...

Առանց երկար-բարակ մտածելու համաձայն է

Առանց երկար-բարակ մտածելու համաձայն է

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանը կողմ է, որ «Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով» երկու կողմերի զինված ուժերը հետ քաշվեն ապահով հեռավորության վրա։

Նիկոլ Փաշինյանը հայտնվել է «Շուրիկի արկածները» ֆիլմի այն կալանավորի վիճակում, որը ծեծ ուտելուց հետո առանց երկար-բարակ մտածելու համաձայնվում է բոլոր առաջարկների հետ ու անընդհատ շարքից դուրս գալիս՝ «я», «я», «я»․․․ Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա տվյալ դեպքում շատ կարևոր է հասկանալը, թե ի՞նչ է նշանակում «ապահով հեռավորություն»։ Եթե, օրինակ, սահմանային բախումների ժամանակ կողմերն իրար վրա կրակում են առավելագույնը 10 կմ հեռահարությամբ զինատեսակներով՝ ապա ենթադրվում է, որ կողմերից յուրաքանչյուրը պիտի սահմանագծից ետ քաշվի 5 կմ, և այդ դեպքում նրանց միջև հեռավորությունը կհամարվի ապահով։ 

Բայց այստեղ մի նրբություն կա։ Բանն այն է, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի գրեթե ողջ երկայնքով՝ Սոթքից մինչև Նռնաձոր, ադրբեջանական կողմում ոչ մի բնակավայր չկա, իսկ հայկական կողմում բազմաթիվ սահմանամերձ բնակավայրեր կան։ Հասկանալի է, չէ՞, որ եթե հայկական զորքը ետ քաշվի՝ այդ բնակավայրերը նույնպես պիտի տարհանվեն, հակառակ դեպքում բացարձակապես անպաշտպան կմնան, ընդ որում՝ անորոշ ժամանակով (որովհետև սահմանազատում-սահմանագծումը կարող է տարիներ տևել)։ Խոսքը, ի դեպ, ոչ միայն գյուղերի մասին է, այլև, օրինակ, Կապան քաղաքի, որը «1991 թ սահմանային գծից» մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է, ու Նիկոլ Փաշինյանը փաստորեն Կապանից հայկական զորքի դուրսբերմանն էլ է համաձայն, որովհետև հատուկ շեշտվում է՝ «սահմանային գծի ողջ երկայնքով»։ 

Չնայած՝ էս ի՞նչ մանրուքների ետևից ենք ընկել։ Կարևորը «խաղաղության օրակարգից» չշեղվելն է։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   453 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ