...

Ապատեղեկատվությո՞ւն, թե՞ անգրագիտություն

Ապատեղեկատվությո՞ւն, թե՞ անգրագիտություն

Երեկ Սյունիքում մի շարք քաղաքացիներ շրջափակել էին ԲՀԿ պատգամավորների մեքենաները և չէին թողնում, որ նրանք մուտք գործեն Սյունիք:

Այդ պայմաններում ԲՀԿ պատգամավորները ստիպված էին զրույցի բռնվել քաղաքացիների հետ: Ուշագրավ էր, որ պատգամավորներն առանց ամաչելու ապատեղեկատվություն էին տարածում: Մասնավորապես Միքայել Մելքումյանը, Իվետա Տոնոյանը և Շաքե Իսայանը պնդում էին, որ Հեյդար Ալիևը որևէ կապ չունի Արցախյան առաջին պատերազմում Ադրբեջանի կրած պարտության հետ:

Ներկայացնենք մի փոքր տեղեկանք, որպեսզի պարզվի, թե որքան անտեղյակ անձնավորություններ են ԲՀԿ պատգամավորները:

Հեյդար Ալիևը 1993 թ. հունիսի 15-ին ընտրվեց Ադրբեջանի Գերագույն Խորհրդի նախագահ, իսկ հուլիսի 24-ին՝ Միլլի Մեջլիսի որոշմամբ սկսեց իրականացնել Ադրբեջանի Հանրապետության նախագահի պարտականությունները:

Իսկ հիմա ներկայացնենք, թե ինչ է տեղի ունեցել ռազմաճակատում նրա պաշտոնավարման ընթացքում:

1993 թվականի հունիսի 26-ին, ազատագրվել են Մարտակերտի հեռուստաաշտարակի և «Պուշկենյալ» բարձունքները: Նույն օրը 4-րդ ՊՇ-ի զորամասերը մտել են Մարտակերտ քաղաքը, որով փաստորեն ավարտվել է մարտակերտյան ռազմագործողությունը։ 3-րդ, 5-րդ, 6-րդ ՊՇ-ների զորամասերն անցել են տիրապետող բարձունքների, մասնավորապես Եդդիխրման, Բոզդաղ լեռների, Բոյահմեդլի, Փափրավենդ, Թազախաչինյալ, Աղդարա լեռնաշղթայի վրայով ձգվող գծի և հիմնական ճանապարհների պաշտպանությանը։

Մարտակերտ քաղաքի ազատագրումն ունեցել է ոչ միայն ռազմաքաղաքական կարևոր նշանակություն, այլև հնարավորություն է ստեղծել՝ վնասազերծելու Աղդամի հզոր կրակակետերը։ Մյուս կողմից, տեղական ուժերով անցկացված ռազմագործողությունների շնորհիվ Հադրութի շրջանում ազատագրվել են Նորաշենը, Այգեստանը և, վերահսկողության տակ են առնվել կարևոր, շրջակայքում տիրապետող բարձունքներ և ոչնչացվել հակառակորդի՝ Հադրութ շրջկենտրոնը և շրջակա բնակավայրերը հրետակոծող կրակակետերը։

Աղդամի ազատագրում: Աղդամը հակառակորդի ամենավտանգավոր ռազմական հենադաշտն էր Արցախ ներխուժելու համար, մյուս կողմից, հակառակորդի ամենահզոր կրակակետերից մեկն էր, որտեղ ադրբեջանցիները ժամանակին տիրացել էին խորհրդային բանակի զինամթերքի խոշոր պահեստներին։ Հակառակորդը, բազմապատկելով Աղդամում կենտրոնացված սպառազինությունն ու կենդանի ուժը, տենդագին նախապատրաստվել էր վերսկսելու հարձակումը Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ։ Աղդամի և նրա շրջակայքում գտնվող կրակակետերի ճնշման ռազմական գործողությունները սկսվել են 1993 թվականի հուլիսի 4-ին։

ԻՊՈւ և ՊՇ ստորաբաժանումների՝ հարավից 2-րդ ՊՇ, հարավ-արևմուտքից 3-րդ ՊՇ և հյուսիս-արևմուտքից 6-րդ ՊՇ ստորաբաժանումների համաձայնեցված գործողությունները պսակվել են հաջողությամբ, և հուլիսի 23-ին Աղդամ քաղաքն առնվել է վերահսկողության տակ (տես՝ Աղդամի ռազմական հենակետի վնասազերծման ռազմական գործողություն 1993)։

Աղդամի ռազմագործողության արդյունքում վերացել է Ստեփանակերտի վրա կախված մշտական վտանգը, մայրաքաղաքի ու շրջակա գյուղերի բնակիչներն ազատվել են հեռահար հրթիռահրետակոծություններից, հակառակորդին հասցվել է ռազմական ու բարոյահոգեբանական մեծ հարված, որովհետև Աղդամն ավտոճանապարհների, երկաթուղիների խոշոր հանգույց էր, այնտեղ էր նաև հանրապետական նշանակության օդանավակայանը։ Այդ հաղորդակցության կարևոր միջոցներից զրկվելը կաթվածահար էր անում ոչ միայն Արցախի արևելյան, այլև հարավային սահմանների երկայնքով կենտրոնացած հակառակորդի խմբավորումների գործողություններն ու թիկունքի ապահովումը։ Հետևաբար պատահական չէր, որ այդ պարտությունից հետո Ադրբեջանի ղեկավարությունը դիմեց Արցախի ղեկավարությանը՝ կրակի դադարեցման խնդրանքով։ Ադրբեջանն առաջին անգամ դիմեց Արցախի Հանրապետության հետ ուղղակի շփումների։

Ստեղծված իրավիճակում հակառակորդի հարձակման միակ հնարավորությունն օդուժն էր, սակայն Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ՀՕՊ-ի կատարելագործված միջոցների առկայությունն ու հակաօդայինների մասնագիտական վարպետությունը կաշկանդել են հակառակորդի գործողությունները նաև օդում։ Կորցրածը հետ բերելու նպատակով ադրբեջանական հրամանատարությունը հարվածի հիմնական ծանրությունը փոխադրել է հարավարևելյան և հարավային ճակատ՝ Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի և Զանգելանի ուղղություններ։ Հակառակորդն ակտիվացել էր նաև Հադրութի ՊՇ ուղղությամբ, ինչը պայմանավորված էր այստեղ ադրբեջանական մեծաքանակ ուժերի առկայությամբ և հետագա կենտրոնացմամբ, ինչպես նաև հայկական ուժերի պաշտպանության ճակատային գծի ձգվածությամբ։

Արցախի ԻՊՈւ հրամանատարությունն իր հերթին շահագրգռված էր Հադրութի շրջանում պաշտպանական մարտերով հյուծել հակառակորդի հարվածային խմբավորումները, անցնել վճռական հակահարձակման ու լուծել հարավարևելյան ու հարավային սահմանների, ինչպես նաև Լաչինի մարդասիրական միջանցքի անվտանգության խնդիրը։

Հադրութի շրջանի ազատագրման, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի շրջանների կրակակետերի ճնշման օգոստոսյան ռազմագործողությունը ռազմաքաղաքական մեծ նշանակություն է ունեցել։ Վերացվել է Արցախի արևելյան ու հարավային սահմանների, ինչպես նաև Ստեփանակերտ-Գորիս ավտոմայրուղու վրա կախված մշտական սպառնալիքը, վնասազերծվել Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի վտանգավոր ռազմակայանները, ջախջախիչ պարտության են մատնվել այդ շրջաններում կուտակված հակառակորդի խմբավորումներին, Արցախի շուրջ ընդլայնվել է անվտանգության գոտին և ԻՊՈւ հաստատվել են նպաստավոր բնագծերում։ Հադրութից հարավ Արցախի ԻՊՈւ ստորաբաժանումները շարունակելով հետապնդել հակառակորդին՝ գրեթե հասել են մինչև Իրանի սահմանը։

1993-ի հոկտեմբերի 24-ին արցախյան զինված կազմավորումների մի քանի ուղղություններով սկսած հակահարձակումը պսակվել է նոր հաջողությամբ, ճնշել են Հորադիզի երկաթուղային հանգույցի կրակակետերը, որով, փաստորեն, Ադրբեջանից մեկուսացվել են Զանգելանը և Ջաբրայիլի ու Կուբաթլուի՝ դեռևս չվնասազերծված ռազմական հենակետերը։ Հակառակորդի Հորադիզ-Կուբաթլու-Զանգելանի զորախմբի ջախջախման ռազմագործողությունն ավարտին է հասցվել նոյեմբերի 1-ին, երբ Արցախի ԻՊՈւ մարտիկներն իրենց վերահսկողությունն են հաստատել Զանգելան շրջկենտրոնի և ռազմական հենակետերի վերածված մոտակա բնակավայրերի նկատմամբ։

1-ին, 2-րդ, 6-րդ ՊՇ և կենտրոնական ենթակայության ստորաբաժանումների փոխհամագործակցված գործողությունները հաջողությամբ են պսակվել ռազմաճակատի ողջ երկայնքով։ Սահմանամերձ գոտու հարավարևելյան, հարավային և հարավարևմտյան հատվածներում հակառակորդի կրակակետերի պարտադրված ու անհրաժեշտ վնասազերծումը լիովին չեզոքացրել է Արցախի տարածք ներխուժելու, ինչպես նաև խաղաղ բնակավայրերի հրետակոծությունների վտանգը։

1994-ի փետրվարի 18-ին Քելբաջարի շրջանի հյուսիսային մասի և Օմարի բարձրադիր լեռնանցքի ազատագրումը կարևոր նշանակություն է ունեցել Մարտակերտի շրջանում ազատագրական մարտեր մղող ՊԲ ստորաբաժանումների թիկունքն ապահովելու առումով։ Վերահսկողություն է սահմանվել Օմարի ռազմավարական կարևորության լեռնանցքի վրա, գլխովին ջախջախվել է այդ ուղղությամբ ամիսներ ի վեր կուտակված հակառակորդի զինուժը, շարքից հանվել կամ առգրավվել են մեծ քանակությամբ տեխնիկա, զենք ու զինամթերք, այդ թվում՝ թուրքական արտադրության սպառազինություն (ավելի քան 16 միավոր մարտական տեխնիկա, 5 հաուբից, 1 ինքնագնաց ականանետ)։ Օմարի ռազմագործողության հաջող ելքը կանխորոշել է նաև հյուսիսային ռազմաճակատում ՊԲ ստորաբաժանումների առաջխաղացման հաջողությունը։

Ընդհանուր առմամբ, փետրվարին հակառակորդը կորցրել է ավելի քան 2 տասնյակ միավոր զրահատեխնիկա և շուրջ 1000 զինվոր ու սպա։ 1994 թվականի փետրվարի 28-ին և մարտի 1-ին Երևան ու Բաքու են ժամանել Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Գ. Կոնդրատևը և հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Վ. Կազիմիրովը՝ աջակցելու 1994-ի փետրվարի 18-ի ՀՀ-ի, Արցախի և Ադրբեջանի միջև զինադադարի մասին ձեռք բերված համաձայնության իրականացմանը։ Այս կապակցությամբ ՊԲ զորամասերն ու ստորաբաժանումները հրաման են ստացել մարտի 1-ից դադարեցնել կրակը։

Ամփոփելով նշենք՝ Ալիևի պաշտոնավարման ընթացքում Ադրբեջանը կորցրել է Զանգելանը, Ղուբաթլուն, Ջաբրայիլը, Ֆիզուլին և Աղդամը: Վատ չէր լինի, եթե Գագիկ Ծառուկյանը ստիպեր, որ իր պատգամավորները գոնե Վիքիպեդիա կարդան:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1378 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ