...

Սուտ, ավելի մեծ սուտ, Նիկոլ Փաշինյան

Սուտ, ավելի մեծ սուտ, Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե իր և իր քաղաքական թիմի ամենամեծ սխալն այն է եղել, որ 2018-ի հեղափոխությունից հետո մի հեղափոխություն էլ ղարաբաղյան հարցում չի արել։ Այսինքն՝ դեռ այն ժամանա՛կ պիտի ժողովրդին «անկեղծորեն» ասեր այն, ինչ հիմա է ասում, այն է՝ «բոլոր նրանք, ովքեր ձեզ ասում էին, թե Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում, ձեզ սուտ էին ասում»։ 

Իրականում, իհարկե, Նիկոլ Փաշինյանն է սուտ ասում։ Որովհետև կարգավորման այն տարբերակով, որն առաջարկվել էր ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովից հետո, և որը, ի դեպ, ընդունել էր Ադրբեջանը, Ղարաբաղն ունենալու էր սեփական Սահմանադրություն, կառավարություն, նախագահ, օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններ, բանակ, ոստիկանություն, դրոշ, զինանշան, միջազգայնորեն ֆիքսված սահմաններ, պետական լեզուն լինելու էր հայերենը, ապահովվելու էր հուսալի ցամաքային կապ Հայաստանի հետ՝ առանց ադրբեջանական կողմի վերահսկողության, և այլն։ Ավելին՝ Ղարաբաղը ոչ միայն ունենալու էր անվտանգության միջազգային երաշխիքներ, այլև Ղարաբաղի շուրջ ստեղծվելու էր անվտանգության գոտի, որովհետև Ադրբեջանն իրավունք չէր ունենալու վերադարձված տարածքներում բանակ պահել, ոստիկանությունն էլ զինված էր լինելու ընդամենը թեթև հրաձգային զենքով՝ «հազար բնակչի հաշվով մեկ ոստիկան» սահմանաչափով, իսկ եթե հանկարծ խախտեր՝ Հայաստանն իրավունք էր ստանալու միջամտել։ Համաձայնվեք՝ այսքանից հետո հազիվ թե որևէ մեկը համարձակվեր ասել, թե «Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է»։ Ձևականորեն՝ գուցե, բայց փաստացի Ղարաբաղը լինելու էր անկախ պետություն, աշխարհն էլ ճանաչելու էր (արդեն իսկ ճանաչել էր) այդ փաստացի անկախությունը, ու հենց դա նկատի ուներ Հեյդար Ալիևը, երբ սեփական ժողովրդին բացատրում էր, որ իրենք արդեն կորցրել են Ղարաբաղը, այն այլևս Ադրբեջան չէ։

Գիտի՞ արդյոք այս ամենը Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե գիտի։ Գիտի ու գիտակցաբար էլ խեղաթյուրում է անցյալը։ Բայց միայն այդ հարցում չէ, որ նա գիտակցաբար ստում է։ Երբ ասում է «մեր ամենամեծ սխալն այն է եղել, որ հեղափոխությունից հետո մի հեղափոխություն էլ ղարաբաղյան հարցում չենք արել», նա, մեղմ ասած, խաբում է։ Որովհետև ոչ թե սխալվել է, այլ շատ լավ գիտակցել, որ եթե փորձեր «մի հեղափոխություն էլ ղարաբաղյան հարցում անել»՝ հիմնովին կտապալվեր ու այդպես էլ չէր չանթի բաղձալի իշխանությունը։ Չե՞ք հավատում։ Դե հիմա պատկերացրեք՝ բանակում չծառայածի համար «միլիթըրի» ոճի հագուստը զարմանալի վարպետությամբ կրող, «անթրաշ» ու ձեռքը վիրակապած (բնականաբար՝ «սրտիկի» տեսքով արյան հետքը վրան) Նիկոլ Փաշինյանը հանկարծ որոշում է անկեղծանալ ու Հանրապետության հրապարակում հայտարարում է, թե գիտե՞ք ինչ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, իշխանության հասնելուց հետո ես Ղարաբաղը ճանաչելու եմ Ադրբեջանի կազմում, և ընդհանրապես՝ հայտարարելու եմ, որ Հայաստանը 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքից դուրս որևէ թեմայով որևէ հավակնություն չունի։ Քանի՞ մարդ կգնար նրա ետևից։ Մեծ հավանականությամբ՝ տեղում «սամասուդ կանեին», և նույնիսկ շերեփներով ու կաթսաներով «թավշյա հեղափոխությանը» մասնակցող փափկասուն տիկնանցից շատերն անմիջապես կիջնեին պատշգամբներից և շերեփները կկիրառեին այլ՝ անհամեմատ ավելի հակահիգիենիկ «ընթացակարգով»։

Բայց Նիկոլ Փաշինյանը դա չանելու համար բավականաչափ խելք կամ ինքնապաշտպանական բնազդ է ունեցել, հակառակ դեպքում վարչապետի աթոռը չէր զբաղեցնի։ Այլ հարց է, որ նա իր այդ ֆիզիոլոգիական խելքն աշխատեցրել է բացառապես սեփական ֆիզիոլոգիական պահանջմունքների բավարարման նպատակով։ Ու քանի որ դա, ամեն դեպքում, կենդանական բնազդ է, իսկ սխալվելը մարդկային՝ հիմա նա փորձում է ներկայանալ սխալվածի՛ կերպարով։

Պարզապես հավատացողների թիվն է նվազում կատաստրոֆիկ տեմպերով։

Մարկ Նշանյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ