, որ մինչև հիմա էլ կարծում ենք, որ պետք է հարկային արձակուրդ տրամադրվեր, իսկ դա չարվեց: 2019 թվականին քիչ շրջանառություն ունեցող տնտեսվարողները չկարողացան օգտվել ծրագրից: 3-րդ փաթեթը, որը փոքր ու միջին ձեռնարկություններին էր առնչվում: Հայաստանում կա 67 000 փոքր և միջին ձեռնարկություն, բայց նրանցից փաթեթից օգտվել է 400-500 կազմակերպություն: Դա բավական փոքր ցուցանիշ է: Հիմնականում խոշոր կազմակերպություններն են վարկային միջոցներից օգտվել: Ճիշտ բաշխման խնդիր կար: Հիմա հետագայի համար կարևորը հետճգնաժամային քայլերն են: Առաջակելու ենք, որպեսզի հետճգնաժամային տնտեսական գործունեության որոշակի քայլեր ձեռնարկվեն: Միգուցե կառավարությունը փորձի ներքին զբոսաշրջությունը խրախուսել:

- Նշեցիք, որ պատրաստվում եք հետճգնաժամային ծրագիր ներկայացնել: Ի՞նչ առաջարկներ եք անելու:

- Պետք է ներկայացնենք ոլորտի վերականգնմանն ուղղված միջոցառումներ: Այնպիսի ծրագիր, որի մեջ կներառվի, օրինակ, պետության կողմից ներքին զբոսաշրջության խրախուսումը, այսինքն՝ պետությունը որևէ ֆորմատով, օրինակ, համաֆինանսավորի բիզնեսին, և մեր քաղաքացիները կարողանան առաջիկա ամռանն ու աշնանն օգտվել այդ փաթեթներից, և ոլորտը կաշխատի: Քանի որ մի քանի ամիս դրսից զբոսաշրջիկներ չենք ունենալու, դրա փոխարեն գոնե ներքին զբոսաշրջությունը խթանվի, գումարը ներդրվի ոլորտում և կարողանան իրենց շրջանառության մի մասն ապահովել, որպեսզի լրիվ անկման չգնան: Եվ մյուս տարի, երբ զբոսաշրջիկների հոսքը վերականգնվելու լինի, ոլորտը կարողանա կենսունակ լինել և աշխատել:

Մանյա Պողոսյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2165 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ