Հունիսի 10-ին «Armnews» հեռուստաալիքով Անժելա Թովմասյանի վարած հարցազրույցում Անդրանիկ Միհրանյանը բազմիցս ու հանգամանորեն կոչ արեց Հայաստանի քաղաքացիներին ու ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ զանգվածային բողոքի ցույցեր սկսել փաշինյանական վարչակազմի դեմ՝ ստիպելով նրան հեռանալ ասպարեզից կամ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառել՝ բացարձակապես հաշվի չառնելով, թե այդ ցնցումների ընթացքում կորոնավիրուսը որքան մարդկային զոհեր կպահանջի մեր ժողովրդից, և բախումներն ինչ հետևանքներ կունենան Հայաստանի և Արցախի անվտանգության տեսակետից։
Երբ որևէ օտարերկրացի մի այլ պետության քաղաքացիներին կոչ է անում տապալել սեփական իշխանությանը, ապա վերջինս անմիջապես նրան հայտարարում է «պերսոնա նոն գրատա»։
Սա խնդրի, թեև կարևոր, բայց միայն մի կողմն է։ Շատ ավելի էական է մի այլ հանգամանք. Միհրանյանն իրեն ներկայացնում է որպես Կրեմլյան շրջանակի ազդեցիկ մի անձնավորություն և Սերգեյ Լավրովի մտերիմ ընկեր։ Ուստի Հայաստանի հակառուսական և կոնսպիրոլոգիական խմբավորումներում Միհրանյանի դեմարշը կարող է մեկնաբանվել այն կտրվածքով, որ նրա հետևում կանգնած են Ռուսաստանի պաշտոնական իշխանությունները, ինչը մեծ հարված կհասցնի հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին։ Այնպես որ, Միհրանյանի ավանտյուրայից պետք է անհանգստանան նաև Ռուսաստանի իշխանությունները։