...

Աննախադեպ հաճախորդը

Աննախադեպ հաճախորդը

Սերժ Սարգսյանի հայտնի արտահայտությունը՝ «Մենք մեր հաճախորդներին լավ ենք ճանաչում», բացահայտել էր հայոց քաղաքականության կարևոր առանձնահատկություններից մեկը։ Ուրեմն մեր իշխանավորները քաղաքական ասպարեզ էին բերում որոշ մարդկանց, նրանց օժտում ընդդիմադիրի կամ այլընտրանքի լուսապսակով և նվազեցնում էին հակառակորդների ընտրազանգվածը։ Պարզ ասած՝ ստեղծում էին կեղծ ընդդիմություն։ Այսպես, 2003թ․ նախագահական ընտրություններում հաճախորդի դերը վստահված էր Արտաշես Գեղամյանին, 2008թ․-ին՝ Արթուր Բաղդասարյանին։ Խորհրդարանական ընտրություններում այս «կառուցողական» դերը սկզբում ստանձնեց ԲՀԿ-ն, իսկ 2017-ին արդեն հաճախորդների բանակը համալրեց «Ելք» դաշինքը։ Ի՜նչ խոսք, Սերժ Սարգսյանի հավաքագրողները (վերբովկա անողները) շատ լավ էին աշխատել, քանի որ դեռևս 2012թ․-ից երևում էր, թե ո՛վ է հավակնում հիմնական հաճախորդի դերին։ Այո՛, սիրելի՛ ընթերցողներ, չեք սխալվում։ Հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն էր։ Սա ուղղակի չտեսնված ձեռքբերում էր իշխանությունների համար, քանի որ ա) 2008-ին նշյալ անձը Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին էր, բ) քաղբանտարկյալ էր եղել, գ) երկար տարիներ հայտնի էր որպես ընդդիմադիր և սկանդալային լրագրող, խմբագիր։ 

Հաճախորդը փորձարկումն անցավ, երբ սահմանազատվեց ՀԱԿ-ից, այնուհետև կեղտոտ հոդված տպագրեց ՀՀ առաջին նախագահի դեմ։ Նիկոլ Փաշինյանն անգնահատելի ծառայություն մատուցեց Սերժ Սարգսյանին 2015 թ․ դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի ժամանակ։ Հիշեցնենք․ ընդդիմության դաշտում տեղավորված Նիկոլ Փաշինյանը հրայրթովմասյանական խայտառակ սահմանադրության դեմ պայքարը անվանեց կեղծ օրակարգ՝ դյուրացնելով հանրաքվեի արդյունքների կեղծումը։ Ի՞նչ իմանաս, գուցե էքստրասենսները նրան արդեն ասել էին, որ ինքը պետք է օգտվի դրա «բարիքներից», այսինքն՝ պետք է դառնա միահեծան, գործնականում անվերահսկելի վարչապետ։ Իսկ մենք՝ միամիտներս, կարծում էինք, թե Սերժ Սարգսյանն է հավերժացնում իր իշխանությունը․․․

2017-ին Նիկոլ Փաշինյանը առաջնորդ էր, «Ելք» դաշինքի դեմքը։ Եթե չեք մոռացել, նրա հետ էին Արամ Զավենի Սարգսյանը և Էդմոն Մարուքյանը։ Եվ ահա այս եռյակն անցավ խորհրդարան՝ որպես ընդդիմություն։ Իսկ ռեժիմի դեմ տարիներ շարունակ պայքարած ՀԱԿ-ը անհրաժեշտ քվե չստացավ։ Սերժ Սարգսյանին հաջողվեց տապալել Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղության օրակարգը, ինչը վնասեց հենց իրեն՝ մեծ կոմբինատորին։ Որովհետև 2017-ի խաղաղության օրակարգին տեր կանգնելու դեպքում Սերժ Սարգսյանը կկարողանար լուծել Արցախյան խնդիրը, լուծել առանց պատերազմի և խայտառակ պարտության և փրկել Արցախն ու Հայաստանը։ Վերջին շանսն էր․․․

2018-ին արդեն ուշ էր։ Սերժ Սարգսյանին չէին վստահում ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ արտաքին աշխարհում։ Սերժ Սարգսյանը պետք է հեռանար։ Բայց դե պահեստային նստարանին հաճախորդ ուներ։ Երևի վստահ էր, որ ժամանակավորապես է զիջում իշխանությունը։ Սակայն սխալվեց ճիշտ այնպես, ինչպես 2008-ին Ռ․ Քոչարյանն էր սխալվել։ Հիշո՞ւմ եք՝ այն ժամանակ էլ «չար լեզուներն» ասում էին, որ Պուտին-Մեդվեդև օպերացիայի նման մի բան էլ Հայաստանում է լինելու, այսինքն Քոչարյան-Սարգսյան փոխատեղում է խաղարկվելու։ Բայց չեղավ։

Մի խոսքով՝ Սերժ Սարգսյանի վերջին հաճախորդն աննախադեպ է, և հիմա ինքն է արդեն փորփրում ընդդիմության ճամբարը, այնտեղ ականներ տեղադրում, այնտեղից հաճախորդներ հավաքագրում, նույնիսկ իր ապագա ընդդիմության քաստինգն է կազմակերպում՝ ամեն շաբաթ հանդիպելով արտախորհրդարանական ուժերի հետ։ 

Իսկ Նիկոլ Փաշինյան-Ռոբերտ Քոչարյան տանդեմի մասին այս անգամ չենք խոսի՝ խնայելով ՀՀ երրորդ նախագահի նյարդերը։ 

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4659 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ