...

Արևելյան «բազարի» մակարդակով

Արևելյան «բազարի» մակարդակով

«Քիչ առաջ լսում էի Ադրբեջանի պատվիրակին, ով հերթական անգամ խեղաթյուրում էր ամենը։ Նա ասում էր, թե մենք ռազմագերիներ չունենք իրենց մոտ, նրանք պարզապես օրինախախտներ են։ Եթե կարողանայի մտնել ներս, կթքեի նրա ճակատին»,- հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը միացել էր այսօր Համալիրում անցկացվող բողոքի ակցիային։ Նույն պահին Մարզահամերգայինի դահլիճում ընթանում էին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների աշխատանքները, որին մասնակցում էին նաև Ադրբեջանից ժամանած պատվիրակները։ 

Նաիրա Զոհրաբյանը ահագին երկար տարիներ եվրոպաներում էր «աշխատում»՝ ԵԽԽՎ պատվիրակության կազմում էր՝ որպես ԱԺ պատգամավոր։ Փաստորեն եվրոպաներից ոչինչ չի սովորել։ Քաղաքակիրթ վարք, քննադատական մտածողություն, ասելիքը թիրախավորված տեղ հասցնելու համապատասխան մակարդակ և այլն։ Տպավորություն է, թե Շոռբուլախից եկել է, չէ, բերել են փողով՝ քաղաքական ակցիայի մասնակցելու, և հիմա էլ իրեն ճղում է, թե ներս պիտի մտնի ու թքի։ Սա ուզում է թքել, մյուսներն էլ չեն ուզում հաց կիսել։ 

Մասնավորապես՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը հայտարարել է, թե չեն գնացել Եվրանեսթի պաշտոնական ընթրիքին, որովհետև «ադրբեջանցիների հետ ոչ ինքը, ոչ «Հայաստան» խմբակցության, ոչ «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչները հաց կիսելու ցանկություն չունեն»: Փաստորեն՝ ցանկությունը առաջնային է, իսկ գործի կարևորությունը՝ երկրորդական։ Ինչո՞ւ, որովհետև այս կարգի հանդիպումներին մասնակցելն ու  եվրոպացիների ներկայությամբ ադրբեջանցիներին փաստարկված տեղը դնելը՝ ինչն ինչոց է, ավելի կարևոր է, քան հաց չկիսելու, թքելու, հետևից գլխին կտտացնելու մարտավարությունը։ Վստահ ենք, որ եթե այդ ճաշկերույթն էլ օնլայն ռեժիմով հեռարձակվեր, խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները կգնային ու միջոցառումն իսկական ճաշի կվերածեին։ Հետո հպարտ դեմքով դուրս կգային և կհայտարարեին, որ իրենք կարողացել են «հարամել» Ադրբեջանի պատգամավորների հացը։ Շոուն բոնուսներ կբերեր ընդդիմադիրներին։ Իսկ փակ ֆորմատից օգուտ չկա։ Այնպես որ՝ արևելյան «բազարի» մակարդակը լրիվ մեզ համար է։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1662 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ