...

Արդեն երգում են

Արդեն երգում են

Ռուսաստանի Դաշնությունում ապրող հարուստ հայերը սկսել են խոսել։ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այսօր հայտարարել է, թե ՌԴ-ն չի պատերազմում Ուկրաինայի ժողովրդի դեմ, այլ նացիզմի ու բանդերիզմի։ Երեկ էլ ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանն է խոսել ռուս-ուկրաինական պատերազմի և դրա համատեքստում Հայաստանի անելիքների մասին։ Օրինակ՝ նա ասել է, որ մեր դեպքում երեք սցենար կարող է աշխատել։ Մի դեպքում՝ տրանզիտ, երկրորդ դեպքում՝ բուֆերային պետության մոդելով շարունակելը։ Երրորդ սցենարը, որի մասին Վարդանյանը հենց սկզբում է խոսել, ասել է թե՝ առաջին տեղով դիտարկել, հետևյալն է․ «Հայաստանը կներառվի պատժամիջոցների ցուցակում և կդառնա պատժամիջոցների համակարգի մաս։ Սա բավական լուրջ սպառնալիք է Հայաստանի և նրանց համար, ովքեր եկել են այստեղ»։

Հիմա Արա Աբրահամյանը, որ շատ խոսի, Ռուբեն Վարդանյանի մատնանշած երրորդ սցենարը չի ուշանա։ Չնայած՝ երկրորդ ու երրորդ սցենարներն էլ առանձնապես ոգևորիչ չեն։ Մի դեպքում տրանզիտ ենք դառնում։ «Այսինքն՝ դուք արագ եկաք, գնացիք, փող եկավ, գնաց։ Հավատացեք, այս ամենը վաղ թե ուշ այստեղ կանգ կառնի, այս ամենը արագ կփակեն երկու կողմից»,- այսպես է նկարագրել տրանզիտը Վարդանյանը։ Մյուս՝ «բուֆերային գոտու» ձևավորման գործում․․․․այ սա ամենաշքեղն է։ «Երրորդ՝ մենք միասին ջանքեր կգործադրենք այստեղ իրական բուֆերային գոտի, հաբ կառուցելու համար»,- նշել է Վարդանյանը և հավելել, որ խոսքը եզակի հնարավորության մասին է: «Մենք պետք ենք Ռուսաստանին, հավանաբար, Հայաստանը համաշխարհային տարածքում մնացած երկու երկրներից մեկն է, որոնք ոչ միայն կպահպանեն գալու և մնալու հնարավորությունը, այլև դեռ հետ վերադառնալու հնարավորությունը կպահպանվի։ Ռուսաստանի համար երկրորդը շատ կարևոր է, որպեսզի շատ խելացի, կրթված տղաները կարողանան ինչ-որ փուլում, երբ ամեն ինչ կայունանա, այլ որոշում կայացնեն, վերադառնան կամ մասամբ վերադառնան»,- նշել է ձեռնարկատերը։

Խառնվել են իրար։ Վտանգը իրենց տներին է մոտեցել երևի։ Կարճ ասած՝ արդեն երգում են։

Գոհար Վեզիրյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3493 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ