...

Անելանելի վիճակ՝ ոռոգման ջուր չկա

Անելանելի վիճակ՝ ոռոգման ջուր չկա

Գյուղացու աչքը ջրի ճամփին է

Օգոստոսը պատուհաս է հողագործությամբ զբաղվողների համար: Ամռան այս ամսին սրվում է ոռոգման ջրի խնդիրը: Անելանելի վիճակում են հայտնվել Արարատի մարզի Վեդու տարածաշրջանի բնակիչները: Գարնանը չարչարվել են, վարկով փող վերցրել, հող մշակել և կանգնել խնդրի առաջ: Բերքն աչքների առաջ չորանում է, ոչինչ անել չեն կարող: Ոռոգման ջուրն այս շրջանում քիչ է, բույսերին չի հերիքում:

Արարատի մարզի Վանաշեն համայնքի բնակիչ Էդիկը վարկով է հող մշակում, այսօր շվարած հողամասում կանգնել է՝ ինչպես պետք է վարկը մուծի, եթե ոռոգման ջրի պատճառով բերք չի կարող ստանալ: Կորոնավիրուսի պատճառով այս տարի Ռուսաստանի Դաշնություն խոպան չի գնացել, մնացել է գյուղում և փորձել հայրենիքում ընտանիքի ապրուստը վաստակել: Բայց հիասթափվել է՝ ոչ միայն չի հաջողվում գումար աշխատել, այլև մի բան էլ պարտքեր է կուտակում:

«Ի՞նչ է լինելու այն գյուղացու վիճակը, որը վարկով հող է մշակում և մեկ շաբաթ է՝ ջուր չկա: Մի քանի լիտր ջրով հողամասն ինչպե՞ս կարող եմ ջրել: Ջուր տալու դեպքում էլ շատ քիչ է՝ չի հերիքում: 1 հեկտարը 8 ժամ ջրվում է: Վարկ եմ վերցրել և ծառ տնկել, հիմա տնկիները մահվան եզրին են, հետո էլ ասում են՝ գյուղատնտեսությամբ զբաղվեք, երկիրը զարգացրեք, առաջին հերթին պետությունը պետք է պայմաններ ստեղծի, նոր պահանջներ դնի»,- «ՉԻ»-ի հետ զրույցում զայրացավ հողագործը:

Հարևան համայնքներն էլ ոռոգման ջուր չունեն:

Ջուրը քիչ է նաև Նարեկ հասնում: Խաղողն արդեն քաղցրանում է, բայց խաղողագործը ջուր բերքին տալ չի կարողանում:

«Ջուրը չի հերիքում: Շոգերի հետևանքով ոռոգման ջրի պահանջարկն ավելանում է ինչպես բոլոր տնտեսություններում: Արևին դիմանալու համար բույսին ջուր է պետք»,- ասաց համայնքի բնակիչ Գարուշ Հակոբյանը:

Հողամասը չորանում է

Փոքր Վեդիում էլ վարունգն է չորանում: Այս մշակաբույսն, ի տարբերություն մյուսների, ջուր շատ է պահանջում, բայց չկա, որ ոռոգեն: Քիչ ջրով գյուղացիները փորձում են, ինչպես իրենք են ասում, մի կերպ «յոլա» գնալ: Նրանք, սակայն, հույս չունեն, որ հողագործությունում ներդրած գումարները հետ կբերեն:

«Զովաշենի ջրամբարից ենք օգտվում: Պարբերաբար այդտեղ մաքրման աշխատանքներ են կատարվում՝ ընթացիկ անջատումներ են լինում և դրա պատճառով ոռոգման ջուրն ուշացումով է բաշխվում հողագործներին: Ասենք, որ ամբողջ գյուղում ոռոգման ջուր չկա, սուտ կլինի: Եթե մարդիկ վարունգ են արել, պետք է այս տապին 3 օրը մեկ ջրեն, հակառակ դեպքում բերքը փչանում է: Խաղողն էլ պետք է շատ ջրես: Արտաշատի ջրանցքից օգտվող գյուղացիներն են տուժվում՝ նրանց ջուր չի հասնում»,- իրավիճակը ներկայացրեց համայնքի ղեկավար Նորիկ Մարտիրոսյանը:

Վարդաշատում ոռոգման ջրի խնդիրը տարիների պատմություն ունի: Այսօր համայնքի որոշ հատվածներում գյուղացիներն անգամ խմելու ջրով են տնամերձ հողամաս մշակում: Ոռոգման ջրի հին ջրագծերը վթարային են` ջուրը կորուստներով է դաշտերին հասնում:

Համայնքի ղեկավար Արգամ Կարապետյանը վստահեցրեց, որ այժմ ցանցը փոխվում է: Երբ աշխատանքներն ավարտվեն՝ արդեն կարող են նաև 120 հեկտար անջրդի հողերը մշակել:

Նույն վիճակն է նաև Արմավիրի մարզում:

Ակնալիճ համայնքի բնակիչներից շատերը նույնպես վարկերով այս տարի ավելացրել են լոլիկի դաշտերը և ծանր իրավիճակում հայտնվել՝ ոռոգման ջրի պատճառով: Գյուղացիներն այս սեզոնին մոտ 10 հեկտարով ավելի շատ են լոլիկ մշակել՝ ցանքատարածությունները 100 հա դարձնելով: Բերքն առատ չէ ոչ միայն ջրի պատճառով. գարնանային անձրևներն ազդել են բերքատվության ցուցանիշի վրա:

Օրեր առաջ ոռոգման ջուր չլինելու պատճառով բողոքի ակցիա են արել: Համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանը վստահեցնում է՝ ջրի հարցն արդեն կարգավորման փուլում է:

«Օգոստոսին միշտ էլ այսպես է լինում: Հատվածներ կան, որտեղ ջուրը լավ է՝ արտեզյան հորերի հատվածներն են, որոնք աշխատում են պոմպերով, իսկ որտեղ օգտվում են ստորին Հրազդանի ջրանցքից, ոռոգման ջրի խնդիր կա: Ստորին Հրազդանի ջրանցքի ամենավերջին հատվածը մեր գյուղն է. ջուր չի հասնում: Հերթ պահելով՝ մարդիկ ոռոգում են: Սև ջուր պոմպակայանում ջուր չկա, աղբյուրներից քիչ է ջուրը դուրս գալիս, այնպես չէ, որ ջուր կա ու չեն տալիս»,- մանրամասնեց գյուղապետը:

Գյուղացու պահանջն այսօր մեկն է՝ ոռոգման ջուր: Ասում են՝ պետությունը աղքատությունը հաղթահարելու կոչեր է անում, իրենք այդ ուղղությամբ քայլեր անում են՝ միայն թե պետությունն իրենց թիկունքին չէ: Գյուղացու աչքը ջրի ճամփին է մնացել:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1062 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ