...

Անդրանիկ Միհրանյանին ասեք՝ թող ազգությունը փոխի

Անդրանիկ Միհրանյանին ասեք՝ թող ազգությունը փոխի

Պարզվում է, նախկին իշխանությունների ջերմեռանդ պաշտպան, քաղաքագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը, Մյունխենում Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ամաչում է, որ հայ է։ 

Անդրանիկ Միհրանյանի խոսքերով՝ Նիկոլ Փաշինյանը դեբատի ժամանակ խայտառակել է հայ ժողովրդին։

Փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ է Անդրանիկ Միհրանյանն ամաչում, որ հայ է, կամ էլ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին ինչո՞վ է խայտառակել։

Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո մերժվածներից ով առավոտյան շուտ էր արթնանում, Փաշինյանին էր վարկաբեկում, աթոռին նստելու ձևից մինչև շնչելն ու արտաշնչելը։ Ոչ մի բովանդակային քննարկում։ Գուցե Փաշինյանը չպետք է հասներ մինչև Տիգրան Մեծ, այլ պետք է շատ ավելի պատրաստված ներկայանար և բացատրեր Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ կապված անվտանգության հետ, ինչը չի արել, բայց սա ամենևին էլ հայ ժողովրդին խայտառակել չի նշանակում, կամ էլ, որ Անդրանիկ Միհրանյանն ամաչի, որ հայ է։ 

Իսկ հիմա տեսնենք, թե նախկին իշխանությունների մերձավոր քաղաքագետն անցած քսան տարիներին հեչ ամաչելու բան չի՞ ունեցել, որ ամաչում է ժողովրդի կողմից ընտրված Նիկոլ Փաշինյանի համար։ Քսան տարի մեր երկրում շատ ավելի ամոթալի բաներ ու խայտառակություններ են եղել, բայց, չգիտես ինչու, Անդրանիկ Միհրանյանն աննկատ է թողել։

Անդրանիկ Միհրանյանը չէր ամաչում և խայտառակություն չէր համարում 1998թ. պալատական հեղաշրջման համար, որ Քոչարյանը, շահարկելով Արցախի հարցը, զբաղեցրեց նախագահի աթոռը, և երկիրը հետ շպրտվեց տասնամյակներով: Անդրանիկ Միհրանյանը չէր ամաչում և խայտառակություն չէր համարում, որ 1999թ հոկտեմբերի 27-ին, երբ գնդակահարեցին պետությունը, Քոչարյանը համարեց «ուչաստկովիի» գործ, և մինչև հիմա հայ ազգը կազմակերպիչ է փնտրում: Անդրանիկ Միհրանյանը, ապրելով Մոսկվայում, չէր ամաչում և խայտառակություն չէր համարում, որ մեր ռազմավարական նշանակության օբյեկտները «Գույք պարտքի դիմաց» տխրահռչակ ծրագրով Քոչարյանը հանձնեց Մոսկվային: Անդրանիկ Միհրանյանը չէր ամաչում և խայտառակություն չէր համարում, որ 2008 թվականի մարտի մեկին մայրաքաղաքի սրտում գնդակահարեցին խաղաղ ցուցարարներին և շինծու գործերով ընդդիմադիր գործիչներին էին բանտ ուղարկում։ Անդրանիկ Միհրանյանը չէր ամաչում և խայտառակություն չէր համարում Սերժ Սարգսյանի՝ ռուս լրագող Պոզներին տված հարցազրույցը։ 

Եվ վերջապես Անդրանիկ Միհրանյանը չէր ամաչում և խայտառակություն չէր համարում, որ քսան տարի շարունակ ընտրություներ էին կեղծվում, և ինչքան ուզում, այնքան էլ խփում էին, ընտրությունները դարձրել էին քաղաքացուն նվաստացնելու միջոցառումներ, 5000 դրամ էին տալիս և «գազելներով» ընտրատեղամաս հասցնում, եթե նույնիսկ ընտրատեղամասը մի քանի մետրի վրա էր լինում և Սահմանադրություն էին ձևում ու կարում իրենց իշխանությունը հավերժացնելու համար։ Անդրանիկ Միհրանյանը չէր ամաչում կեղծված ընտրություններից, որ նախագահի աթոռ էին զբաղեցնում, իսկ հիմա հայ ժողովրդի ընտրյալ Նիկոլ Փաշինյանից է ամաչում, ամաչում է, որ հայ է։ 

Այս պարագայում Անդրանիկ Միհրանյանի խնդիրը Նիկոլ Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդն է, իսկ Նիկոլ Փաշինյանին ժողովուրդն է ընտրել, ու պարոն Միհրանյանի գործն այստեղ մի քիչ բարդանում է։ Ազգն իր որոշումը կայացրել է և մերժել է Անդրանիկ Միհրանյանի մերձավորներին ու ընտրել է Փաշինյանին։ Քաղաքագետը մտածելու բան ունի։ Ինչքան կարող է խեղճ Միհրանյանն ամոթով մնալ, մտածում, մտածում ես, որ առանց ամաչելու ապրելու համար Անդրանիկ Միհրանյանն այլ ելք չունի, քան ազգություն փոխելը։ Փոխի՛ր ազգությունդ և ապրի՛ր առանց ամաչելու։

Ջավահիր Այվազյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2851 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ