...

Առանց «իզմերի» փոքր մարդու մեծ վախերը

Առանց «իզմերի» փոքր մարդու մեծ վախերը

Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ ՀԱՊԿ խաղաղարար ուժերի կազմում հայ զինվորներ ուղարկել Ղազախստան, վրդովմունքի մեծ ալիք է բարձրացրել երկրում։ Շատերն են շոկի մեջ հայտնվել այն փաստից, որ «հեղափոխության առաջնորդը, ով ընդամենը երեքուկես տարի առաջ բարիկադների վրա պայքարում էր բռնապետական համակարգի դեմ՝ հանուն ժողովրդավարության, ազատության, արդարության և մարդու իրավունքների, հիմա առանց աչքը թարթելու զորք է ուղարկում, որ ավտորիտար երկրների զորքերի կազմում արյան մեջ խեղդի մեկ այլ երկրի ժողովրդի փողոցային պայքարը»։

Իրականում այստեղ զարմանալու բան չկա, որովհետև ոչ մի տրանսֆորմացիա էլ տեղի չի ունեցել։ 2018-ին Նիկոլ Փաշինյանը ոչ հանուն ժողովրդավարության էր պայքարում, ոչ էլ հանուն ազատության, արդարության կամ մարդու իրավունքների։ Նա ի սկզբանե թքած ուներ նման դատարկ բաների վրա և պայքարում էր բացառապես հանուն իշխանության, իսկ այդ «բարձր մատերիաները» նրան պետք էին ընդամենը որպես լայն զանգվածներին խաբելու միջոց (բա հո չէ՞ր ասելու՝ «սիրելի ժողովուրդ, ես պայքարում եմ, որ կառավարական դաչեքում ապրեմ, չինովնիկների կաբինետներում էլ Սերժի փոխարեն իմ նկարը կախվի»)։ Եվ հաջողության հասավ հենց նրա շնորհիվ, որ լավ էր խաբում։ Դրան հաջորդած երեքուկես տարիներին նրան բացառապես մի հարց էր հետաքրքրում՝ ինչպե՞ս ամրապնդել սեփական իշխանությունը, ինչն իր հերթին կազմված էր երկու «ենթահարցից»։ Առաջին՝ ինչպե՞ս չեզոքացնել (փռել ասֆալտին, ծեփել պատերին, կալանավորել և այլն) պոտենցիալ հակառակորդներին, և երկրորդ՝ ինչպե՞ս իշխանական լծակներն օգտագործելով վայելել կյանքն ու օրինական ճանապարհով ահռելի հարստություն կուտակել և միաժամանակ պահպանել վարկանիշը։ 

Սա է, Նիկոլ Փաշինյանին որևէ այլ հարց չի հետաքրքրել ու չի էլ հետաքրքրելու։ Այնպես որ՝ անհեթեթության աստիճանի միամիտ են այն հարցադրումները, թե «լավ, բա որ զորք է մտցնում Ղազախստան, հետևանքների մասին չի՞ մտածում, չի՞ հասկանում, թե ինչ ծանր հարված է դա Հայաստանի միջազգային հեղինակության համար, թե ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ Ղազախստանի հայ համայնքի համար, և այլն»։ Իյա, իրո՞ք։ Որևէ մեկն իսկապես հավատո՞ւմ է, որ Նիկոլ Փաշինյանին այդ հարցերը հետաքրքրում են։ Ու խնդիրը նույնիսկ այն չէ, որ այդ մարդը «իզմեր» չունի։ Եթե մեկը հայտարարում է, թե «ոչինչ մեր գերիները մի երկու ամիս էլ կդիմանան Բաքվի բանտերում», իսկ հետո իր ինֆանտիլ թիմակցի միջոցով ուղերձ է հղում, թե «մեզ համար այդ գերիները գոյություն չունեն», ինչո՞ւ պիտի մտածի Ղազախստանի հայ համայնքի մասին։ Շուշին դժբախտ-դժգույն համարողի վե՞ջն է՝ Ալմաթիում հայ համայնք կլինի, թե ոչ։ Ոչ էլ Հայաստանի միջազգային հեղինակությունն ու ժողովրդավարական իմիջն են նրա «պնգլին»։ Այդպես չլիներ՝ մի քանի համայնքապետերի խղճուկ պաշտոնների համար ամբողջ աշխարհի աչքի առաջ ժողովրդավարության մաման չէր լացացնի։

Նրան միայն իր իշխանությունն է հետաքրքրում, իսկ այդ իմաստով Ղազախստան հայ զինվորներ չուղարկելը կարող էր վտանգավոր լինել։ Բա որ Վլադիմիր Վլադիմիրովիչը զայրանա՞։ Իսկ եթե նա զայրացավ՝ կարող է մատով նշան անել, և Ալիևը հայ-ադրբեջանական սահմանի ևս մի քանի հատվածներում «խաղաղության դարաշրջան կհաստատի», հետո մյուս մատով նշան կանի, և Քոչարյանով-բանով կլցվեն Երևանի փողոցները՝ «երկիրը փրկելու»։ Ու այդ ժամանակ՝ ցտեսություն, կառավարական ամառանոց, բազմամիլիոնանոց վոյաժներ ու թագավորական կեցվածքով սելֆիներ, ողջույն, կոմունալ բոլոր հարմարություններով մենախուց, որտեղ անգամ կարգին քյալլա չեն մատուցում... 

Իսկ Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանի գործողություններում քաղաքական տրամաբանություն են փնտրում։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4219 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ